Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների նկատմամբ բռնությունների դեպքերին համարժեք վերաբերմունք ոստիկանական համակարգի կողմից առ այսօր առկա չէ. ՓՊ նախագահ

Հուլիս 11,2023 13:45

Փաստաբանների նկատմամբ բռնությունների դեպքերին համարժեք վերաբերմունք ոստիկանական համակարգի կողմից առ այսօր առկա չէ։ Այս մասին այսօր ՆԳՆ-ի դիմաց բողոքի ցույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

Փաստաբանները եռօրյա բողոքի ցույցով պահանջում են ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը, քանի որ նրանց խոսքով, փաստաբանների դեմ ոստիկանների կողմից բռնության դեպքերը նրա պաշտոնավարման ժամանակ են արձանագրվել:

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանն էլ նշեց, որ իրենց խնդիրը ոստիկանության ինստիտուտի դեմ չէ, այլ ոստիկանության համակարգում տեղ գտած բռնություններ իրականացրած անձանց դեմ, որոնք բռնություն են կիրառում այն քաղաքացու նկատմամբ, որի իրավունքներն իրենք պետք է պաշտպանեն:

«Ցավոք, թիրախում հայտնվեցին նաև մեր փաստաբանները: Մենք միջազգային հարթակներում միշտ նշել ենք, որ Հայաստանում փաստաբանության ինստիտուտը կայացած է, այն անկախ է և պաշտպանված, բայց վերջին երկու դեպքը, երբ փաստաբանները բռնության ենթարկվեցին, խախտեց մեր վիճակագրությունը: Մեր խնդիրն այն չէ, որ մի պաշտոնատար անձ հրաժարական տա, մեր խնդիրն է, որ բոլորի մոտ ամրագրվի, որ փաստաբանին չի կարելի դիպչել»,- ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով, ոստիկանության պետի՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջին միացել է 502 փաստաբան՝ նրան համարելով փաստաբանության թշնամին. «Մենք այդ ծայրահեղ քայլին գնացինք, որպեսզի պաշտոնատար անձիք հիշեն, որ կարող է մեր ինստիտուտը որևէ մեկին ճանաչի թշնամի։ Պատկերացրեք՝ այդ մարդու վրա այդ խարանը միշտ մնալու է»,- հավելեց Զոհրաբյանը։

Փաստաբան Գոռ Գևորգյանի խոսքով, նախորդ անգամ իրենց մեկօրյա գործադուլը նախազգուշական էր։ «Մենք երկնքից աստղեր չէինք ուզում իջեցնել, այլ ուզում էինք պետական մարմինների կողմից իրավական վարքագծի դրսևորում տեսնեինք»,- նշեց նա։

«ԱԱԾ քննչական դեպարտամենտը կասեցրել է փաստաբանի նկատմամբ բռնության ենթարկած ոստիկանների պաշտոնավարումը, սակայն ոստիկանության պետն անդրդվելի է՝ նա չձեռնարկեց ծառայողական քննություն, չեղավ ոստիկանների պաշտոնավարման կասեցում։ Անգործությունը փաստաբանները որակում են որպես ոստիկանների գործողությունների խրախուսում։ Մինչև վերջ ոստիկանության պետը մնաց անդրդվելի ու խրախուսեց ոստիկանների գործողությունները, երբ չկա համահունչ արձագանք, ապա դա որակվում է որպես խրախուսում։ Դրա համար մեր ուշադրությունը սևեռվեց այն ուղղությամբ, որը խրախուսում է փաստաբանի նկատմամբ բռնությունը»:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ՝ փաստաբաններն ինքնակազմակերպման սկզբունքով կազմակերպել էին իրազեկման հանրային գործողություններ։ Նրանք Փաստաբանների պալատի մոտից ցույցի էին դուրս եկել պաստառներով, որոնց վրա հայերեն և անգլերեն գրված էր. «ԵՄ–ի փողերը ծախսվում են փաստաբանների դեմ բռնությամբ նպատակով»։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31