Լրահոս
Օրվա լրահոսը

«Թագուհի Թովմասյանը ԱԺ խորհրդի 46 նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին»․ Հովիկ Աղազարյանը ներկայացրեց հիմնավորումներ

Հուլիս 11,2023 13:37

ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը։ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հարցը քննարկման ժամանակ լքեցին նիստերի դահլիճը։

Հիմնական զեկուցող՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ ՔՊ խմբակցությունն իր նիստում որոշում է կայացրել հանդես գալ այս նախաձեռնությամբ։ Նա ներկայացրեց հիմնավորումը, նշեց, որ Թագուհի Թովմասյանը 8-րդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում ԱԺ խորհրդի 46 նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այսպիսով չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները։ «Խորհրդի նիստերին չմասնակցելը հանգեցրել է այն բանին, որ հանձնաժողովն ԱԺ խորհրդի 46 նիստերից 38-ին չի ունեցել ներկայացուցիչ՝ այսպիսով զրկված լինելով ԱԺ լիագումար նիստերի օրակարգի ձեւավորումից եւ որոշումների կայացումից։ Սա վատթարացնող ազդեցություն է ունեցել հանձնաժողովի ընդհանուր գործունեության վրա»,- ասաց Աղազարյանը։ Նա նշեց նաեւ, որ Թագուհի Թովմասյանը, չկատարելով օրենքով սահմանված իր պարտականությունները, հետեւողականորեն չմասնակցելով ԱԺ խորհրդի նիստերին, խոչընդոտել է հանձնաժողովի լիարժեք եւ բնականոն գործունեությանը։

«Թագուհի Թովմասյանը տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստերի ընթացքում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման եւ ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը։ Տարբեր դրվագներում Թագուհի Թովմասյանը չի պաշտպանել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք անօտարելի արժանապատվությունն այն ոտնահարող, նվաստացնող եւ վիրավորանք պարունակող հայտարարություններից,- ասաց Աղազարյանը։ Ըստ նրա՝ Ազգային ժողովը նպատակ ունի հետագայում ընտրելու հանձնաժողովի նախագահի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի, միաժամանակ կմասնակցի խորհրդի նիստերին։

Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը որոշվեց փակ գաղտնի քվեարկությամբ։62 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ Թագուհի Թովմասյանը զրկվեց հանձնաժողովի նախագահի լիազորություններից

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31