Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առնվազն 90 միլիոն խմ-ից ավելի չպետք է բաց թողնել Սևանից, որպեսզի մակարդակը սկսի բարձրանալ»

Հուլիս 10,2023 17:36

Սույն թվականի հունիսի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» ՀՀ կառավարության որոշման քննարկումն էր։ Այս որոշման ընդունմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճից հավելյալ 70 միլիոն խմ ջրառին։ Արդյունքում, 2023 թվականին լճից բաց կթողնվի մինչև 240 միլիոն խմ ջուր՝ օրենքով սահմանված առավելագույնը 170 միլիոն խմ-ի փոխարեն։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը մեջբերեց ՀՀ կառավարության որոշման հիմնավորումը, ըստ որի՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը մասնակի մեղմելու, ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.3 հազար հեկտար, իսկ ոռոգման ջրի պահանջարկը կկազմի շուրջ 445,3 միլիոն խմ։ Հաշվարկվել է, որ ջրի դեֆիցիտը կկազմի 121,4 միլիոն խմ։ Նախատեսվում է շուրջ 51,4 միլիոն խմ վերցնել լրացուցիչ մեխանիկական ջրարտադրության արդյունքում, իսկ մինչև 70 միլիոն խմ-ն՝ Սևանա լճից։

«Մենք կարող է անդառնալի փոփոխություններ ունենանք Սևանում։ Մենք պետք է միասին ճանապարհներ գտնենք, որ Սևանի հոգսը թեթևացնենք, ոչ թե հեշտ ճանապարհով գնանք։ Եթե մենք կարողանանք վերացնել կորուստների կեսը, կկարողանանք փակել ջրի դեֆիցիտը։ Այս տարի երկու անգամ ավելի շատ է ջուր բաց թողնվել Սևան-Հրազդան ջրատարով, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում։ Այսօրվա դրությամբ Արփա-Սևան թունելով երկու անգամ ավելի պակաս ջուր է մուտք եղել Սևանա լիճ, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում», – ասաց ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը։

Վահագն Գևորգյանն արձագանքեց․ «Արփա-Սևան թունելով տեղափոխել ենք 80 միլիոն խմ ջուր՝ անցյալ տարվա 140 միլիոն խմ-ի փոխարեն։ Դա պայմանավորված է նրանով, որ այս տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսներին շինարարություն է եղել, և երկրորդ, թունելի մուտքը փակ է եղել, այս 3 ամիսների ընթացքում քիչ ջուր է գնացել։ Բացի այդ, 2021 թվականի համեմատ Արփա և Եղեգիս գետերի հոսքը շատ նվազել է։

Այս տարի Սևանի ջուրը մեկ ամիս շուտ ենք բաց թողել՝ մայիսի 14-ին, իսկ անցյալ տարի՝ հունիսի 6-ին։ Այս տարի անձրևներ չկային, Հրազդան գետի ջրատվությունը, ըստ Հիդրոմետի կանխատեսումների, անգամ 40 տոկոսով պակաս էր, քան իրականում։ Ջրապահանջը շատ էր, գետերում ջուր չկար, միակ ճանապարհը Սևանից բաց թողնելն էր։ Ապրիլից է սկսվել այս տարի ոռոգման շրջանը, այդպիսի բան գրեթե չէր եղել։ Այս տարի վեգետացիան շուտ է սկսվել»։

Ջրային կոմիտեի նախագահը հավաստիացրեց, որ Եղեգիս գետի վրա որոշ փոքր ՀԷԿ-եր չեն գործում, կան դատական գործեր։ Ջրային կոմիտեն դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ որոշ փոքր ՀԷԿ-երի տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները վերանայելու համար։

Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած 31.3 հազար հեկտար հողերն ամբողջությամբ Արարատյան դաշտի հողերն են։

Հանձնաժողովի անդամները բարձրացրին Արարատյան դաշտում շահագործվող ձկնաբուծարանների հարցը, որոնք մեծ քանակությամբ ջրային ռեսուրսներ են օգտագործում։ Ջրային կոմիտեի ներկայացուցիչները նշեցին, որ ձկնաբուծարաններում տեղադրված են հաշվիչներ․ «Նախնական հաշվարկներով մոտ 1,4 միլիարդ խմ ջուր է գնում։ Կառավարությունն օրենքի նախագիծ է շրջանառում, որպեսզի ձկնաբուծարաններն անցնեն բացառապես փակ ցիկլով աշխատանքի։ Բացի այդ, Ջրային կոմիտեում մոտ 100 միլիոնի նախագիծ ենք իրականացնում, որպեսզի ձկնաբուծարանների ջրերն արևային էներգիայով աշխատող պոմպակայաններով բարձրացնենք վերևի նիշ՝ ոռոգման համակարգն ապահովելու համար։ Սյդ հարցն ուսումնասիրության փուլում է»։

Հանձնաժողովի անդամ, ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ Վլադիմիր Նարիմանյանը նշեց, որ ոռոգման շրջանի սկզբից՝ մայիսից մինչև հուլիս ամիսը, ոռոգման ջրապահանջարկը փակվել է Սևանա լճի հաշվին։ «Երկու հատ ջրապահանջ եք ներկայացրել։ Առաջինը՝ Սևանա լճից 170 խմ ջրառի վերաբերյալ կառավարության որոշման ժամանակ, երբ ոռոգման շրջանը նոր էր սկսվում, ամբողջ համակարգի՝ 31 հազար հեկտարի համար ջրապահանջարկը եղել է 521 միլիոն խմ։ Մյուսը ներկայացրել եք հիմա՝ 445 միլիոն խմ, որը նախատեսված է հուլիսի 1-ից մինչև ոռոգման շրջանի ավարտը` հոկտեմբերի 10-ը։ Եթե այն ժամանակ ջրապահանջարկը 521 միլիոն խմ է եղել, հիմա 445 միլիոն խմ է, ստացվում է, որ 76 միլիոն խմ տարբերությունը նախատեսված է եղել ոռոգման շրջանից մինչև հուլիսի մեկը։ Եթե դուք 80 միլիոն խմ-ն ջրամբարից եք վերցրել, 68 միլիոն խմ-ն՝ Սևանից, ստացվում է այնպես, որ միայն Սևանից եք փակել ամբողջ համակարգի ջրապահանջարկը։ Բա ջրամբարների 80 միլիոն խմ-ն ի՞նչ եք արել», – ասաց Վլադիմիր Նարիմանյանը։

Ջրային կոմիտեի ներկայացուցիչները նշեցին, որ ՋՕԸ-երի մոտ եղել է 17 տոկոս պահանջարկի նվազեցում։

Հանձնաժողովի անդամ, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը նշեց՝ ջրբացթողումների հետևանքով Սևանա լճի մակարդակը շարունակելու է իջնել։ «2021 թվականին, երբ Սևանա լճից բաց թողնվեց 250 միլիոն խմ ջուր, լճի մակարդակը իջավ և շարունակեց մնալ բացասական։ Ես հաշվարկ եմ արել, որ առնվազն 90 միլիոն խմ-ից ավելի չպետք է բաց թողնել Սևանից, որպեսզի մակարդակը սկսի բարձրանալ։ Եթե 170 միլիոն խմ բաց ենք թողնում, արդեն բացասական մակարդակ է գրանցվելու, 70 միլիոն խմ էլ որ բաց թողնվի, արդեն շատ կիջնի լճի մակարդակը», – ասաց Օֆելյա Գրիգորյանը՝ նշելով, որ ջրի դեֆիցիտը պետք է լրացնել նոր ջրամբարների միջոցով։

«Սևանա լիճն արդեն սկսել է ծաղկել։ Մենք պետք է նվազեցնենք բացասական ազդեցությունները լճի վրա, որպեսզի խուսափենք անդառնալի հետևանքներից», – նշեց Բարդուխ Գաբրիելյանը։

«Սևանի բեռը կթեթևացնի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ճիշտ օգտագործումը։ 54 լումա է խմ-ն այնտեղ։ Դիմեք, որ վերանայվի, դա ճիշտ չէ։ Բացի այդ, մենք ձուկ աճեցնելով կիսաանապատային գոտում, ատոմակայանն ենք հարցականի տակ դնում, նաև նոր նախատեսվող ատոմակայանը», – շեշտեց հանձնաժողովի անդամ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։

«Պետք է հիմնավորել ելակետային 521 միլիոն խմ ջրապահանջարկը, շատ մեծ թիվ է նշված։ Ըստ այդմ, կկողմնորոշվեք, թե որքան է Սևանի չափաբաժինը», – նշեց հանձնաժողովի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը։

Հանձնաժողովի անդամներն առաջարկեցին Ջրային կոմիտեին վերանայել ջրապահանջարկի և ջրի դեֆիցիտի հաշվարկները ու ներկայացնել ստույգ և հիմնավորված տվյալներ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31