Արցախում ստեղծված ծայրահեղ վիճակի մասին քննարկում ենք ունեցել «Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի» միջազգային ուսանողների հետ:
Խոսել ենք Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների հետեւանքների, ադրբեջանական անօրինական ներխուժումների, Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը փակելու եւ արցախցիներին արտաքին աշխարհից մեկուսացված պահելու մասին:
Արդեն 211-րդ օրն է Արցախը լիակատար շրջափակման մեջ է: 120000 հայ մարդ, ամեն օր, բառիս բուն իմաստով պայքարում է կյանքի համար: Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից սկսված հումանիտար աղետն արդեն մի քանի ամիս է իրականացվում է տոտալ շրջափակման միջոցով և խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական տեռորով:
Արցախում բացակայում են ապրելու համար անհրաժեշտ տարրական միջոցները` սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղորայք, վառելիք: Լրջագույն խնդիրներ կան կապված հոսանքի և խմելու ջրի հետ:
Կարդացեք նաև
Լաբորատորիաները զրկված են հետազոտություններ կատարելու, բուժանձնակազմը վիրահատելու հնարավորությունից, և այս ամենն ուղեկցվում է նաև պարբերաբար հնչող կրակոցներով և սպառնալիքներով: Այս հակամարդկային իրավիճակը միտված է բնակչությանը ստիպել հեռանալ իրենց բնակավայրերից, որը մարդու իրավունքների ոչ թե խախտում, այլ ոչնչացում է:
Քննարկմանը եվրոպական երկրներից ժամանած ուսանողներին ներկայացրեցի նաեւ ադրբեջանական հանցավոր արարքները սահմանային բնակավայրերի նկատմամբ, մասնավորապես` այն, որ բնակիչները չեն կարողանում օգտագործել իրենց արոտավայրերը, խոտհարքներն ու վարելահողերը, վաստակել ընտանիքի եկամուտը եւ այլն: Ընդ որում, խախտումները բնույթով նույնն են թե´ Հայաստանում (Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր), թե´ Արցախում:
Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին վտանգում է մարդկանց կյանքն ու առողջությունը, ուստի միջազգային բոլոր պահանջներով` նրանք պետք է հեռացվեն, որպեսզի վերականգնվի խաղաղ բնակչության բնականոն կյանքը:
Հանդիպմանն ապացույցներ ներկայացվեցին նաեւ Ադրբեջանում ապօրինի պահվող հայգերիների, քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու վերաբերյալ:
Այժմ այս հարցերի հանրայնացումը, ապացույցների միջազգային տարածումը հիմնարար նշանակություն ունեն՝ ադրբեջանական կեղծիքների, ցեղասպան քաղաքականության դեմ պայքարի համար:
Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ