Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՔՊ-ն պաշտոնանկ անում Թագուհի Թովմասյանին

Հուլիս 10,2023 17:32

Հայաստանում իշխող ուժի՝ Քաղաքացիական պայմանագրի խորհրդարանական խմբակցությունը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, շրջանառության մեջ է դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ:

Նախագծի հիմնական զեկուցողը Հովիկ Աղազարյանն է։ Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության անհրաժեշտության համար, նախագծի հիմնավորումներում գրված է, որ նա ԱԺ խորհրդի նիստերին հետեւողականորեն չի մասնակցել՝ այդպիսով զրկելով իր ղեկավարած հանձնաժողովին՝ լիարժեք եւ բնականոն գործունեություն ծավալելուց, խաթարել է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը՝ զրկելով հանձնաժողովին օրենքով վերապահված լիազորությունների իրացումից: Երկրորդ՝ տարբեր իրավիճակներում, այդ թվում իր իսկ նախագահությամբ ընթացող նիստերի ժամանակ, ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվությունը վիրավորող եւ ատելության խոսքի նկատմամբ Թագուհի Թովմասյանը դրսեւորել է անտարբեր վերաբերմունք ու իր անգործությամբ նպաստել դրանց կրկնվելուն: Տարբեր իրավիճակներում նա չի պաշտպանել ՀՀ Սահմանադրությամբ՝ մարդու, որպես բարձրագույն արժեք, անօտարելի արժանապատվությունը, այն ոտնահարող, նվաստացնող եւ վիրավորանք պարունակող հայտարարություններից:

Վերջինիս ապացույցներն ըստ Հովիկ Աղազարյանի եւ ՔՊ-ի, տեսանյութերի տեսքով, առկա են համացանցում:

Հիշեցնենք, դեռ ապրիլի 4-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հայտնի սկանդալային նիստից հետո, երբ ՔՊ-ական պատգամավորների եւ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջեւ լեզվակռիվը վերածվել էր ՔՊ-ականների կողմից ընդդիմության թեկնածուի նկատմամբ հարձակումների, վիրավորանքների, իսկ Թագուհի Թովմասյանը չէր պաշտպանել ՔՊ-ականների վարքագիծը, ավելին, ՔՊ-ական պատգամավորների վարքագծի հարցով դիմել էր ԵԱՀԿ նախագահին, Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ նախաձեռնելու է Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության գործընթաց:

Ավելի ուշ՝ ապրիլի 20-ին, ԱԺ դահլիճում, «ամբիոնի գրավման» քաղաքական ակցիայից հետո, որի մի դրվագում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ բղավում էր՝ «որ պետք լինի, կթքեմ. դուրս արի ստից», Հովիկ Աղազարյանը մանրամասնեց, որ Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության նախագիծն արդեն ընթացքի մեջ է եւ օրերս կդառնա ՔՊ խմբակցության քննարկման առարկա:

Թագուհի Թովմասյանն Aravot.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնարկ տրված գործընթացի վերաբերյալ կարծիք հայտնել. ասաց՝ ամենին կանդրադառնա իր ելույթում: Իսկ ավելի վաղ նա հայտարարել էր, որ եթե նման գործընթաց սկսվի, ապա դա կլինի քաղաքական ճնշում ու վստահություն էր հայտնել, որ ընդդիմությունն այդ պաշտոնում այլ թեկնածու չի առաջադրի՝ այն թողնելով թափուր:

ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն էլ դեռ չեն մեկնաբանում նախագիծը. 18.00 նախատեսված է ԱԺ խորհրդի նիստը, որի ժամանակ նաեւ այդ նախագիծն է քննարկվելու, մեկնաբանությունները կարվեն դրանից հետո:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31