Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում անակնկալ են տեղեկացել գազամատակարարման վերականգնման մասին, նույնիսկ քաղաքական ղեկավարությունը չունի տեղեկատվություն»․ Ժիրայր Ազիզյան

Հուլիս 10,2023 16:57

 «Առավոտի» զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

Ժիրայր Ազիզյան

-Պարոն Ազիզյան, հուլիսի 8-ի երեկոյան Արցախի գազամատակարարումը վերականգնվել էր, բայց հուլիսի 9-ին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ Ադրբեջանը դարձյալ անջատել է գազամատակարարումը։ Ի՞նչ է տեղի ունենում։

-Գազամատակարարման մասնակի վերականգման եւ դադարեցման հետ կապված չեմ կարող հստակ մեկնաբանություն տալ, որովհետեւ քաղաքագիտական հանրույթին, նաեւ քաղաքական ղեկավարությանը հասու չէ այն տեղեկատվությունը, թե ինչ պատճառով է տեղի ունեցել այդ մասնակի մատակարարումը եւ դադարեցումը։ Սրա մասին Արցախում տեղեկացել են անակնկալ կերպով, նախօրոք չէր էր հայտարարվել, որ գազամատակարարումը վերականգնվելու էր։ Պարզապես ադրբեջանական կողմը բաց է թողել գազը, եւ «Արցախգազ» ընկերությունը տեղեկացրել է հանրությանը, որ գազամատակարարումը վերականգնվել է, բայց մեկ օր հետո այն նորից փակվել է։ Թե որն է դրա պատճառը, իրականում մենք կարող ենք տարբեր ենթադրություններ անել, բայց դրանք չեն կարող լինել հիմնավոր, որովհետեւ չունենք հստակ տեղեկատվություն։ Մեր բոլոր ենթադրությունները լինելու են ընդամենը սիրողական մակարդակում։ Իհարկե, կարող են գտնվել որոշ քաղաքագետներ, քաղաքական վերլուծաբաններ, որոնք հիմա իրենք գիտունիկի տեղ դրած կփորձեն հստակ պատճառներ ներկայացնել, մեղավորներ նշել, բայց մենք չունենք հստակ տեղեկատվություն։ Կրկնում եմ, նույնիսկ քաղաքական ղեկավարությունը չունի այդ տեղեկատվությունը։

-Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անել։

-Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին ու մեր անելիքներին, ապա, ցավոք սրտի, մենք պետք է հասկանանք, որ ձեւավորված իրողությունների պայմաններում մեզանից, այո, շատ քիչ բան է կախված։ Բայց մենք գոնե մեր տնային աշխատանքը պետք է լավ կատարենք։ Ընդ որում, ես նկատի չունեմ միայն արցախահայությանը, այլ նաեւ ՀՀ իշխանություններին, Սփյուռքում գտնվող լոբբիստական կազմակերպություններին, որոնք իրապես կարող են որոշակի արդյունք ապահովել՝ համակարգված եւ նպատակաուղղված որոշակի գործողությունների արդյունքում։

Ինչ վերաբերում է պաշտոնական մակարդակով մեր անելիքներին, այո, գիտակցում ենք, որ միջազգային հարաբերությունները հիմնված են բացառապես շահերի վրա, բայց մեր անելիքն ընդամենը աշխարհաքաղաքական իրողությունների արձանագրումն ու դրանց հետ հաշվի նստելը չէ։ Եվ համապատասխան բոլոր կառույցները պետք է իրենց լիազորությունների շրջանակներում զբաղվեն մեր այդ տնային աշխատանքով։ Պետք է զեկույցներ ներկայացնել համապատասխան միջազգային կառույցներին, պետք է ցույց տալ, թե ինչ իրավիճակ է, եւ Ադրբեջանն ինչպիսի քաղաքականություն է վարում արցախահայության նկատմամբ։

Իհարկե, կարող են հակադարձումներ լինել, թե՝ արդյոք միջազգային հանրությունը չի՞ տեսնում։ Իհարկե, տեսնում է, բայց Ադրբեջանն իր հակափաստարկներով է դիմում միջազգային հանրությանը։ Փորձում է ներկայացնել, թե իբր միջանցքը բաց է։ Եվ այն, որ քաղաքացիներն առաջին անհրաժեշտության բուժօգնություն ստանալու նպատակով «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպության միջոցով դուրս են գալիս Արցախից եւ կարողանում են բուժօգնություն ստանալ, սա փորձում են ներկայացնել, թե իբրեւ անցակետը բաց է, եւ արցախահայությունը անցուդարձ է կատարում։

Նաեւ ինձ թվում է՝ գազամատակարարման հարցն էլ դրա հետ որոշակի առնչություն ունի, Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոլվո Կլաարը գրառում արեց, որ շատ ուրախ է, որ Ստեփանակերտից վերջապես նման հայտարարություն է եղել, որ գազամատակարարումը վերականգնվել է։

Մենք պետք է աշխատենք, պետք է ցույց տանք, որ, ոչ, գազամատակարարումը չի վերականգնվել, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձում է ստորացնել Արցախում ապրող հայ բնակչությանը՝ ծաղրելով նրանց։ Պետք է ցույց տալ, որ այդ անցակետով անցուդարձ տեղի չի ունենում, որ ընդամենն հրատապ բուժօգնության կարիքներից ելնելով է «Կարմիր խաչը» կազմակերպում այդ գործընթացը։ Եվ մնացած բոլոր առումներով մենք պետք է աշխատենք։

Երբ ես խոսում եմ այս իրավական գործընթացների կարեւորության մասին, մեր որոշ հայրենակիցներ փորձում են հակադարձել, թե իբր ի՞նչ կարեւորություն ունի այս իրավական գործընթացը։ Մենք պետք է գոնե մեզանից կախվածն անենք։ Կրկնում եմ՝ մեր խնդիրն ընդամենն այդ աշխարհաքաղաքական իրողությունների արձանագրումը չէ, այլ դրանք մեր ազգային ու պետական շահերի տրամաբանությամբ փոփոխելու ձգտումը։ Կհաջողվի մեզ, թե՞ չի հաջողվի, սա այլ խնդիր է, բայց մենք պետք է ձգտենք։ Մենք չպետք է ասենք՝ դե լավ, որեւէ մեկը հաշվի չի նստում արցախահայերի իրավունքների հետ, հայտարարություններով է սահմանափակվում։ Մենք գիտենք, որ առայժմ հայտարարություններով են սահմանափակվում, բայց ի՞նչ, ընդամենը սա արձանագրենք եւ սրանով մեր տասնամյակների պայքարի էջը փակե՞նք։ Ոչ, մենք պետք է ձգտենք այդ իրողությունները փոխել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31