Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի աղբավայրերից տարեկան 1մլն դոլար ստվերում է մնում. «Ա1+»

Հուլիս 10,2023 20:02

 «Ա1+». Հայաստանում չկա որևէ աղբավայր։ Հայաստանում կան աղբանոցներ՝ աղբի կուտակման անվերահսկելի վայրեր, որտեղ տասնամյակներ աղբատարները թափոնները ուղղակիորեն բեռնաթափում են, իսկ որոշ դեպքերում փնտրում են այլ տարբերակներ աղբավայրի տարածք չմտնելու համար։ Հայաստանի նման փոքր բնակչություն ունեցող հանրապետությունում շահագործվում է 300 աղբավայր։ Համայնքների խոշորացումից հետո ունենք 500 համայնք, այսինքն՝ ստացվում է, որ մոտավորապես յուրաքանչյուր երկու համայնք ունի իր աղբավայրը, ինչը փորձագետ Հարություն Ալպետյանի խոսքով, նման փոքր երկրի համար աբսուրդային թիվ է։ Փորձագետը նշում է, որ աղբավայրերը ուղղակի աղբատեղի չպետք է լինեն, իսկ որոշ աղբավայրեր կարելի է դիտարկել որպես վերամշակման գործարաններ։

Եվրոպայում այն ինչ հնարավոր է, վերամշակվում է, ինչը ոչ՝ կիզվում, որից ստանում են ջերմային էներգիա։

Երևանի Նուբարաշենի, խորհրդային տարիներին Սովետաշենի աղբավայրի տարածքը, 1950-ականից սկսած օգտագործվում է որպես աղբի կուտակման վայր: Տարածքն ի սկզբանե չի նախագծվել ու չի կառուցվել որևէ ընդունված ստանդարտով որպես աղբավայր, և չի համապատասխանում տեխնիկական, բնապահպանական և սանիտարական չափանիշներին:

Տարիներ շարունակ Նուբարաշենի աղբավայրում պարզապես այրվում է կուտակված մեթան գազը, ժամանակ առ ժամանակ դառնալով անկառավարելի հրդեհների պատճառ։

Շատ երկրներում աղբավայրերից հավաքվող գազն օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու համար։ Նուբարաշենի աղբավայրը ևս կարող էր նման հնարավորություն ունենալ, եթե ոչ թե մասնակի, այլ ամբողջապես իրագործվեր թունավոր գազերի օգտահանման և էլեկտրաէներգիայի արտադրության նախագծի շուրջ հայ–ճապոնական բանակցությունները։

Առաջիկայում նախատեսված է Նուբարաշենի գործող աղբավայրը փակել և հին աղբավայրի մոտակայքում՝ մոտ 30 հա տարածքում նոր աղբավայր կառուցել։ Կլուծի՞ արդյոք նոր աղբավայրը թափոնների օգտահանման՝ տեսակավորման և վերամշակման խնդիրը, կունենա՞ ջրերի դրենաժավորման համակարգ, և գազայրման կայան, ինչպես խոստանում են քաղաքային իշխանությունները, թե՞ այստեղ ևս տասնյակ տարիներ պարզապես աղբ կկուտակվի, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ, Նուբարաշենի աղբավայրը ծածկվում է հողի շերտով, սակայն աղբի մեծ կուտակումներից առաջացող թունավոր գազերը շարունակում են արտանետվել մթնոլորտ, իսկ մեթան գազը դառնալ բռնկվող հրդեհների պատճառ։

Խնդրի լուծման ճանապարհը մեկն է՝ սանիտարական աղբավայրերի ստեղծումը, որը ենթադրում է որոշակի վերահսկման գործընթացները լուծող ենթակառույցներ։

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կկառուցվի սանիտարական աղբավայր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը սպասարկելու նպատակով։ Սա ամբողջովին նոր համակարգ է ենթադրում։ Տեղադրվելու են նոր աղբամաններ երկու մարզերի տարածքներում, իսկ սպասարկման համար գնվելու են նոր աղբատար մեքենաներ։ Նախագիծը իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանում Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող չորսամյա ծրագրի շրջանակներում։ Հրատապ լուծում պահանջող խնդիրներից է դեռ խորհրդային տարիներից մեզ «ժառանգություն» հասած ժամկետանց թունաքիմիկատների և վտանգավոր քիմիական նյութերի թափոնների առկայությունը, որը Շրջակա միջավայրի նախարարությունը ակնկալում է այս խնդիրը լուծել միջազգային գործընկերների հետ ուսումնասիրության արդյունքում։

Հայաստանում իրականացվում է որոշ տեսակի թափոնների վերամշակում, սակայն հիմնականում այն կատարվում է այսպես կոչված ստվերային բիզնեսների կողմից, իսկ հումքը հիմնականում օգտահանվում է աղբավայրերից։ Հարություն Ալպատյանը նշում է, որ խոշոր աղբավայրերում գործում են ոչ ֆորմալ, տաս–քսան հոգանոց խմբավորումներ։ Համայնքներն այդ գումարները կորցնում են, իսկ խոսքը գնում է 1000000 դոլարի համարժեք գումարի մասին։

Ինչքան շուտ մարդը սկսի գիտակցել՝ ինչ է իրականում թափոնների կառավարումը, որն ավելի ստույգ ռեսուրսների կառավարում է, այնքան ավելի քաղաքակիրթ կդառնա երկիրը։

Մարդիկ պետք է հասկանան, որ տեսակավորումը դա գործ է և եթե դուք դա չեք ցանկանում կատարել և որևէ մեկը դա ձեր տեղը կանի, ուրեմն դուք պետք վճարեք դրա համար, ինչպես եվրոպական որոշ երկրներում։

Հարություն Ալպատյանի խոսքով, թափոնների կառավարման ոլորտում մի փոքր խառնաշփոթ վիճակ է, քանի որ ըստ տեսակների թափոնների կառավարումը բաժանված է երեք նախարարության միջև և տարբեր գերատեսչություններ տարբեր թափոնների համար են պատասխանատու են տարբեր գերատեսչություններ։

Հայաստանի թափոնների կառավարման ոլորտում շատ մեծ հնարավորություններ կան, քանի որ քիչ չեն այն դոնոր կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են կատարել ներդրումներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31