Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ գործուն զղջալու իրավակարգավորումը բացառիկ դեպքերում կիրառելի չէ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում»․ Գրիգոր Մինասյան

Հուլիս 11,2023 15:21

ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը (լուսանկարում) ասաց, որ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը, որով նախատեսված է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավակարգավորումը, սահմանում է, որ եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է եւ նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործության պատճառած վնասը։

«Նախաքննական մարմինների առկա ծանրաբեռնվածության պայմաններում խիստ կարեւոր է նման իրավակարգավորումը, որն էապես նվազեցնում է ինչպես նախաքննական մարմինների, այնպես էլ դատարանների ծանրաբեռնվածությունը։ Նման պայմաններում հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ նման իրավակարգավորումները բացառիկ դեպքերում կիրառելի չեն ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում։ Դրանով իսկ պայմանավորված՝ նախագծով առաջարկում ենք գործուն զղջալու դեպքում չնախատեսել նման սահմանափակում։ Նախագծով գործուն զղջալու իրավակարգավորման կիրառումը կապվում է որոշակի հանգամանքների հետ, մասնավորապես, եթե առկա են մեղմացնող հանգամանքներ, անձը չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կաս այլ կերպ հարթել է հանցագործության պատճառած վնասը։ Նախագծով նաեւ սահմանված են այն հանգամանքները, որոնց պարագայում անձը չի կարող գործուն զղջալու հիմքով ազատվել պատասխանատվությունից։ Մասնավորապես, դրանք են` խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, մարդու թրաֆիկինգը կամ մարդու շահագործումը, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը, ահաբեկչությունը, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ լիազորություններ անցնելը, որը կատարվել է բռնության գործադրումով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, իշխանություն յուրացնելը, սահմանադրական կարգը տապալելը, խոշտանգումը, ինչպես նաեւ բոլոր այն հանցագործությունները, որոնց համար նախատեսված է ցմահ ազատազրկում»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ նախագծով սահմանվել է նաեւ, որ այս իրավակարգավորումը չի կարող սահմանվել, եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31