«Զատիկ» խնամքի կենտրոնում մշտադիտարկում իրականացրած դիտորդական խմբի ղեկավարն ասում է՝ կենտրոն երկու այցի ժամանակ արձանագրվել են ֆիզիկական բռնության դեպքեր եւ այլ խնդիրներ
Դիտորդական խումբը, որը մշտադիտարկում է իրականացնում խնամքի հաստատություններում, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» երկրորդ այցելության ժամանակ էլ խախտումներ է հայտնաբերել։ Խումբը հրապարակել է զեկույց մարտ ամսի այցելության վերաբերյալ։ Օրինակ՝ երեխաները կենցաղային պայմաններից են դժգոհել, դիտորդներն արձանագրել են, որ երեխաների միջեւ միջանձնային հարաբերությունները լարված են, իրենք՝ երեխաներ պատմել են ֆիզիկական, հոգեբանական եւ սեռական բռնության դեպքերի մասին, արձանագրվել է, որ երեխաներին հատկացվող հիգիենայի պարագաներն, այդ թվում՝ շամպույնը, աղջիկներին տրվող միջադիրները շատ վատ որակի են եւ այլն։
Չնայած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը առարկություններ է ներկայացրել, հերքել, որ նման խնդիրներ կան, դիտորդական խմբի ղեկավար Մարիետա Թեմուրյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ մայիս ամսին երկրորդ այցն ենք կատարել խնամքի կենտրոն, ու կրկին նույն խնդիրներն արձանագրել։
«Մեզ հետ երեխաները շատ ավելի բաց ու ազատ են խոսել, ու այդ երեք-չորս ժամում ավելի շատ տեղեկատվություն են տվել, քան նախարարությանը։ Մեր երկրորդ այցի ժամանակ նրանք խաչաձեւ ու բազմաթիվ հարցեր են տվել հասկանալու՝ որտեղի՞ց ենք, նախարարությունի՞ց ենք, թե դիտորդական խմբից։ Երբ համոզվել են, որ դիտորդական խմբից եմ ավելի բաց են խոսել են»,-ասաց Թեմուրյանը։
Կարդացեք նաև
Նրա պատմելով՝ մի տղա երեխայի դեմքին, ճակատային մասում կապտուկ է եղել, մինչդեռ նախարարությունից ասում են, թե նման բան չկա․ «Ես իմ աչքերի՞ն հավատամ, թե՞ նախարարությանը։ Եթե նրանք դա չեն նկատել կամ թաքցնում են, ապա երկու դեպքում էլ վատ է։ Այդ երեխան մեզ ասաց, որ ընկել է, բայց դա մեծ հարց է, քանի որ այդ պահին տեսնում ես, որ մյուս երեխայի ներկայությունից վախից քարացել էր, նա վախենում էր տարիքով իրենցից մեծ ու խոշոր տղայից, որն, այսպես ասած՝ իշխանություն ունի մանկատանը, «հեղինակությունն է»։
Թեմուրյանը պնդում է՝ երեխաները պատմել են բռնությունների մասին, մինչդեռ ե՛ւ մանկատունը, ե՛ւ նախարարությունը հերքում են դա։
«Զատիկում» արձանագրված աղաղակող դեպքը վերաբերում է հղի անչափահասին։ Նա 16 տարեկան է, երբ տեղափոխվել է «Զատիկ» արդեն հղի էր։ Դիտորդական խումբն արձանագրել է, որ «Զատիկ» կենտրոնում հղի անչափահասը ծանր հոգեվիճակում է։
Ըստ զեկույցի․ «Աղջկա մասին տնօրենի եւ աշխատողների հետ խոսակցությունների առանցքում եղել է հղի անչափահասի կենտրոնում մնալու անընդունելիությունը, նրան այլ տեղ տեղափոխելու նրանց ցանկությունը։ Զրույցների ընթացքում երեխայի վերաբերյալ հնչել են իրար հակասող տեղեկություններ, այդ թվում՝ հղիության ժամկետը, պտղի հասունությունը, կենտրոնից փախուստի դեպքերը։ Հղիության հանգամանքի մասին նշվել է, որ նա հղիացել է փախուստի ժամանակ (տանից կամ հատուկ կրթահամալիրից)։ Կենտրոնից փախուստների վերաբերյալ տվյալները եւս հստակ չեն ներկայացվել։ Մասնավորապես՝ զրույցներում նշվել է, որ վերջին փախուստը 2023 թ․ փետրվարին էր, որից հետո ոստիկանները նրան հայտնաբերել են Արմավիրի մարզում։ Մինչդեռ տնօրենն իր խոսքում հայտնել է հետեւյալը՝ «Վերջին փախնելուց հետո մի անգամ էլ է փորձել։ Չի ստացվել։ Գնացել է, հետ է եկել։ Դուրս է գալիս, չի ասում»։ Աշխատողների հետ զրույցում հնչել է տեղեկություն, որ վերջին փախուստը եղել է մոտ տասն օր առաջ։ Հղիության պահպանման կամ հղիության հնարավոր ընդհատման մասին հարցին ի պատասխան տնօրենը եւ աշխատողները նշել են, որ «ասում են՝ պետք ա բերի»։ Նշվել է, որ «իրավունք չկա», «պետք է բերի» եւ դա, ըստ հարցազրույցների, ասվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Երեխայի մայրը տեղյակ չէ աղջկա հղի լինելու հանգամանքի մասին եւ անհրաժեշտ է բազմակողմանի ուսումնասիրել, թե ում կողմից, ինչ եզրակացությունների հիման վրա են կայացվել դեռահասի վերարտադրողական առողջության մասին որոշումները։ Տվյալներ են ստացվել նաեւ, որ աղջիկը սկզբնական փուլում չի ցանկացել պահպանել հղիությունը, եւ նրա հետ աշխատանք են կատարել. «Էդ ընթացքում փախնում էր, մենք մտածեցինք՝ հանկարծ չգնա, բան անի։ Իրան կանտրոլի տակ ենք պահում։ Իրա մտքին կա փախնելն անընդհատ։ Ինքը հաճույք ա ստանում դրանից։ Աղջիկը, դիտորդական խմբի դիտարկմամբ, գտնվում է ծանր հոգեվիճակում, արժանանում է ծաղրանքի, վիրավորանքի։ Շփվում է երկու աղջկա հետ ու նշում, որ իրեն հասկանում են միայն դայակները, տնօրենն ու հոգեբանը»։
Մարիետա Թեմուրյանը նկատեց՝ շատ կարեւոր է, որ աղջիկը ինքը որոշի՝ հղիությունը պահպանել, թե՞ ոչ, այլ ոչ թե կենտրոնի կամ նախարարության աշխատակցի ճնշման ազդեցության տակ որոշում կայացնի․«Անչափահաս է, բայց հարազատների հետ խորհրդակցելուց հետո կարող է որոշում կայացնել»։
Խումբը արձանագրել է նաեւ, որ պահնորդը երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրում։ Այս դեպքերի եւ անչափահասի հղիության վերաբերյալ դիտորդական խումբը դիմել է գլխավոր դատախազություն, որն էլ այն փոխանցել է քննչական կոմիտեին։
Անչափահասի հղիության եւ կենտրնում բռնությունների վերաբերյալ քննչական կոմիտեում քրեական գործ չի հարուցվել։ ՔԿ-ի խոսնակ Գոռ Աբրահամյանն Aravot.am-ին ասաց՝ քրեական գործ չի հարուցվել, քանի որ առերեւույթ քրեական հանցագործության հատկանիշներ ի հայտ չեն եկել։
Մարիետա Թեմուրյանն առնվազն անհասկանալի է համարում գոնե անչափահասի հղիության վերաբերյալ քրգործ չհարուցելը։
Զեկույցում արձանագրված մեկ այլ աղաղակող դեպք էլ է արձանագրվել․«․․․Տղաներից մեկի խոսքով՝ ավելի մեծ տարիքի տղաներից մեկը սեռական բռնության է ենթարկել ավելի փոքր տարիքի մտավոր խնդիր ունեցող երեխայի, ինչին ինքն ականատես չի եղել, պարզապես իրեն պատմել են։ Վերջինս նաեւ հետաքրքրվել է, թե ի՞նչ կարող է պատահել սեռական բռնությունից հետո, արդյոք այն կբերի՞ սեռափոխության, հոգեկան առողջության խնդիրների եւ այլն: Անկախ տարիքային խմբից՝ տղաներն անձնական զրույցներում նշել են, որ որևէ մեկի հետ չեն կարող կիսվել բռնության դեպքերի մասին, քանի որ կնշանակի «գործ տվող են»։․․․ Աղջիկներից մեկը պատմել է՝ «Կռիվներ շատ են լինում, սովոր ենք արդեն։ […] Տղաներն էլ աղջիկներն էլ վիճաբանում են միմյանց հետ, շատ հաճախ հեռախոսի կամ հեռուստացույցի համար են կռվում․․․առավոտ վազում են, գոռում, չեն թողնում քնել, միմյանց վիրավորում են՝ պապա-մամա են հայհոյում, մազերից են քաշում: Մի անգամ նույնիսկ վեճերից մեկի ժամանակ ուզում էին մեկին պատշգամբից գցել»։․․․Տղաների խմբում եղել են վնասվածքներ եւ կապտուկներ ունեցող երեխաներ, սակայն նրանք նշել են, որ իրենց վնասել են մտավոր խնդիրներ ունեցող կամ «ագրեսիվ» մյուս երեխաները։ Ըստ նրանց՝ նման դեպքերում միջամտում է Կենտրոնի անվտանգության աշխատակիցը, որը «հաղթանդամ է» եւ կարողանում է տղաներին հաշտեցնել, «իրարից առանձնացնել»։ Դիտորդական խմբի ներկայացուցչի համար ակնհայտ է եղել հաշմանդամություն չունեցող տղաների կողմից արհամարհական եւ ծաղրական վերաբերմունքը հաշմանդամություն, հատկապես մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ։ Զրույցների ընթացքում պարբերաբար հնչել են «ինքը գիժ ա», «կտցրած ա», «շեղված ա», «իրան մի լսեք» արտահայտությունները»։
Թեմուրյանը վստահեցնում է․«Մի երեխա չէ, որ պատմել է ֆիզիկական բռնության մասին, ընդ որում, երկրորդ այցի ժամանակ էլ դա հաստատվել է»։
Չնայած խնամքի կենտրոնում հոգեբաններ, սոցիալական աշխատողներ կան, սակայն, խումբն արձանագրել է, որ կենտրոնում միջանձնային լարված հարաբերությունների պատճառով բավականին լուրջ խնդիրներ են լինում։
Ըստ զեկույցի․ «Ֆիզիկական, սեռական եւ հոգեբանական բռնության տեսակների, բռնությունից պաշտպանության մասին պատկերացումները տղաների խմբում եւս եղել են խիստ սահմանափակ եւ շատ ցածր մակարդակի։ Զրույցի ընթացքում երեխաներից ոմանք հայտնել են, որ մտավոր խնդիրներ ունեցող 2 տղաներ, ովքեր ցուցաբերել են առանձնացող վարք, օրինակ՝ որոշ «սեռական շարժումներ» են կատարել, մերկացել եւ այլն, անմիջապես տեղափոխվել են հոգեբուժական հիվանդանոց։ Երեխաներից մեկն այցի նախորդ օրը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց, քանի որ «ասֆալտի վրա հանվում, խփում էր իրեն գետնին, գլուխը, մարմինը»։ Տնօրենը նշել է նաև, որ երեխան պատռել է շորերը, մերկացել. «Շորերը ճղեց, էն աստիճան, որ մի հինգ շոր ճղեց վրան։ Լրիվ տկլորվում է, կանգնում։ Երեկ կանչեցինք, տարան։ Էնքան ուժ ուներ, կանգնած մեքենան հրում էր, նենց ուժ էր ձեռք բերել»։
Բացի այս, նաեւ տեսակցությունների խնդիրը կարգավորված չէ, ըստ զեկույցի, առկա է երեխաների եւ ծնողների անձնական կյանքի միջամտության բարձր ռիսկ, տեսակցությունների սենյակը գտնվում է տնօրենի աշխատասենյակի մոտ եւ տեսակցություններն իրականացվում են նաեւ իր ներկայությամբ եւ վերահսկողությամբ․ «Դիտորդական խումբն այցից հետո տեղեկություն է ստացել նաեւ, որ այցի ընթացքում շենքում է գտնվել երեխաներից մեկի մայրը, որը եկել է երեխային տեսակցության։ Նրան փակել են տեսակցությունների սենյակում, որպեսզի, ըստ ենթադրության, չհաղորդակցվի դիտորդական խմբի անդամների հետ»։
Դիտորդները պարզել են, որ աշխատանքային մթնոլորտն էլ կենտրոնում լարված է։ Թեեւ տնօրենը նշել է, որ աշխատակազմում փոփոխություններ չի արել, սակայն Թեմուրյանը պնդում է՝ այս տարի կենտրոնում աշխատանքից հեռացման շատ դիմումներ են եղել, ինչը կասկածելի է։
Մարիետա Փիրումյանի խոսքով՝ խնամքի այս կենտրոնում խնդիրները լուծելու համար կարեւոր է ե՛ւ բավարար ֆինանսավորումը ե՛ւ աշխատակիցների շարունակական վերապատրաստումը, քանի որ երեխաների հետ գործ ունեն։
Զեկույցի մանրամասները կարդացեք այստեղ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ