Այսօր ՔՊ խմբակցությունը քվեարկությամբ զրկեց Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Լրագրողների հետ զրույցում հարցին՝ վրե՞ժ եք լուծում Թագուհի Թովմասյանից, որ լքել է «Իմ քայլը» պատերազմից հետո՝ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատասխանեց, որ դա ընդդիմության տեսակետն է, մինչդեռ Թովմասյանը խաթարել է ԱԺ խորհրդի նիստի աշխատանքները: Թե ինչպե՞ս է խաթարել, ասաց. «Չի մասնակցել, չի ապահովել խորհրդի նիստի ու հանձնաժողովի կապը: Հանձնաժողովի նախագահն ունի լուրջ լիազորություններ ու պարտականություն եւ դրա համար ինքը մեր հարկատուներից ստանում էական հավելյալ աշխատավարձ, քան շարքային պատգամավորները, ծառայողական մեքենա եւ այլ հնարավորություններ, պետք է օգտագործի այն հանգամանքը, որը նախատեսված է օրենքով»:
Այս պաշտոնը ընդդիմության քվոտան է, հարցին՝ ունե՞ք նախընտրելի թեկնածու ընդդիմությունից՝ Աղազարյանը պատասխանեց, որ ոչ:
Նա դժգոհեց, որ Թովմասյանը իրեն «ճիշտ» չի պահել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանի մասնակցությամբ հայտնի նիստի ժամանակ. «Նրա թեկնածությանը սատարող քաղաքական միավորումը հանրահավաք էր անում ու որոշում, որ պիտի կախեն՝ առանց դատ-դատաստանի: Թագուհի Թովմասյանը պիտի արձագանքեր, ինքը ոչ մի ռեակցիա չտվեց: Էդգար Ղազարյանը այդ նիստին վիրավորական արտահայտություն արեց հայ ժողովրդի մի մեծ հատվածի հասցեին՝ թուրք-ադրբեջանական հեղափոխություն ասելով: Թագուհի Թովմասյանը ոչ մի բան չարեց, կարող էր ընդմիջում հայտարարել»:
Կարդացեք նաև
Հարցին՝ որ դուք քաղաքացու կարտոֆիլը ցրիվ եք տալիս, քաղաքացուն վիրավորում եք, բա ձեր վարքի մասին ի՞նչ կասեք, որ իրավապահները վախենում են ձեր նկատմամբ գործ հարուցել, դա խուլիգանական վարք էր, խուլիգանության հոդվածով պետք է գործ հարուցվեր՝ Աղազարյանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի իմ վարքը: Տեսնո՞ւմ եք, Թագուհի Թովմասյանն այստեղ էլ է թերացել եւ չի պահպանել կարտոշկա ծախողի իրավունքները: Լավ չի պաշտպանել, պետք է կարգին պաշտպաներ: Գնացեք այդ փողոցը, տեսեք՝ ինչ է տեղի ունենում»:
Դիտարկմանը՝ դուք դրդեցիք, որ քաղաքացին լքեց երկիրը, այսինքն, բոլորին հայհոյենք, կարտոֆիլը ցրիվ տանք, համարենք, որ հա՞րց ենք լուծել, թե՝ փողոցը մաքուր է՝ նա պատասխանեց. «Ինքը փողոցը փակում էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ