Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ ասելով՝ միլիարդներ են թալանել, դրա գնահատականը ո՞վ է տալու, ասում էին՝ Արցախը մեր, մեկի վարորդը դառնում էր 20 մլն դոլարի տեր». Խաչատուր Սուքիասյան

Հուլիս 11,2023 15:58

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն առաջարկել էր Փաշինյանին, որ երեք ամիս լռի եւ իրեն լիազորություն տա բանակցելու՝ խոստանալով, որ իրավիճակ կփոխվի:

Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց. «Վարդան Օսկանյանը նախ այն անձն էր, որը ժամանակին խորհուրդ է տվել, որ Ղարաբաղը կարող է դուրս գալ բանակցային կողմ լինելուց, առաջինը պետք է հասկանալ՝ դա որ արվեց, դրանից հետո Ղարաբաղը ի՞նչ աստիճանի վնասներ կրեց ու Ղարաբաղի ժողովուրդը, նոր հասկանանք ով ինչ է ասում: Նախ, հիմա շատ ժողովրդավար է ամեն ինչ, թափանցիկ ու մարդիկ չեն մոռանում, թե գործունեության ընթացքում ով ինչ սխալներ է արել: Եթե նման մարդը 10 տարի Հայաստանում չգտնվելով, անհայտ տեղերում…նախ պետք է մեր մարմինները հասկանան որտեղ է նա գտնվել, ինչով է զբաղվել, ով է նա վերջին 10 տարում եւ այդ ո՞նց եղավ,որ միանգամից ասում է…Բա ինքը 10 տարի ԱԳ նախարար է եղել, ո՞նց չի լուծել խնդիրը, հիմա գալիս է լուծի 3 ամսո՞ւմ, պետք է մի հատ իր գործունեությունը վերջին 30 տարվա լուրջ քննության ենթարկվի՝ ո՞վ է այդ անձը, որտեղի՞ց է եկել, ո՞ր երկրներում է ապրել»:

Փոխանցեցինք ընդդիմության հակափաստարկը՝ նախկինում, ինչքան էլ ասեք վատ է եղել դիվանագիտությունը, Արցախը պահել են՝ Սուքիասյանը պատասխանեց. «Բոլոր կրթություն ստացած մարդիկ կարողանում են այդ համեմատությունն անել եւ ունեն բաց տվյալներից օգտվելու հնարավորություն, եւ Հայաստանը ի՞նչ կարգի ճահիճի մեջ է եղել, պետք է ամբողջական նայենք՝ Հայաստանից արտագաղթելը, տարբեր ձեռքբերումներով Հայաստանը որ տեղում է եղել ցանկում: Արցախի անունն օգտագործելով՝ Արցախ, Արցախ ասելով, շեշտելով՝ միլիարդներ թալանել, սխալ քաղաքականություն տանել, սխալ կառավարում անել՝ դրա գնահատականը ո՞վ է տալու, նկատի ունեմ՝ երբ ասում էին՝ Արցախը մեր եւ էդ «Արցախը մերի» ժամանակ մեկի վարորդը դառնում էր 15 մլն դոլարի կամ 20 մլն դոլարի տեր: Ես պետք է հասկանամ՝ այդ վարորդը, որ 20 մլն դոլար սկսում էր վաստակել, այդ մարդու ղեկավարը, որ ինքը արցախցի էր, բա ինքը տեղյա՞կ էր, որ էդ 20 մլն-ը բանակից է գնում, մեր զինվորից է գնում, մեր առողջապահությունից, մեր կրթությունից»:

Հարցրեցինք՝ ասում եք, թե թալանել են, 5 տարի է՝ իշխանություն է ՔՊ-ն, ինչքա՞ն կարելի է ասել՝ թալան-թալան՝ նա պատասխանեց. «ՀՀ պետական բյուջե ինչքա՞ն գումար է գնացել, ինչի՞ եք այդպես ասում: Օրենսդրությամբ տնտեսական վնասի մասին երբ խոսք է գնում, այդ իրավունքը կա: Մարդիկ, ովքեր ապօրինի հարստացել են, տեսնում ենք, որ բավականին լավ գումար են վճարել ՀՀ պետբյուջե»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31