Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը, որ կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ, դիմում է աշխարհի բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, որոնք կոչված են ապահովելու միջազգային իրավունքի պատշաճ կատարումը։
2023 թվականի հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ հերթական սադրանք նախաձեռնելով՝ Ադրբեջանը խորացրել է Արցախի շրջափակումը, որը տևում է գրեթե 7 ամիս՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած։ Ադրբեջանն արգելափակել է ԿԽՄԿ-ի և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից իրականացվող մարդասիրական փոխադրումները, այդ թվում՝ հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ, սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի մատակարարումները՝ դրանով իսկ կտրուկ սրելով երկրում առկա հումանիտար ճգնաժամը։ Մեկ շաբաթ անց՝ 2023 թվականի հունիսի 22-ին, ադրբեջանական կողմը բետոնե պատնեշներ է տեղադրել կամրջի վրա, որտեղ 2023 թվականի ապրիլի 23-ին ապօրինի անցակետ է տեղադրվել՝ բառացիորեն փակելով Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ 2023 թվականի հունիսի 25-ից ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ հիվանդների տեղափոխումը Հայաստանի բուժհաստատություններ վերականգնվել է, սակայն, քաջածանոթ լինելով Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին, որն օգտագործում է հումանիտար խնդիրները որպես Արցախի վրա ճնշում գործադրելու լծակ՝ երաշխիքներ չկան, որ այդ փոխադրումները նորից չեն ընդհատվելու։ Ադրբեջանի այս գործողությունները չպետք է դիտարկվեն որպես առանձին ագրեսիայի դրսևորումներ, այլ որպես Արցախի և նրա բնիկ հայ բնակչության դեմ էթնիկ զտումների հետևողական և համակարգված քաղաքականության բաղադրիչներ։
2023 թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերն Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիային է դիմել Արցախի դեմ՝ հրետանու և ԱԹՍ֊ի կիրառմամբ, որին զոհ են գնացել չորս զինծառայողներ, որոնք պաշտպանում էին իրենց հայրենիքն ու խաղաղ բնակչությանը։
Անտեսելով Եվրոպական խորհրդարանի 2023 թ․ հունվարի 19-ի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2023 թ․ հունիսի 22-ի բանաձևերը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2022 թ․ դեկտեմբերի 21-ի և Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումները՝ Ադրբեջանը, կարծես ծաղրելով այդ կազմակերպությունների հեղինակությունը, համառորեն շարունակում է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության և հայրենազրկման քաղաքականությունը՝ դրսևորելով հանցավոր կամայականություն և հակադրվելով քաղաքակիրթ աշխարհին։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահը բացահայտորեն սպառնում է միջազգային հանրության այն ներկայացուցիչներին, որոնք չեն կիսում նրա մոտեցումը Արցախի հիմնախնդրի լուծման հարցում՝ հայտարարելով, որ միջազգային իրավունքն ամբողջությամբ Ադրբեջանի կողմն է։
Կարդացեք նաև
Պաշտոնական Բաքուն, չընդունելով Արցախի ժողովրդին անվտանգության երաշխիքներ տրամադրելու պահանջները, մշտապես պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, որն ինքը մտադիր է լուծելու սեփական հայեցողությամբ։ Բռնապետական Ադրբեջանի պետական քաղաքականության մաս կազմող և ադրբեջանական հասարակության մեջ ներծծված, բազմաթիվ ապացույցներով փաստվող սարսափելի մեծ հայատյացության համատեքստում, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել այդ որոշումը, եթե Արցախի ժողովուրդը հանկարծ հայտնվի Բաքվի իշխանության ներքո։
Ողջունում ենք աճող միջազգային ըմբռնումն առ այն, որ Արցախի ժողովուրդը պաշտպանության միջազգային ամուր երաշխիքների կարիք ունի։ Շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներին, որոնք այդ դիրքորոշմամբ հանդես են եկել 2023 թ․հունիսի 21֊ին ԱՄՆ Կոնգրեսում՝ իրերն իրենց անուններով կոչելով և օբյեկտիվ գնահատական տալով Ադրբեջանի քաղաքականությանը։ Շնորհակալ ենք նաև բոլոր այլ միջազգային դերակատարներին, որոնք վճռականություն են ցուցաբերում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ հարուցվող գոյաբանական սպառնալիքների մասին բարձրաձայնելու հարցում։
Հույս ենք հայտնում, որ աշխարհում էլ ավելի մեծ թվով մարդիկ կկարողանան ըմբռնել հակամարտության իրական պատճառներն ու կհասկանան, թե ինչու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դեռ 1988 թվականին դիմել է Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու իրավաչափ խնդրանքով, ինչն էլ ադրբեջանական ագրեսիայի և արյունալի պատերազմի սանձազերծման պատճառ է հանդիսացել, որի ժամանակ հայերը ստիպված էին ինքնապաշտպանվել։
Հիմա, երբ տարբեր միջազգային հարթակներից անհասկանալիորեն հնչում են Արցախն Ադրբեջանին բռնակցելու ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կոչեր, մենք առաջարկում ենք վերհիշել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունն ու փորձել պատկերացնել՝ իսկ հնարավոր էր արդյո՞ք հրեա ժողովրդին կոչ անել ապրելու հիտլերյան նացիստական իշխանության ներքո։ Ժամանակակից Ադրբեջանը նույնպես հայերի նկատմամբ նացիստական տրամադրված երկիր է, և դրանում դժվար չէ համոզվել հարցին օբյեկտիվ հայացքով նայելու դեպքում՝ բացառելով ադրբեջանական քարոզչամեքենայի միակողմանի պահանջները։
Ադրբեջանի կողմից սանձազերծված երեք պատերազմների, ջարդերի, բռնի տեղահանությունների, հոգեբանական ահաբեկման, մարդկային և նյութական կորուստների արհավիրքներով անցած Արցախի ժողովուրդը, շարունակելով ապրել վերահաս գոյաբանական սպառնալիքների ներքո, դիմում է բոլոր միջազգային մեխանիզմները գործարկելու պահանջով՝ կանխելու Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մենք պահանջում ենք բոլոր համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությունն Արցախում։ Հաշվի առնելով 2020 թ․ նոյեմբերի 9֊ի Եռակողմ հայտարարության 6֊րդ կետով ամրագրված պայմանավորվածությունների խախտումները, համաձայն որոնց՝ պետք է ապահովվի ազատ և անվտանգ շարժը Լաչինի միջանցքով՝ կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին՝ ի դեմս ՄԱԿ֊ի, միջազգային առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղ)՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու և խաղաղապահ ինստիտուտի աշխատանքն ամրապնդելու և բարելավելու նպատակով։
Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ և ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի՝ շրջափակման ընթացքում կայացրած որոշումները բացահայտ չկատարելու հանգամանքով պայմանավորված՝ դիմում ենք միջազգային հանրությանը՝ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։
Արցախի քաղաքացիական հասարակության անունից դիմում ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և քաղհասարակությանը՝ Արցախի ձայնը միջազգային լայն հասարակությանը հասցնելու և իրենց կառավարություններից գործնական քայլեր պահանջելու խնդրանքով՝ Ադրբեջանի կողմից մարդկության դեմ ուղղված հերթական հանցագործությունները կանխելու նպատակով։
Երախտագիտություն հայտնելով Արցախի ժողովրդի ճակատագրի նկատմամբ ցուցաբերվող մտահոգության համար՝ ընդգծում ենք, որ մեր իրավունքների և անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն Արցախի ժողովրդի՝ միջազգային իրավունքով ամրագրված ինքնորոշման և ազատ կամարտահայտության իրավունքի վրա հիմնված Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։
Արցախն ուժեղի իրավունքով որևէ մեկին բաժին հասած տարածք չէ, այլ մեր հայրենիքն է, որտեղ մենք ունենք անվտանգ կյանքի լիարժեք և անքակտելի իրավունք։ Արցախն ընդամենը 120 հազարանոց մի բուռ ժողովուրդ չէ (չհաշված 2020 թվականին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով իրենց տներից վտարված Արցախի շուրջ 30 հազար տեղահանված բնակիչները)։ Այսօր Արցախը ժողովրդավարական աշխարհի հռչակած արժեքների մի հերթական փորձաքարը և լակմուսի թուղթն է։ Պայմանավորված այն բանով, թե ինչ ընտրություն է կատարվելու՝ մի կողմից ստի, խտրականության, բռնության, ահաբեկչության, բռնապետության և, մյուս կողմից, ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգման միջև, հստակեցվելու է փոխակերպվող աշխարհակարգի արժեքային էությունը։
«Արցախի գրողների միություն» ՀԿ
«Արցախի ժուռնալիստների միություն» ՀԿ
«Արցախի նկարիչների միություն» ՀԿ
«Արցախի կույրերի միավորում» ՀԿ
«Վերածնված Հայրենիք» ՀԿ
«Մայրություն» ՀԿ
«ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա» ՀԿ
«ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ
«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ
«Փախստականների միություն» ՀԿ
«Մեր տուն-Արցախ» ՀԿ
«Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ
«Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
«Հոգևոր վերածնունդ» ՀԿ
«Կենդանիների պաշտպանություն Արցախում» ՀԿ
«Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ
«ԱՀ ավագների խորհուրդ» ՀԿ
«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ
«Հայկի Սերունդ» ՀԿ
«Մտքի ուժը» ՀԿ
«ՄիլաԳրի» հիմնադրամ
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ
«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Հայքի մշակութային օմբուդսմեն» ՀԿ
«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ
«Քաղաքացիական Հաբ» ՀԿ
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան