«Շատ ենք ցանկանում դեսպանի հետ հանդիպել և բացատրել այն իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք և պարզաբանումներ ստանալ ապագայի համար»,-ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առաջ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ զրույցում հայտարարեց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը։
Նշենք՝ տասնյակ արցախցիներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առաջ բողոքի ցույց իրականացրին։
Լևոն Հայրյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին հարցրեց․ «Ինչո՞ւ ԱՄՆ-ի կողմից հայտարարված ազատության աջակցման 907-րդ հոդվածը չի գործում մեր պարագայում։ Ինչո՞ւ է ամեն անգամ կառավարությունը շրջանցելով այն՝ Ադրբեջանին օգնություն տրամադրում։ Մենք հարցի լուծումը տեսնում ենք միայն ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման մեջ։ Մեծ հույսեր ենք կապում ԱՄՆ-ի հետ, քանի որ ԱՄՆ-ն ինքն իրեն հայտարարել է ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազգերի ինքնորոշման իրավունքի դրոշակակիր»։
Քիչ անց ԱՄՆ դեսպանատան մեկ այլ ներկայացուցիչ հանդիպեց արցախցիներին ու նշեց, որ պատրաստ են այս շաբաթվա մեջ՝ օրինակ, հինգշաբթի հանդիպել, լսել արցախցիներին։ Նաև ասաց, որ տեսախցիկների առաջ խոսել իրենց չի թույլատրվում։
Կարդացեք նաև
Այս զրույցից հետո «Վերադարձ դեպի դիզակ» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Քարամյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մինչ այս բազմաթիվ նամակներ ենք ուղարկել, հանդիպում էինք պահանջել, բայց մեզ չարձագանքեցին։ Դրա համար որոշեցինք ցույցով ուշադրություն գրավել»։
Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարություններին՝ Մարգարիտա Քարամյանը դրանք տարակուսելի համարեց ու նշեց․ «Եթե նման հայտարարություն աներ Ռուսաստանի դեսպանը, մեզ համար հասկանալի կլիներ, բայց ԱՄՆ-ն ջատագով է ազատության, ազգերի ինքնորոշման իրավունքի, մեզ համար զարմանալի էր նրա դեսպանի այդ հայտարարությունը։ Մենք ուզում էին պարզաբանումներ ստանալ։ Դեսպանը պարզաբանումներ տվեց իր հարցազրույցից հետո, միևնույն է, դա չի համապատասխանում այն սպասումներին, որոնք ունեինք ԱՄՆ դեսպանատնից, որի հետ մոտ երկուսուկես տարի համագործակցում ենք։ ԱՄՆ դեսպանը հայտարարել էր՝ մենք գտնում ենք, որ արցախցիները կարող են ապրել Ադրբեջանի տիրապետության տակ, և ուզում էինք հասկանալ՝ ո՞նց են իրենք դա պատկերացնում»։
Լրագրողները հիշեցրին, որ Արցախում երկու երեխաներ արդեն մահացել են, քանի որ մայրը ոտքով գնացել էր ուտելիք բերելու և փաստեցին՝ նրանք շրջափակված Արցախի առաջին զոհերն են ու հարցրին՝ արդյոք դրանում մեղավոր չե՞ն նաև միջազգային կառույցները, Մարգարիտա Քարամյանը պատասխանեց․ «Մենք չենք կարող ԱՄՆ դեսպանատանը նման մեղադրանք ներկայացնել։ Դրա համար առաջին հերթին պատասխանատու են Արցախի և ՀՀ-ի իշխանություններն իրենց վարած անփույթ քաղաքականությամբ։ Ոչ մի տեղից ոչ մի ձայն չի լսվում։ Մենք չենք կարող օտար երկրի դեսպանից պահանջել, որ մեր երեխաները այնտեղ սպանվել են։ Մենք այլ խնդիրներ ենք դնում, մենք դնում ենք խնդիրը, թե ոնց են իրենք պատկերացնում՝ Ադրբեջանը, որը չի ենթարկվում անգամ ՄԱԿ-ի դատարանի որոշումներին, ինչպե՞ս կարող է մեր իրավունքներն ու անվտանգությունը ապահովել։ Մենք խոսելու ենք արտաքին քաղաքականության մասին, չենք կարող ներքին խնդիրները դնել օտար դեսպանի առաջ։ Առաջին հերթին պետք է տեղից շարժվեն Արցախի ու Հայաստանի իշխանությունները։ Մենք չենք կարող ուրիշներից ինչ-որ բան պահանջել, եթե մենք ինքներս ոչինչ չենք անում այդ շրջափակումը վերացնելու համար»։
Հիշեցմանը՝ Ադրբեջանը չի ցանկանում բանակցել Արցախի հետ, Մարգարիտա Քարամյանն այսպես արձագանքեց․ «Ադրբեջանը չի գնում բանակցությունների, պարտադրում է, որ արցախցիները դառնան իր երկրի քաղաքացիներ։ Այդ պայմաններով ինչպե՞ս կարող են Արցախի իշխանությունները գնալ բանակցությունների։ Չեմ կարծում, որ ԱՄՆ դեսպանատանը կպնդեն, որ ազատատենչ արցախցիները պետք է ապրեն տոտալիտար Ադրբեջանի իշխանության տակ։ Ուղղակի մենք պետք է հասկանանք, թե ինչից է դեսպանի այդ հայտարարությունը եկել։ Մեր անգործությունն է բերում նրան, որ արտաքին աշխարհից մենք նման հայտարարություններ ենք լսում։ Ոչ մի օտար երկիր չի կարող արցախցիների իրավունքների մասին խոսել այնպես, ինչպես արցախցին ու Արցախի իշխանությունները։ Մինչդեռ ոչ Արցախի, ոչ ՀՀ-ի իշխանությունները չեն խոսում արցախցիների իրավունքներից։ Նույնիսկ շրջափակումը ներկայացնում են որպես հումանիտար խնդիր։ Երկու տարի ասում ենք՝ հումանիտար խնդիր չէ, սա քաղաքական խնդիր է։ Մինչև մենք ինքներս չպնդենք, որ մեր ինքնորոշման իրավունքն է դրված ամենի հիմքում, ոչ մեկը դա չի անի։ Ադրբեջանի համար շատ ավելի հեշտ է բանակցել ՀՀ-ի հետ, որովհետև եթե բանակցի Ստեփանակերտի հետ, ակամայից ճանաչում է Արցախի Հանրապետությունը՝ որպես պետական միավոր։ Սա Ադրբեջանի համար անընդունելի է, դրա համար ամեն ինչ անում է՝ ՀՀ-ի հետ բանակցի, որ ՀՀ-ի վրա ճնշումը մեծացնի»։
Արցախցիներն ասացին, որ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո կհասկանան իրենց դիրքորոշումը, որի հիման վրա իրենց հետագա քայլերը կպլանավորեն։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մարգարիտա Քարամյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից