«Չհասցրեցի, անձրեւ էր, խցանում էր: Ես որ գայի՝ կմասնակցեի այնպես, ինչպես իմ գործընկերները: Ուրիշ բան պետք չի մտածել: Սա ամենադասական տարբերակն է: Քաղաքական համակարգ կա, խմբակցությունը որոշում է կայացնում, բոլորի համար դա պետք է լինի պարտադիր»,- ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսպես բացատրեց Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարցի քվեարկությանը չմասնակցելը:
Aravot.am-ի դիտարկմանը, որ պատգամավորը պետք է քվեարկի իր խղճի մտոք, ձեր խիղճն ի՞նչ է ասում՝ Սուքիասյանը պատասխանեց. «Դուք լավ գիտեք, որ ես ամբողջ պատմությունը լավ գիտեմ, ամեն ինչից տեղեկացված եմ: Իմ խիղճն ասում է, որ քաղաքական քննարկումների արդյունքում ինչ կա՝ դա է: Անձնականով չի նայվում, սա քաղաքական գործընթաց է: Ընդհանրապես մենք պետք է շատ ավելի շուտ անցնեինք քաղաքական գործընթացների»:
Հարցրեցինք՝ այսինքն, վերեւից ինչ հրահանգ գա, պատգամավորն առանց իր խղճի ու մտածելու պետք է քվեարկի՞՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Ասում եք՝ վերեւից հրահանգ: Այս հարցում վերեւից հրահանգ չի եղել, պատգամավորների քննարկման արդյունքում է որոշվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ