Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե արցախցի երեխաների մահը հոր կողմից բռնության հետեւանք լիներ, իրավապաշտպան կազմակերպությունները կողբային, բայց հիմա չդիմեցին միջազգային գործընկերներին»

Հուլիս 10,2023 18:14

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Արցախի Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում 2 անչափահաս երեխաների մահվան դեպքին։ Այս դեպքով հարուցվել է քրեական գործ, եւ կա տեղեկություն, որ 2 անչափահաս երեխաներին մայրը տանն էր թողել, ոտքով մեկնել Մարտակերտ` նրանց համար սնունդ բերելու համար:

Սոֆյա Հովսեփյան

«Քննություն է ընթանում, դեռ հստակ պարզ չէ, թե պատճառն ինչ էր։ Բայց այն, որ յուրաքանչյուր օր կարող են նման դեպքեր տեղի ունենալ, դա անխուսափելի է, եթե Արցախը շարունակի մնալ այս պայմաններում։ Իրապես ծանր վիճակ է, տեղաշարժման խնդիր կա, ինչ-որ բան հայթայթելու համար մարդն ստիպված է կիլոմետրերով ոտքով ճանապարհ անցնել, որպեսզի սոված չմնան։ Չկա միջքաղաքային, միջշրջանային տրանսպորտ։ Ընդամենը 15 օրում կրճատեցին տրանսպորտի եւս 50 տոկոսը, վստահ եղեք, որ եթե այսպես շարունակվի, որոշ ժամանակ հետո այդ 50 տոկոս կրճատված տրանսպորտն էլ գոյություն չի ունենա»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Ըստ նրա՝ այս իրավիճակն առաջին հերթին պատասխանատուների խղճի վրա է, սա հայ ժողովրդի անտարբերության հետեւանք է։ «Իսկ պատասխանատուները Հայաստանի Հանրապետության իշխանությունն է, Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության իշխանություններն են, միջազգային բոլոր կառույցներ են, որոնք իրենց ճղելով՝ երեխաների ու մարդու իրավունքներից են խոսում։ Սա հայ ժողովրդի անտարբերության հետեւանք է։ Պետք է ողբերգական դեպք լինի, Ֆեյսբուքում մի երկու լալահառաչ ստատուս գրեն, անցնի գնա։ Եթե ուշադիր եղաք, այս դեպքին ուշադրություն չդարձրեցին։ Եթե, ենթադրենք, բռնության դեպք լիներ, ընդ որում, հոր կողմից, դուք կտեսնեիք, թե ինչքան իրավապաշտպան կազմակերպություններ իրենց կոտորելով կգրեին ու կողբային։ Բայց փաստացի այս դեպքին անգամ հարկ չհամարեցին անդրադառնալ, հարկ չհամարեցին բարձրաձայնել ու օգտվել ստեղծված իրավիճակից ու իրենց միջազգային գործընկեր կազմակերպություններին տեղեկացնել այս ողբերգական դեպքի մասին։ Իրենք դա հետաքրքիր չէ, թե Արցախի մանչուկն ինչից է մահանում, կամ ապրում է, թե՞ ոչ»,- հավելեց նա։

Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ պարենային սղություն Արցախում եղել է դեռեւս նախորդ տարվա դեկտեմբեր ամսից։ «Մարդիկ ժամերով սննդամթերքի հերթ էին կանգնում, դատարկաձեռն հետ էին գնում։ Այսինքն՝ Արցախում դա նորություն չէ։ Իսկ այս պահին խոշոր քաղաքներում, որտեղ հողագործությունն առանձնապես զարգացած չէ, բանջարեղենի տոտալ դեֆիցիտի մասին է խոսքը։ Ստեփանակերտ քաղաք չի հասնում բանջարեղեն։ Հիմա հնարավորություն են ստեղծում, որ միջշրջանային սպասարկման մեքենաների միջոցով որոշակի բնամթերք հասցնեն դեպի Ստեփանակերտ։ Բայց թե քաղաքացիները որքան կարող են այլ համայնքներ սնունդ բերել, որ բավարարի Ստեփանակերտի պահանջարկը, հարց է։ Այսինքն՝ դա ոչ մի կերպ եղանակ չի փոխում, պետք է կոնկրետ կազմակերպել գյուղերից որոշակի բնամթերքի մատակարարումը Ստեփանակերտ քաղաք։ Իսկ այս հերթերը միշտ եղել են, ցավալի է, երբ հերթերում տեսնում ես մանկահասակ երեխա, որն իր օրվա հացի համար ժամերով հերթ է կանգնում, եւ իրեն հերթ չի հասնում»,- նշեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արխիվային լուսանկարում Կանայք 2023–ի փետրվարի 1-ին խաղաղ ցույց են անում՝ իրենց համերաշխությունն արտահայտելով արցախցի մեր հայրենակիցներին Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31