Տեղեկացրել ենք, որ գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը (լուսանկարում) երեկ ահազանգել էր, թե Գյումրու Անի թաղամասի «Բասեն» սուպերմարկետում հարձակման է ենթարկվել Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի քրեական բաժնի աշխատակից Արտակ Պողոսյանի կողմից։
Ընդդիմադիր գործչի ներկայացմամբ, իրեն դրամարկղի մոտ մոտեցել է ոստիկանության աշխատակիցը, որին ինքը չի ճանաչել։ Ոստիկանը ներկայացել է, թե ով է, որից հետո Կարապետ Պողոսյանը հորդորել է հեռու մնալ իրենից։
Սակայն ոստիկանը, ըստ պրն Պողոսյանի, իր հետևից եկել է ու դրամարկղի մոտ անսպասելի հարվածել իրեն։ Նա վայր է ընկել։
Կարապետ Պողոսյանը նշում է, որ կան տեսախցիկներ, արձանագրված է՝ ինչ է կատարվել։
Կարդացեք նաև
ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչությունից Aravot.am-ին տեղեկացրեցին՝ նշանակվել է ծառայողական քննություն։
Իսկ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեն չի ստացել տվյալ անձի նկատմամբ ոստիկանության ծառայողի կողմից բռնություն գործադրելու վերաբերյալ հաղորդում։
Ըստ նրա, ստանալու դեպքում կուսումնասիրվի օրենսդրության պահանջներին համապատասխանությունը և կորոշվի իրավական ընթացք տալու հարցը։
«Բայց հաղորդում է ստացվել ոստիկանության ծառայողի կողմից ՝ տվյալ անձի կողմից իր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու վերաբերյալ։
Այդ հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 11-ին կետի հատկանիշներով։ Ընթանում է նախաքննություն»,-փոխանցեց Գոռ Աբրահամյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ