Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն առաջարկում է Սեւան լճից ոռոգման նպատակով ջրառը սահմանել 240 մլն խմ․ նախագիծը քննարկվում է ԱԺ արտահերթ նստաշրջանում

Հուլիս 11,2023 11:49

ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է Սեւանա լճից 170 մլն խմ ջրառի չափաքանակն ավելացնել մինչեւ 240 մլն խմ՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, ջրավազանների ու ջրամբարների լցվածությամբ եւ գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով։

«Մենք պարբերաբար իրավիճակի մասին հրապարակային եւ հանրային հաղորդումներ ենք տվել։ Մենք հիմա այս որոշումը ժամանակին առումով ընդունում ենք երկու հանգամանքներով պայմանավորված։ Մեկը, որ չենք շտապել մայիս ամսին կամ ավելի շուտ, որովհետեւ դեռ այն ժամանակ արդեն երեւում էր, որ մենք պրոբլեմ ենք ունենալու։ Մենք ելել ենք այն հանգամանքից, որ ինչքան ավելի մոտ լինենք այդ 170 մլն-ի ավարտին, այնքան մեր որոշումները հիմնավորված կլինեն։ Եվ, որպես կանոն, մեր գնահատականով այս լրացուցիչ ջրառի խնդրին հնարավոր է, որ անդրադառնալու կարիք լինի օգոստոս ամսին, ինչով պայմանավորված մենք Ազգային ժողովին խնդրել ենք այս նստաշրջանում այս օրենքի նախագիծը քննարկել։ Ակնկալում ենք, որ կլինի դրական արձագանք, որպեսզի անհրաժեշտության դեպքում մենք կարողանանք ոռոգման սեզոնը փափուկ ու առանց ընդհատումների անցկացնել»,- ասաց նա։

Վաչե Տերտերյանը հավելեց, որ Սեւանա լճից լրացուցիչ ջրառ իրականացվել է նաեւ 2008, 2012, 2014 , 2017, 2018 եւ 2021 թվականներին։ «2022 թվականին մենք լրացուցիչ ջրառ չենք իրականացրել եւ տեղավորվել ենք 165․1 մլն խմ թույլատրելի շրջանակներում»,- ասաց նա։

Ըստ փոխնախարարի՝ 2019 թվականի հուլիսի 10-ի դրությամբ Հրազդան գետի ջրթողությունը եղել է 12․6 խմ, 2020 թվականին՝ 7․6 խմ, 2021 թվականին՝ 4․9 խմ, 2022 թվականին՝ 10 խմ եւ 2023 թվականին՝ 6․6 խմ։

Վաչե Տերտերյանը նաեւ ասաց, որ այս տարի Սեւանա լճից ջրառն իրականացվում է մայիսի 14-ից։ «Մինչեւ այսօր Սեւանից վերցրել ենք 82․3 մլն խմ ջուր, Արփա-Սեւան թունելի համակարգով դեպի Սեւան տեղափոխվել է 81․38 մլն խմ ջուր։ Մենք ունենք ջրի լուրջ դեֆիցիտ»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31