ԱԺ նախկին փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ օրակարգ բերելը համարում է ժողովրդավարության անունից հանդես եկող քաղաքական մեծամասնության կողմից հերթական հակաօրինական եւ հակասահմանադրական քայլը:
Aravot.am-ի հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նախ տարակուսեց, որ հարցը քննարկման է բերվում արտահերթ նիստով, այն պարագայում, երբ իշխող ուժը որեւէ արտահերթ քննարկում չի կազմակերպել իր կողմից ու նաեւ իր ջանքերով արդեն 200 օրից ավելի շրջափակման մեջ գտնվող արցախցիների կյանքի, սոցիալական պաշտպանվածության եւ այլ իրավունքների վերաբերյալ:
Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության հարցը նման կերպ առաջ մղելը, մեր զրուցակցի կարծիքով իրավապաշտպան եւ միջազգային տարբեր կառույցների համար ևս մեկ ցուցիչ պետք է լինի՝ գործող իշխանության որակների մասով: Թեեւ, Իշխան Սաղաթելյանը հեգնանքով նկատում է, որ շատ հավանական է՝ ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը կողջունի «ժողովրդավարության բաստեոն» Հայաստանի «ժողովրդավարության ջատագով» իշխանության հերթական հակասահմանադրական քայլը:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ըստ Դոնթի բանաձեւի, բաժին էր ընկնում «Հայաստան» խմբակցությանը, որը փոխանցվեց «Պատիվ ունեմ» խմբակցությանը:
Կարդացեք նաև
Հարցին՝ Թագուհի Թովմասյանի պաշտոնանկությունից հետո, ինչին իշխանությունը հաստատապես կհասնի՝ լինելով մեծամասնություն, «Հայաստան» խմբակցությունն այլ թեկնածություն կառաջադրի՞, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ ոչ: Նա հիշեցրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնների շուրջ որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած զարգացումները՝ հավելելով, որ այդ ժամանակ իրենք հրաժարվեցին պաշտոններից՝ կանխելով իշխանությունների քայլերը: Մեր զրուցակիցը նկատում է՝ այն ժամանակ էլ իշխանության կողմից տարբեր առաջարկներ եղեն, բայց իրենք հրաժարվեցին թեկնածություններ առաջադրել, քանի որ հարցն իրենց համար սկզբունքային է եւ իշխանությունը չպիտի թելադրի, թե ո՞ւմ կարող են պաշտոնների նշանակել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ