Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հուլիսի 4-ին մասնակցել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի (6-8-ը հուլիսի) շրջանակներում կայացած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնության կազմակերպած՝ «Միասին կարող ենք ավելին՝ Հանուն Արցախի» խորագրով բարեգործական համերգին: Տոմսերի վաճառքից առաջացած հասույթը կփոխանցվի ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությանը՝ լուրջ առողջական խնդիրներով արցախցի երեխաների բուժման ծախսերը հոգալու նպատակով։
Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համահեղինակներ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր նախագահ Արա Բաբլոյանին և նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ այս բարդ ու ծանր ժամանակահատվածում Արցախի կողքին կանգնելու և բարեգործական ծրագրեր իրականացնելու համար։
Հուլիսի 5-ին՝ Համագումարի պաշտոնական բացմանը, Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը ԱՀ նախագահի անունից պետական պարգևներ է հանձնել մի խումբ բժիշկների՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում Արցախի առողջապահական համակարգին ցուցաբերած աջակցության համար։
Հուլիսի 6-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում Արցախի արտգործնախարարն ընդունել է համագումարի մասնակիցներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը, առողջապահական համակարգում ստեղծված ծանրագույն վիճակը և նախանշվել այդ իրավիճակի մեղմմանն ուղղված քայլերը:
Կարդացեք նաև
ԱՀ ԱԳՆ