Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դու հոգեբանորեն պատրաստ ես ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, քեզ համար խնդիր չպիտի լինի, որ այսօր բարձրացնես առնվազն Արցախի ինքնավար մարզ ունենալու հարց։ Գոնե դա արեք»․ Օսկանյանը՝ Փաշինյանին

Հուլիս 10,2023 16:40

«Ես մեկ անգամ ևս կրկնում եմ իմ առաջարկը, վստահ եմ, որ դա հնարավոր է անել։ Պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել այդ գործը առաջ տանելու համար։ Երբ ես ասացի, որ ուղղակի այդ ընթացքում պետք է իշխանությունները լռեն, հավատացեք՝ որևէ նպատակ չունեի ինչ-որ մեկին կամ մարդկանց նեղացնելու, վիրավորելու։ Դա ասել եմ՝ ելնելով մեր վերջին տարիների դառը փորձից»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում  հայտարարեց ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

Նրա կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտությունից հեռու մարդ է․ «Սա փաստ է։ Նորից այստեղ վիրավորելու հարց չկա։ Նրա կրթությունը դիվանագիտությանը չի էլ վերաբերում, ռազմաքաղաքական հարցերին չէր վերաբերում, նա նման փորձ չուներ։ Իր ողջ ընդդիմադիր գործունեության ընթացքում, բացառությամբ մի քանի խորհրդարանական այց, նա արտաքին շփումներ չի ունեցել։ Առավել ևս, Փաշինյանը չէր հասկանում և այսօր էլ չի հասկանում դիվանագիտության մեջ խոսքի արժեքը, խոսքի կարևորությունը, որ մի բառը նույնիսկ, եթե դա ճիշտ, տեղին չի ասվում, դա բացասական հետևանք է ունենում։ Օրինակ՝ Արցախում արտահայտած միտքը, որ Արցախը Հայաստան է և վերջ, միգուցե Փաշինյանի արած քաղաքական հայտարարություններից ամենաճիշտն էր, բայց արվել էր սխալ ձևով, սխալ տեղում, սխալ ժամանակ, և դա բերեց շատ բացասական հետևանքների»։

Վարդան Օսկանյանն ասաց, որ միջազգային հարաբերություններում, միջազգային, նաև հայկական դիվանագիտության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ խոսքը կարևոր նշանակություն է ունեցել․ «Սառը պատերազմի ժամանակի արևմուտքի ողջ քաղաքականությունը Խորհրդային միության նկատմամբ կառուցված էր ընդամենը մեկ բառի վրա՝ զսպողականություն։ Դա տվեց իր արդյունքները․ պահպանեց խաղաղությունն այդ ամբողջ ժամանակահատվածում։ Իմ նախարարության շրջանում որդեգրել էինք կոմպլեմենտար՝ փոխլրացման քաղաքականությունը, հնարավոր եղավ երկու կողմերի հետ ռազմական ու տնտեսական հարցերում համագործակցել, և դրանից Հայաստանը քաղեց առավելագույն հնարավոր օգուտը։ Եթե հետևել եք լրահոսին, Արևմուտքն իր քաղաքականությունը փոխեց Չինաստանի նկատմամբ։ Ընդամենը մեկ բառ փոխելով՝ տնտեսություններն իրարից անջատելուց անցան տնտեսություններն իրար կախվածությունից ռիսկը նվազեցնելուն։ Դա էական փոփոխություն էր համարվում»։

Վարդան Օսկանյանն ասաց, որ իր առաջարկությունը՝ բեկում մտցնելու հայ-ադրբեջանական բանակցություններում, կառուցված է հենց նման մոտեցման վրա․ «Այն փոփոխությունները, որ առաջարկում եմ, նուրբ են, բայց ընկալելի են և′ միջազգային հանրության, և′ միջնորդների, և′ հավատացեք ընկալելի կլինի հակառակորդին։ Որոշակի շեշտադրումներ փոփոխելով՝ հնարավորություն կարող ենք ունենալ բանակցությունները դնել ավելի հայանպաստ հունի մեջ։ Պետք է բանակցությունների նարատիվը՝ փիլիսոփայությունը, մոտեցումը փոխել և ոչ թե պնդել, որ մենք ամեն գնով պետք է հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրման, այլ փորձենք այս փուլում Ադրբեջանի հետ որոնել այն հնարավոր ճանապարհները ու միջոցները, որը հնարավորություն կտա երկու ժողովուրդների միջև հասնել արդար ու կայուն խաղաղության։ Ընդլայնելով օրակարգը՝ պետք է մտցնել օրակարգ Արցախը սովետական շրջանում ինքնավար մարզ ունենալու փաստի հանգամանքը։ Սա մեզ համար նոր հնարավորություններ կստեղծի փոխել բանակցությունների տրամաբանությունը։ Այստեղ դժվար թե լուրջ դիմադրություն լինի, սրա դեմ հակափաստարկ չկա, քանի որ Ադրբեջանը հենց ինքը օրակարգ է բերել որոշ հարցեր, որոնք ժառանգություն են հենց սովետական շրջանի սովետական քարտեզների՝ անկլավների հարցը։ Եթե նա համարձակվում է անկլավների հարցը դնել, բայց այդ նույն քարտեզները, որ անկլավները ցույց են տալիս, այդ քարտեզները ցույց են տալիս նաև ԼՂ ինքնավար մարզը։ Եվ այստեղ ուղղակի հակափաստարկ չկա։ Բավական մանրամասն հիմնավորել եմ, թե ինչու Ադրբեջանը չի կարող դիմադրել այս մտքին․ միջազգային օրենքը հստակ է՝ նման դիմադրություն ցուցաբերելու դեպքում, մերժելու այս հարցը օրակարգ բերել, նա լուրջ խնդիրների առաջ կկանգնի՝ միջազգային օրենքների դրույթներից ելնելով։ Միջազգային օրենքը Արցախի արտաքին ինքնորոշման լուրջ հնարավորություն է բացում»։

Իր ձևակերպմամբ՝ մտնելով Փաշինյանի տրամաբանության դաշտ՝ Վարդան Օսկանյանն ասաց․ «Փաշինյանն ուղղակի չի տիրապետում, չի հասկանում խոսքի կարևորությունը և արժեքը։ Այս տարիներին մեզ որևէ այլ բան այդքան վնաս չի տվել, ինչքան Փաշինյանի սխալ խոսքը։ Նա հաճախ կարծես խոսում է առանց մտածելու, պահի տակ իր մտքում եղածն արտահայտում է, հաճախ իր արտահայտություններում նկատի ունի ոչ թե հակառակորդին, միջազգային հանրությանը, այլ ներքին լսարանին՝ հատկապես ընդդիմադիր դաշտին։ Դա միայն սխալ ճանապարհով կտանի մեզ։ Այդ հինգ տարվա գործուն ու այսօրվա գործընթացները դրա վառ ապացույցն են»։

Վարդան Օսկանյանն ասաց, որ մտնելու է Փաշինյանի դատողության, տրամաբանության դաշտ, և այն, ինչ ասելու է՝ իրենը չէ, այլ Փաշինյանինը․ «Պարզապես ուզում եմ այդ դաշտում որոշ հարցեր բարձրացնել և լինել ընդդիմախոս Փաշինյանի վարած քաղաքականությանը, բայց հենց իր դաշտում; Ի՞նչ է այսօր փորձում անել Փաշինյանը․ ասում է՝ ես պատրաստ եմ տալ Արցախը, տալիս եմ, տվել եմ ի դիմաց նրան, որ ապահովեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց Փաշինյանին նույնիսկ սա չի ստացվում անել, քանի որ իր սկզբնակետը սխալ է եղել։ Այնտեղ ինքը նույնպես սխալ է խոսել։ Ինքը, եթե ոչ թե առ այսօր ասած լիներ՝ ես ճանաչում եմ և այդ ճանաչումը դեռ որակավորել այնպես, որ ընդհանրապես այդ «ճանաչումը» բառին ժամանակագրական առումով հնարավոր չլինի մեկնաբանել՝ ասելով, որ նախկիններն են ճանաչել, Ալմաթիի հռչակագրով ենք ճանաչել, աշխարհը այդպես է ճանաչում, ինքն այնքան է որակավորումներ տվել՝ ճանաչում եմ, ընդունում եմ, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն․․․ այդ ճանաչում բառին այնքան որակում է տվել, որ դրան երկրորդ մեկնաբանության հնարավորություն չի տվել։ Եթե ընդամենն ասած լիներ ոչ թե ճանաչում եմ, այլ պատրաստ եմ ճանաչել, այսօր ՀՀ-ն բանակցային առումով ավելի լավ դիրքեր կստանար։ Այսօր ինքը կստանար այն, ինչ ուզում է, ստորագրած կլիներ իր երազած խաղաղության պայմանագիրը, բայց դա չի կարողանում անել, քանի որ սխալ է խոսել։

Երբ դու դեռ չես գնացել բանակցությունների, ասում ես, որ ճանաչում եմ Արցախն Ադրբեջանի մաս, դու տալիս ե քո հակառակորդին իր ցանկացած ամենամեծ պատառը, ինքը, իհարկե, շարունակելու է դա ստանալով հանդերձ՝ իր մնացած պահանջները փորձել ձեռք բերել։ Դու կորցնում ես բանակցային ճկուն հնարավորություն, դու առևտրի տեղ չես ունենում։ Երբ Ադրբեջանը իր հինգ առաջարկները ներկայացրեց, մեկ օր էր անցել, հայտարարեցին, որ դրանք մեզ համար ընդունելի են, փոխանակ ասեն՝ ընդունում ենք ի գիտություն, բանակցություններում կքննարկենք, ինձ սա ապշեցնում է։ Կարծեք մանկապարտեզի երեխաներին ուզում եմ բան բացատրել։ Սրանք այնքան ակնհայտ հարցեր են, այստեղ դժվար թե մարդ վրիպի, ինչքան էլ դիվանագիտական փորձ չունենա։ Ընդամենը պիտի ասեր՝ պատրաստ եմ ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, եթե բանակցությունները տան իրենց դրական արդյունքները։ Սա վկայություն է այն բանի, որ իրոք այստեղ ոչ կոմպետենտության խնդիր կա։ Բոլորս՝ ոչ թե մի խումբ մարդիկ են տուժում, այլ ողջ ժողովուրդը, հայրենիքն է տուժում։ Մենք շատ բան ենք կորցրել ու շարունակում ենք կորցնել։ Սա է իմ առաջարկությունը՝ բերեք կոմպետենտ մարդկանց, դու չեք կարող։

Նորից Փաշինյանի տրամաբանության մեջ մտնելով՝ իմ առաջարկության մեջ ինքնավար մարզի մասին, որ խոսում եմ, ես ընդամենը ասում եմ, որ այդ փաստի գոյությունը բերեն օրակարգ։ Օրակարգ բերելուց հետո դա այլ դռներ է բացելու բանակցությունների մեջ։ Փաշինյանին եմ հարց տալիս՝ իր տրամաբանության շրջանակներում։ Եթե դու հոգեբանորեն պատրաստ ես ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, քեզ համար խնդիր չպիտի լինի, որ այսօր բարձրացնես առնվազն Արցախի ինքնավար մարզ ունենալու հարց։ Այդքանի իրավո՞ւնք էլ չունի արցախցին, երբ ընդհանրապես անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, երբ հազարամյակներ այնտեղ միայն հայեր են ապրել, սովետական տարիներին ունեցել է ինքնավար մարզ, նախկին 30 տարում եղել է անկախ քաղաքական միավոր։ Այսքանից հետո այդ մարդիկ իրավունք չունե՞ն Ադրբեջանի կազմում, ինչպես դու ես ասում, գոնե ինքնավար մարզ ունենալ։ Ինչո՞ւ այդ հարցը չեք բարձրացնում։ Գոնե դա արեք։ Այդ հարցում ես ձեզ օգնել չեմ կարող, որովհետև դա իմը չէ։ Իմ առաջարկն այլ է, բայց դուք արեք, դա ձեր գրպանում է։ Եթե իմ հարցում 70-80 տոկոս վստահ եմ, որ կկարողանամ անել, այստեղ ոչ թե 99 տոկոս եմ վստահ, այլ 100 տոկոս եմ վստահ, որ կարելի է սա անել։ Բայց եթե իմանաք՝ ոնց անեք։ Այդ հարցում չեմ կարող օգնել։ Մյուս հարցում կարող եմ։

Նորից եմ կրկնում իմ առաջարկությունը։ Ես համոզված եմ, որ դա կարող եմ անել մի խումբ գործընկերների հետ։ Տվեք այդ լիազորությունները, դուք էլ կարող եք նստել, չլռել, բայց մտածեք, հետո խոսեք, կամ համաձայնեցրեք, թե դուք ինչ եք խոսելու, և հավատացեք, որ մենք հաջողություն ենք ունենալու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31