Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը, որը բարձրաձայնել էր երեկ Գյումրու Անի թաղամասի սուպերմարկետներից մեկում իր հետ տեղի ունեցած միջադեպի մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն արդեն ներգրավված է քննչական գործողությունների մեջ։ Նա նաև նշեց, որ իրեն տարօրինակ է թվում քննչական կոմիտեի պարզաբանումը տվյալ միջադեպի շուրջ։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչը թաղի խանութից առևտուր անելիս՝ պատահաբար հանդիպել էր ոստիկանության Մուշ բաժնի քրեական բաժնի աշխատակից Արտակ Պողոսյանին։ Վերջինս, ըստ Կարապետ Պողոսյանի, մոտեցել է իրեն, սակայն ինքը չի հիշել նրան։ Իմանալով, թե ով է իրեն բարևողը, հորդորել է հեռու մնալ, որին սակայն հաջորդել է ոստիկանի կողմից հետապնդումը ու դրամարկղի մոտ իրեն հարվածելը։ Կարապետ Պողոսյանի ներկայացմամբ, ինքը վայր է ընկել ու խանութի տեսախցիկները ֆիքսել են այս ամենը։
ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչությունից մեզ տեղեկացրել էին, որ նշանակվել է ծառայողական քննություն։ Իսկ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը փոխանցել էր, որ քննչական կոմիտեն Կարապետ Պողոսյանից՝ իր անձի նկատմամբ ոստիկանության ծառայողի կողմից բռնություն գործադրելու վերաբերյալ հաղորդում չի ստացել։
Հաղորդում է ստացվել ոստիկանության ծառայողի կողմից ՝ տվյալ անձի կողմից իր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
Այդ հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 11-ին կետի հատկանիշներով։ Ընթանում է նախաքննություն
Կարապետ Պողոսյանը, սակայն ասում է, որ ինքն արդեն ներգրավված է քննչական գործողությունների մեջ և պարզել է, որ տվյալ ոստիկանը ոչ մի հաղորդում էլ չի ներկայացրել Քննչական կոմիտե։
«Տեղյակ եմ, որ ոստիկանությունում ծառայողական քննություն են նշանակել՝ դեպքի հետ կապված, որի շրջանակում ըստ օրենքի՝ նա պարտավոր է եղել զեկուցագիր գրելու։ Ոստիկանությունից էլ այդ զեկուցագիրը ուղարկել են Քննչական կոմիտե, որպեսզի նախաձեռնվի վարույթ։
Արդեն երկրորդ անգամ եմ բախվում Գոռ Աբրահամյանի մանիպուլյացիային, նա ոչ ճիշտ հայտարարությամբ է հանդես գալիս, որը չեմ կարող ասել՝ ինչի արդյունք է»,- ասում է Կարապետ Պողոսյանը։
Իրավապաշտպանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։
Այս մասին հայտարարություն էին տարածել ՄԻՊ գրասենյակից։
«Տարածված տեղեկությունների համաձայն՝ Գյումրիում Մուշի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցը խանութում հարձակվել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի վրա։
Դեպքի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։
Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է: Այդ հանգամանքի հաշվառումն առանցքային նշանակություն ունի իրավապահ մարմնի յուրաքանչյուր ներկայացուցչի համար»,-գրված է հայտարարության տեքստում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ