Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դատավորներն ամենաշատն են դիմում ՄԻԵԴ

Հուլիս 11,2023 11:00

Հունիսի 21-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի գործով ՄԻԵԴ էր դիմել նրա ներկայացուցիչը՝ Զորայր Հարությունյանը: Դիմումը միջանկյալ միջոց կիրառելու մասին էր, ԲԴԽ-ում՝ Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական վարույթի շրջանակներում խախտումների՝ դռնփակ ընթացակարգով քննելու որոշման, արդար դատաքննության իրավունքի խախտումների վերաբերյալ:

ՄԻԵԴ-ում 2018-ից հետո այս իշխանությունների օրոք դիմած հայ դատավորներից առաջինը եղան ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը (այն ժամանակ ՍԴ նախագահ), Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները դադարեցվեցին 2020 թվականի հունիսի 26-ից: Նրանց լիազորությունները դադարեցվել էին պայմանավորված սահմանադրական փոփոխությունների եւ նրանց պաշտոնավարման 12 տարին լրանալու հետ: Այդ ժամանակ էլ ՄԻԵԴ-ից ՍԴ դատավորները պահանջում էին միջանկյալ միջոց կիրառել, այն է՝ սառեցնել սահմանադրական փոփոխությունները, մինչեւ իրենց խախտված իրավունքների վերաբերյալ դիմումի քննության ավարտը…

ՄԻԵԴ-ում այս պահին առկա է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանի, սնանկության դատարանի դատավորներ Սամվել Թադեւոսյանի, Արտակ Բարսեղյանի, դատավորներ Սիմա Իսկանդարյանի, Նաիրա Մխիթարյանի, Աննա Փիլոսյանի, Սուրեն Անտոնյանի, Զարուհի Նախշքարյանի գանգատները: Հիեցնեմ, որ սա Զարուհի Նախշքարյանի թվով երկրորդ գանգատն է:

Անշուշտ, այս խմբում տարբերվում է Դավիթ Հարությունյանի նկատմամբ կատարվածը, ում նկատմամբ կարգավապահական վարույթ էր հարուցվել, ապա դադարեցվել էին նրա լիազորությունները լրատվամիջոցներին դատավորների ընդհանուր ժողովից հետո՝ ապրիլի յոթին տրված հարցազրույցի պատճառով, մասնավորապես, դատավորն արտահայտել էր իր կարծիքը, քննադատել Բարձրագույն դատական խորհրդի գործելաոճը: Նրա գործը փոքր-ինչ աղերսներ ունի Զարուհի Նախշքարյանի գործի հետ, քանի որ վերջինս էլ հրապարակայնորեն իր պաշտպանությունն էր հայտնել գործընկերոջ՝ դատավոր Աննա Փիլոսյանին, կասկածի տակ առնելով ԲԴԽ որոշումը (Փիլոսյանի լիազորությունները դադարեցվեցին ԲԴԽ անցած տարվա դեկտեմբերի 26-ի որոշմամբ):

Քսան դատավորների պաշտոնավարման դադարեցման դեմ հանդես եկավ ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը:

Ըստ նրա, ընտրողական եւ կամայական կարգապահական վարույթներ են հարուցվել հեղինակություն վայելող դատավորների նկատմամբ, դադարեցվել նրանց լիազորությունները. «Մասնավորապես, ապրիլին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթներ են հարուցվել դատավորներ Ա. Խառատյանի, Տ. Պետրոսյանի, Ա. Բարսեղյանի եւ Ս. Թադեւոսյանի նկատմամբ ՄԻԵԴ որոշումների արդյունքում ենթադրյալ խախտումների հիմքով, այն պայմաններում, երբ նշված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ եղել է Կարեն Անդրեասյանի կողմից «Եվրոպայի իմաստություն» որակված Վենետիկի հանձնաժողովի՝ իր իսկ կողմից հայցած, սակայն խիստ բացասական արձագանքի արժանացած կարծիքը՝ պետությանը՝ ՄԻԵԴ վճիռների տեսքով մարտահրավերների առջեւ կանգնեցնելու անխուսափելի վտանգի մասին (տես` Opinion No 1074/2021 CDL-AD(2022)002): Կարեն Անդրեասյանը եւ մյուսները չխորշելով պետությանը մարտահրավերների առջեւ կանգնեցնելու վտանգից՝ դատավորներին, որոնց նկատմամբ հարուցվել են վարույթները եւ դադարեցրել լիազորությունները, ընտրել են կամայական եղանակով՝ չպահպանելով որեւէ օրինաչափություն, այդպիսով եւս հաստատվել է խտրական վերաբերմունքը նշված դատավորների նկատմամբ»:

Հուլիսի 3-ին, այնուամենայիվ, դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին, իսկ ես հիշեցի ՄԻԵԴ որոշումներից, «պաշտոնատար անձանց քննադատությունը» խորագրի ներքո հրապարակված «Ժյուլի եւ Սառլ Լիբերասիոնն ընդդեմ Ֆրանսիայի» գործով կայացրած ՄԻԵԴ որոշման մասին: Դիմողները՝ պաշտոնատար անձինք դատապարտվել են մամուլի ասուլիսի ժամանակ արդարադատության նախարարին ուղղված դիմումի հրապարակման համար, նախաքննության հսկողության խութերի հրապարակայնացման պատճառով: Ըստ դատարանի, դատավորների պատվին, արժանապատվությանն են դիմողները վնաս հասցրել, իբր նրանք անանուն վկայի հարցաքննության ժամանակ կողմնակալություն են դրսեւորել: Գործում ներգրավված անձինք պաշտոնատար անձինք էին: ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ կողմերը պետք է հավասար պայմաններում գտնվեին. «Ինչպես այս գործով դատավորները, այնպես էլ պաշտոնատար անձինք: Ընդհանրապես իրենց գործունեության հետ կապված, քննադատության սահմաններն ավելի լայն են, քան սովորական անհատներինը»… հրապարակելով որոշակի կարծիք, նրանք չեն դիմել «սադրիչ» կամ «չափազանցված» միջոցների, ինչը թույլատրվում է ժողովրդավարական հասարակության մեջ…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Այս տարի առաջին անգամ ՄԻԵԴ վճիռների հիման վրա դադարեցվեց մինչեւ 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ վճիռներով բացահայտված խախտումների հիման վրա դատավորի լիազորությունը: Առաջին դատավորը, որն ընկավ ՄԻԵԴ որոշման տակ, տասը եւ ավելի տարիներ Վճռաբեկ դատարանի դատավորն էր՝ Սուրեն Անտոնյանը՝ «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով: Հունվարի 26-ին ԲԴԽ-ն դադարեցրեց նրա լիազորությունները: Ըստ այդ որոշման, Վճռաբեկ դատարանն իրավունք չուներ առաջին անգամ մերժված բողոքը երկրորդ անգամ վարույթ ընդունել:

«Առավոտ» օրաթերթ
11.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31