Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում ասաց, որ, ըստ էության, Հայաստանում ամբողջ պետական համակարգի գործունեությունը ձախողված է։ «Ամբողջ պետական համակարգում վարձկաններ են, որոնք բարձր աշխատավարձ են ստանում, սակայն անելիք չունեն։ Օրինակ, պաշտպանության նախարարն ասում է՝ մենք չենք կարողանում զենք գնել։ Պատերազմից հետո երեք տարի անցել է, չէ՞։ Ու ասում է՝ չենք կարողանում, մեզ զենք չեն ծախում։ ԱԳ նախարարը երկու անգամ գնացել է Վաշինգտոն, երկու անգամ էլ բանակցությունները չեն ստացվել։ Ասում է՝ ճիշտ է, մենք ուզում ենք, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու գոնե տեւական խաղաղություն լինի, բայց չի ստացվում։ Նույնը՝ Փաշինյանը։ Ասում է՝ տեսնո՞ւմ եք, ինչքան լավ բաներ եմ ուզում։ Բայց դե ի՞նչ անենք, որ Ալիեւի հետ բանակցելուց, եռակողմ պայմանավորվածություններ ձեռք բերելուց ինձ ոչինչ չի հաջողվում, թեեւ ուզում եմ, որ մեր գերիները գան։ Բայց, որ երկիրը ղեկավարել, խաղաղություն պահպանել, բանակը հզորացնել, տնտեսություն զարգացնել չի ստացվում, ի՞նչ անենք։ Միեւնույն է, ես պիտի մնամ, առանց ինձ Հայաստանը չի կարող վարչապետ ունենալ։ Կամ ես պիտի լինեմ վարչապետ, կամ Հայաստան չպետք է լինի։
Փաստ է, չէ՞, որ 2018 թվականից ասում է՝ գալիս եմ իշխանության, որ Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը դարձնեմ դե յուրե անկախություն։ Չստացվեց։ Ես գալիս եմ, որպեսզի Ղարաբաղը դառնա բանակցությունների լիարժեք կողմ։ Դա էլ չստացվեց»,-ասաց Էդգար Ղազարյանը։
Նախկին դեսպանը նաեւ խոսեց հատկապես 44-օրյա պատերազմից հետո օրակարգային դարձած դավաճանության թեմայի մասին այն համատեքստում, թե ԱԱԾ-ն բացահայտում է պետական դավաճանության բազմաթիվ դեպքեր, «Սակայն այդ ընթացքում վարչապետի աթոռն զբաղեցնողն անձամբ է հայտարարել, որ ինքը որպես բարի կամքի դրսեւորում Արցախում ականապատված տարածքների քարտեզները, որոնք հույժ գաղտնի փաստաթղթեր են, փոխանցել է թշնամուն։ Իսկ օրենքում գրված է, որ գաղտնի տեղեկություն թշնամուն փոխանցելը կոչվում է պետական դավաճանություն»,-ասաց Էդգար Ղազարյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ