Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման այս գործընթացն ամբողջապես քաղաքական է և միտված է ճնշումներ գործադրել ընդդիմության վրա. «Պատիվ ունեմ»

Հուլիս 11,2023 11:58

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման ապօրինի գործընթացի վերաբերյալ

Ս.թ. հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ԱԺ մեծամասնություն կազմող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված նախագիծն իշխող քաղաքական ուժի օրինախախտ գործելաոճի հերթական օրինակներից մեկն է։

ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը արձանագրում է.

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ներկայացված նախագծի բոլոր հիմնավորումներն ամբողջությամբ հիմնազուրկ են և անօրինական։ Արձանագրում ենք, որ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքով չկա որևէ իմպերատիվ պահանջ առ այն, որ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահները պետք է պարտադիր մասնակցություն ունենան ԱԺ խորհրդի նիստերին։ Հետևաբար, այն ձևակերպումը, թե Թագուհի Թովմասյանը հետևողականորեն չի մասնակցել ԱԺ խորհրդի նիստերին և այդպիսով չի կատարել հանձնաժողովի նախագահի իր պարտականություններն ու խաթարել ՄԻՊ հանձնաժողովի բնականոն գործունեությունը, պարզապես հիմնազուրկ է։

Անդրադառնալով նախագծում բերված երկրորդ հիմնավորմանը՝ համաձայն որի հանձնաժողովի ՀՀ ՄԻՊ թեկնածուների ընտրության նիստի ընթացքում Թագուհի Թովմասյանը ՀՀ քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք ու իր անգործությամբ նպաստել դրանց կրկնությանը, բացարձակ զրպարտություն է։ Իշխող քաղաքական ուժի կողմից բերված այն փաստարկը, թե Թագուհի Թովմասյանի կողմից տվյալ նիստի ժամանակ դրսևորած «անգործությունը» հասանելի է հրապարակային բաց աղբյուրներում առկա տեսանյութերում աբսուրդի ժանրից է, քանի որ այդ տեսանյութերը, ընդհակառակը, ապացույցն են այն բանի, որ Թագուհի Թովմասյանը ՀՀ ՄԻՊ թեկնածուի ընտրության հանձնաժողովի նիստը վարել է պրոֆեսիոնալ, առանց էմոցիաների, իր հնարավորության և լիազորությունների շրջանակներում փորձել է կառավարել բոլոր այն սադրանքներն ու խուլիգանական վարքագիծը, որոնք իրականացվել են ինչպես հանձնաժողովի անդամ հանդիսացող, այնպես էլ նիստին պարզապես ներկա գտնվող ՔՊ-ական պատգամավորների կողմից, և այդ մթնոլորտում նիստը հասցրել է տրամաբանական ավարտին՝ անցկացնելով համապատասխան քվեարկությունը:

Թագուհի Թովմասյանը՝ հանձնաժողովի նախագահ ընտրվելու պահից ի վեր ամենայն պատասխանատվությամբ ու զբաղեցրած պաշտոնին համապատասխան պրոֆեսիոնալիզմով կատարել է իր վրա դրված պարտականությունները՝ իր լիազորությունների շրջանակներում լինելով ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքների պաշտպանը։ Այն երեք ամիսների ընթացքում, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստիքը թափուր էր, և իշխող քաղաքական ուժը չէր կարողանում նոր թեկնածու առաջադրել, Թագուհի Թովմասյանը բազմաթիվ դրվագներով ծառայել է որպես Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանք և որպես խորհրդարանական օմբուդսմեն։

Լինելով պառլամենտական երկրի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ խորհրդարանական խողովակներով միջազգային գործընկերների հետ հանդիպումներին և նամակագրություններում Թագուհի Թովմասյանը մշտապես անդրադարձել է Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի ինքնորոշման և ստեղծված անվտանգային խնդիրներին՝ կարևորելով միջազգային հանրության կողմից հասցեական և շուտափույթ գործողությունների իրականացումը։

Ելնելով վերոշարադրվածից՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է.

Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման այս գործընթացն ամբողջապես քաղաքական է և միտված է ճնշումներ գործադրել ընդդիմության վրա։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը բոյկոտելու է ս.թ. հուլիսի 11-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստը` հաշվի առնելով նաև այն փաստը, որ այս ապօրինի գործընթացի ընթացքում Թագուհի Թովմասյանը զրկված է լսված լինելու իր իրավունքի իրացման հնարավորությունից։

Այս ապօրինի որոշման ընդունման դեպքում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ըստ Դոնթի բանաձևի ընդդիմությանը բաժին հասած քվոտայով, չի առաջադրելու ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31