ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ասաց, որ փաթեթի հիմնական նպատակն է խստացնել դրոշին ներկայացվող պահանջները եւ այնպես անել, որ դրոշի պահանջների խախտումները պատժելի լինեն բոլոր դեպքերում՝ անկախ նրանից, այն բարձրացված է պետակա՞ն շենքի վրա, թե՞ տեղադրված է մեկ այլ վայրում։
«Նման խախտումների նկատմամբ վերահսկողությունն առաջարկվում է վերապահել միայն ոստիկանությանը, որպեսզի վերջինս կարողանա տույժեր կիրառել՝ առանց վարչական դատարան դիմելու»,- ասաց նա։ Ըստ փոխնախարարի՝ օրենքի համաձայն՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված եւ մաքուր, ընդ որում, դրոշի ներքեւի մասը պետք է գտնվի գետնից 2․5 մետրից ոչ պակաս բարձրության վրա։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով վարչական պատասխանատվություն է սահմանվել դրոշին ներկայացվող պահանջների խախտման համար։ Մասնավորապես, տուգանքի նշանակում 30-50 հազար դրամի չափով։ «Այս գործերով վարչական իրավախախտումների քննությունը ներկայումս վերապահված է վարչական դատարանին՝ ոստիկանության հայցադիմումով։ Նշված կարգավորումները ներկայումս տարածվում են շենքերի վրա բարձրացված դրոշների վրա։ Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ այլ վայրերում տեղադրված դրոշներին կամ փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, ապա այս դեպքերում դրոշին ներկայացված պահանջների խախտումները չեն ընկնում վարչական պատասխանատվության տակ։ Նախագծով առաջարկվում է հստակեցնել դրոշին ներկայացվող պահանջները, մասնավորապես, դրոշի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված լինելու պահանջը սահմանել որպես ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից՝ դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե՞ տեղադրված է մեկ այլ վայրում»,- ասաց նա։
Արմենուհի Հարությունյանի խոսքով՝ հստակեցվում է դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը։ Այդ պահանջները խախտելու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք՝ 70-100 հազար դրամի չափով։ Վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահվում է ոստիկանությանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ