Լյարդային հյուսվածքների բորբոքումն ընդհանուր առմամբ հեպատիտ է կոչվում, որի զարգացման պատճառները կարող են լինել վիրուսները, թմրանյութերն ու ալկոհոլը։ Վիրուսային հեպատիտի մի քանի տեսակներ կան, և սույն հոդվածում մենք դիտարկում ենք դրանց տարբերություններն ու նմանությունները։
Ինչո՞վ են տարբերվում հեպատիտ А, В, С, D և Е վիրուսները
Հեպատիտ А
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի տվյալներով, հեպատիտ A-ն լյարդի վիրուսային հիվանդություն է, որն առաջացնում է լյարդի բորբոքում: Հարուցիչը՝ հեպատիտ А-ն, շատ վարակիչ վիրուս է, որի կանխարգելման համար մշակված պատվաստանյութ կա։
Հեպատիտ А-ն փոխանցվում է աղտոտված սննդի ու ջրի միջոցով, ինչպես նաև վարակված մարդու հետ սերտ շփման արդյունքում։
Կարդացեք նաև
Հեպատիտ А-ի ախտանշանները կարող են տևել մինչև 2 ամիս՝ դրսևորվելով
- Հոգնածության,
- սրտխառնոցի,
- փորացավի,
- դեղնության տեսքով։
Հեպատիտ A-ն հատուկ բուժում չունի, չի հարուցում լյարդի երկարաժամկետ բարդություններ և չի դառնում քրոնիկական խնդիր, ի տարբերություն В և С հեպատիտների։ Ըստ անհրաժեշտության, իրականացվում է սիմպտոմատիկ բուժում ախտանշանների թեթևացման համար։ Հեպատիտ A-ով վարակվելուց հետո մարդու իմունային համակարգը սկսում է արտադրել հակամարմիններ, որոնք ապահովում են հետագա պաշտպանությունը վիրուսից։
Վարակի կանխարգելման արդյունավետ միջոցներից մեկը ձեռքերը մանրակրկիտ լվանալն է սնունդ պատրաստելիս, սնվելուց առաջ, հասարակական միջավայրում գտնվելուց հետո։
Հեպատիտ B
Հիվանդության հարուցիչը հեպատիտ B վիրուսն է, որը փոխանցվում է արյան, արյուն պարունակող մարմնի հեղուկների միջոցով կամ սեռական ճանապարհով, ինչպես նաև կարող է փոխանցվել մորից երեխային։ Այն չի փոխանցվում սննդի, ջրի կամ կենցաղային շփման միջոցով։ Ինչպես և հեպատիտ A-ի դեպքում, հեպատիտ В-ն կարելի է կանխարգելել պատվաստման միջոցով։
Հեպատիտ B-ի ախտանշանները ներառում են՝
- Հոգնածություն,
- սրտխառնոց,
- փսխում,
- բարձր ջերմություն,
- որովայնի ցավ,
- մաշկի դեղնություն,
- հոդացավ,
- մեզի մուգ գույն,
- բաց գույնի կղանք։
Եթե մարդիկ վարակվում են հեպատիտ B-ով մանկական հասակում, ապա մեծ է հավանականությունը, որ վարակը քրոնիկականի կվերաճի։ Քրոնիկ ինֆեկցիա ունեցող ոչ բոլոր մարդիկ են անմիջապես բուժման կարիք ունենում, սակայն անհրաժեշտ է կանոնավոր կերպով ստուգվել՝ օրգանիզմի վիճակը վերահսկելու համար։
Հեպատիտ С
Ի տարբերություն A և B հեպատիտների, հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ չկա և այն քրոնիկական հիվանդության վերածվելու մեծ հավանականություն ունի։ Ինֆեկցիայի հարուցիչը հեպատիտ C վիրուսն է, որը փոխանցվում է արյան և կենսաբանական այլ հեղուկների միջոցով, ինչպես նաև մորից երեխային։ Չբուժելու դեպքում հեպատիտ C-ն առաջացնում է լյարդի լրջագույն վնասվածքներ։
Սուր հեպատիտ C-ի ախտանշանները հաճախ չեն հանդիպում, բայց կարող է լինել՝
- Ախորժակի կորուստ,
- մաշկի և աչքերի դեղնություն,
- փսխում,
- որովայնի ցավ,
- բարձր ջերմություն
- մեզ մուգ գույն,
- բաց գույնի կղանք,
- հոգնածություն,
- հոդացավ։
Քրոնիկ հեպատիտ C-ն ուղեկցվում է քրոնիկ հոգնածությամբ, դեպրեսիայով, առաջացնելով նաև այսպիսի խնդիրներ՝
- Հյուսվածքներում, որովայնում հեղուկի կուտակումներ
- Քոր մարմնի որևէ հատվածում կամ ամբողջ մարմնում,
- Քաշի կորուստ,
- Արյունահոսություն կամ կապտուկներ և այլն։
Հեպատիտ С-ի վերահսկումն իրականացվում է ինտերֆերոնի, հակավիրուսային դեղամիջոցների միջոցով։
Հեպատիտ D
Միայն հեպատիտ B տարած մարդիկ են կարող վարակվել հեպատիտ D-ով։ Ահա թե ինչու է այն հայտնի որպես «արբանյակային վիրուս», որն իր ախտանշաններով նույնպես նման է հեպատիտ B-ին։ Փոխանցվում է արյան և նրա ածանցյալների միջոցով։
«Այն արագ զարգացող հիվանդություն է», – մեկնաբանել է Հեպատիտ B- ֆոնդի բժշկական տնօրեն Ռոբերտ Գիշը։ Նա նշել է, որ հենց այդ պատճառով էլ հեպատիտ B ունեցող պացիենտների մոտ պետք է ստուգել հեպատիտ D-ի առկայությունը։
Հեպատիտ Е
Հեպատիտ Е-ն շատ նման է հեպատիտ А-ին։ Այն փոխանցվում է աղտոտված սննդի և ջրի միջոցով։
Հեպատիտ Е վարակի մասին վկայում են՝
- Դեղնությունը,
- սրտխառնոցը,
- փսխումը
- որովայնի ցավը։
Հեպատիտ Е-ի բուժման հատուկ մեթոդներ չկան բացի խթանող թերապիայից։ Մարդկանց մեծ մասը այս վիրուսով վարակվելուց հետո լիովին ապաքինվում են։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ