Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սեւանի հաշվեկշիռը բացասական է, օրենքը կտրուկ արգելում է ջրառի ավելացումը»․ Արծվիկ Մինասյան

Հուլիս 11,2023 12:41

ԱԺ արտահերթ նստաշրջանում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմեց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին։ «Դուք հպարտորեն հայտարարում էիք, որ այսուհետ Սեւանում արգելվելու է ջրի բացթողումը, եթե 170 մլն խմ-ն պետք է գերազանցվի, եւ եթե Սեւանի հաշվեկշիռը բացասական է։ Պարոն Տերտերյան, թե հունիսի 29-ին, երբ կառավարությունն ընդունում էր այդ որոշումը, թե այսօր Սեւանի հաշվեկշիռը բացասական է։ Երեկվա դրությամբ 1900․56 մետր է։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մինուս 15 սմ է, բացասական է։ Օրենքը կտրուկ է արգելում նման նախագիծ բերելը»,- ասաց Մինասյանը։

Վաչե Տերտերյանն ասաց․ «Օրենքի ձեր մեկնաբանությունը ես այլ կերպ կներկայացնեմ։ Մեր բոլոր իրավաբանական կառույցները նման հակասություն չեն նկատել։ Եթե խոսքը վերաբերում է նրան, թե օրենքով կարգավորումներն ինչպիսին են, ապա անպայման կնայենք եւ ենթադրում եմ՝ առաջինից երկրորդ ընթերցում այդ պատասխանները կտանք։ Մինուս 15-ը դուք ճիշտ ասացիք, 2023 թվականին, համեմատած 2022 թվականի հետ մինուս 15 սմ է, բայց մայիսի 14-ից մինչեւ այսօր պլյուս 13 է»։

Արծվիկ Մինասյանն արձագանքեց․ «Պարոն Տերտերյան, հարգելի գործընկերներ, ես կարդում եմ ձեր իսկ ընդունած օրենքը։ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ սահմանել մինչեւ 170 մլն խմ՝ բացառելով սույն չափաքանակից ավելի ջրառի իրականացումը Սեւանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում։ Նախադասությունն ավարտվում է։ Այսինքն՝ նման նախագիծ չէր կարող ի սկզբանե ծնվել, եթե բացասական է, բացասական է, մայիսից հունիսը միջանկյալ տվյալներ են, բացասական հաշվեկշիռը հաշվարկվում է տարվա տվյալ ժամանակահատվածի համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ոչ թե եռամսյակային կտրվածքով»։

Իր ելույթում Արծվիկ Մինասյանն ասաց, որ մինչեւ 2019 թվականի կարգավորումներով հնարավորություն կար բացասական հաշվեկշռի դեպքում որոշակի դեպքերում իրականացնել լրացուցիչ ջրառ։ «Քաղաքական մեծամասնության՝ ձեր իսկ իշխանության կողմից 2019 թվականին կատարվեց փոփոխություն, որի վերաբերյալ հպարտորեն հայտարարություններ էիք անում եւ ասում էիք, որ այսուհետ Սեւանա լճից ջրի բացթողումը բացառվելու է, եթե բալանսը բացասական է։ Հիմա դուք ինքներդ, խախտելով ձեր իսկ կողմից ընդունված կանոնը, բերել եք այստեղ եւ հայտարարում եք այլ բան»,- ասաց նա։ Մինասյանը նշեց, որ այս նախագիծն անգամ քվեարկության չի կարող դրվել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31