Մենք ապրում ենք մի հասարակության մեջ ու մեր հասարակության այնպիսի հոգեվիճակում, որ գործնականում հնարավոր է, որ ամենից անմեղ դիտողությունը, երթևեկի մեջ մի ազդանշանը, մի հայացքը 5 րոպե անց վերածվի տուրուդմփոցի: Առնվազն: Թարս նայելու համար կարող է մեկը մյուսի աչք հանել, եթե փորը չթափի: Ավտոբուսում ոտքը տրորելու համար: Բարձր երաժշտության համար դիտողության պատճառով: Մեքենաների բախվելու պատճառով, ու այն դեպքում, երբ վթարից ուղղակիորեն ոչ ոք չէր տուժել:
Այսինքն, ի՞նչ է ստացվում: «Թարս նայելու» համար կտան ու աչք կհանեն, բայց երկիրը «թարսելու» համար… ոչինչ: Ոչ մի բան: Ոչ մի հույզ: Չնայած, վստահ ենք, որ դա զուտ մակերեսային ու խաբուսիկ տպավորություն է: Թեկուզ այն պարզ պատճառով, որ, դե, չի կարող, էլի, սեփական երկիրն ու ժողովրդին պատուհասած աղետը միևնույն լինել այդ նույն երկրում ապրող այդ նույն ժողովրդի ներկայացուցիչների համար: Չնայած այստեղ շերտ-շերտ նրբերանգներ կան: Մյուս կողմից՝ չի կարելի անտեսել այն տարբերակը, որ երբ ուղղակիորեն իրենց անձնական տիրույթում է ինչ-որ անդուր բան կատարվում, այդ ժամանակ էլ հետևում է համապատասխան ռեակցիա, ընդհուպ՝ ագրեսիա: Իսկ այն, ինչ կատարվում է երկրի հետ, այն կործանումային ընթացքը, որը վարում են օրվա իշխանությունները, անմիջականորեն այս կամ այն քաղաքացին ուղղակիորեն իր մաշկի վրա չի զգում, ասենք, նույն Երևանում կամ մեկ այլ մարզում:
Չենք կարող ասել՝ Սիսիանում, որովհետև ներկա իշխանության նվաճումներից մեկն այն է, որ Սիսիանի անմիջական մերձակայքում թշնամին բնավորված է և ցանկացած պահի կարող է կրակ բացել: Եվ ամեն պարագայում. դա այնքան էլ տպավորիչ բացատրություն չէ, քանզի ստացվում է, որ շատերի համար կարևոր չէ, թե երկրում որտեղ ինչ կլինի, ում ինչ կլինի, կարևորը՝ իրենց ավտոյին կպնող չլինի, իրենց թարս նայող չլինի, իրենց հավին քշա ասող չլինի: Իսկ այն, որ երկիրը, այդ նույն ավտոյով, հավով, նաև իրենով հանդերձ տանում են ակնհայտ կործանման, դա… ոչինչ: Չգիտենք: Ամեն դեպքում, ամեն ինչ այդքան միանշանակ չէ, որքան կարող է թվալ: Այս ամենի հետ կապված մյուս խնդիրն արդեն հասարակության ներսում քլթքլթացող չարությունն է, ագրեսիան, անբավարարվածությունը՝ կյանքից, իշխանություններից, իրավիճակից:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։