ԱԺ արտահերթ նստաշրջանում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը դիմեց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին․ «Արդյոք հավելյալ ջրառի կարիքը ծագել է օբյեկտիվ հանգամանքների բերումով։ Ինձ մոտ կա տպավորություն, որ մենք գիտենք, որ Սեւանը կա ու մտածում ենք՝ դե, ինչ էլ լինի, հեչ որ չլինի, Սեւանը կա, Սեւանից ջուր կվերցնենք։ Այս մոտեցումը վերացնելու համար էր, որ մենք վերոնշյալ օրենքն ընդունեցինք, որպեսզի ավելի արդյունավետ հավաքենք ջուրը։ Բան չունեմ ասելու, դժվար պրոցես է, հիմա էլ ջրամբարներ են կառուցվում։ Բայց ես խնդրում եմ, հետագայի համար այնպես կառուցենք, այնպես պլանավորենք մեր ջրօգտագործումը, որ սրա կարիքը չլինի»։
Արման Եղոյանը հարցադրում արեց․ «Հիմա մի շարք ջրամբարներ են կառուցվում, այդ ջրամբարների կառուցումից հետո կգա՞ այն ժամանակը, որ մենք հստակ ասենք՝ Սեւանից կունենանք տարեկան այսքան ջրառի կարիք կամ ընդհանրապես կարիք չենք ունենա»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ