ԱԺ արտահերթ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավակարգավորումը բացառիկ դեպքերում կիրառել նաեւ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում։
«Ներկայացված է մի նախագիծ, որով պետք է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասով կիրառելի լինեն գործուն զղջալու մեխանիզմները։ Այս նախագծի առաջին արձանագրումն այն է, որ սա հստակ հակասում է քրեական արդարադատության հիմնարար սկզբունքներին։ Այս փոփոխությունը ոչնչացնում է քրեական արդարադատության մեջ կարեւոր համարվող արագացված վարույթի, համագործակցության վարույթի, համաձայնեցման վարույթի՝ օրենսգրքով ամրագրված մոտեցումները։ Սա ոչնչացնում է նաեւ խրախուսական այն նորմերը, որոնք քրեական օրենսգրքում ամրագրված են։ Այսինքն՝ ըստ էության մենք գործ ունենք մի նախաձեռնության հետ, որը քրեական արդարադատության ոլորտում աղավաղում է ամեն ինչ։ Սրա նպատակը բացարձակապես այն հիմնավորումը չէ, ինչ ներկայացվում է, թե իբր թեթեւացվում է նախաքննական մարմինների կամ դատարանների դերը»,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին։ Այս լիազորությամբ դատարանների ֆունկցիան փոխանցվում է միջդատական վարույթի մարմիններին՝ քննչական մարմիններին։ «Սա հակասում է տրամաբանությանը, հակասում է Սահմանադրությանը, միջազգային մի շարք պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնել է քրեական արդարադատության ոլորտում։ Ի վերջո, հիմա դիմում եմ քաղաքական մեծամասնությանը, սրա ներսում քաղաքական նպատակը երեւում է, հատկապես այն հատվածում, երբ խոսվում է այսպես կոչված դասալիքների չհիմնավորված թիվը հայտարարելը մաքրելու մոտեցումով։ Նաեւ մամուլում տարածված լուրջ հիմնավորումներ կան այն մասին, որ այս գրեթե բոլոր գործերը դատարաններում կամ կոտրվում ու փշրվում են, որովհետեւ բավարար ապացույցներ չկան, կամ չեն հասնում այնտեղ, որովհետեւ նախաքննական մարմինը չի կարողանում ապահովել։ Բայց ամենազավեշտալին այն է, որ նախագծի հեղինակը Քննչական կոմիտեն է, մի մարմին, որն իր համար օրենք է գրել։ Սա հակասում է նաեւ Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքին, քաղաքականություն մշակող մարմինն արդարադատության նախարարությունն է։ Հետևաբար` այս նախագիծը հակասում է քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին, սահմանադրական կարգավորումներին, եւ եթե անտեսվի այս ամենը, եւ նախագիծն ընդունվի, ապա սա բողոքարկվելու է նաեւ Սահմանադրական դատարանում»,- հավելեց Մինասյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ