««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է հստակեցնել օրենքի լիազորող նորմերը: Այս մասին ասել է հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը` ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` հուլիսի 10-ի արտահերթ նիստում օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով:
Ըստ նրա` որոշ լիազորող նորմեր խմբագրվել են, իսկ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքից հանվել է տարեկան ծրագրին առնչվող լիազորող նորմը: Առաջարկվում է հանել նաեւ «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը» հաստատելու նորմը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքից` «հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ ներդնելու ծրագիրը» հաստատելու նորմը, քանի որ նախատեսվել է դրանք չհաստատել որպես առանձին ծրագրեր, այլ դրանց իրականացմանն առնչվող գործողություններն արտացոլել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրում:
Միաժամանակ նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման, ինչպես նաեւ աջակցող միջոցների տրամադրման մեթոդական ուղեցույցների մշակումն իրականացնել ըստ անհրաժեշտության` հաշվի առնելով որոշ դեպքերի առանձնահատկությունները:
Նշվել է, որ անձի ֆունկցիոնալության գնահատմանն անցնելու համատեքստում, անհրաժեշտ է սահմանել համապատասխան կարգավորումներ միջպետական համաձայնագրի դրույթներն իրագործելու համար: Նախագծով Կառավարությանը լիազորվում է սահմանել այդ առանձնահատկությունները:
Կարդացեք նաև
Տաթեւիկ Ստեփանյանի հավաստմամբ նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները նպատակ ունեն ՀՀ օրենսդրությունը համահունչ դարձնել 2019 թվականի ապրիլի 29-ի «ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների իրականացման հետ: Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսվում է` «Հաշմանդամություն սահմանելու նպատակով աշխատողի (ընտանիքի անդամի) բժշկական զննումն իրականացվում է նրա բնակության պետության օրենսդրությանը համապատասխան` ըստ նրա բնակության վայրի»:
Ըստ փոխնախարարի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը 2024 թվականից ամբողջությամբ անցնելու է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգին, նախատեսվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շրջանակում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները:
Հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը կարեւորել է Կառավարության ջանքերն ուղղված ոլորտի պարբերաբար բարեփոխմանը: Նա գործընկերներին կոչ է արել ձեռնպահ մնալ եւ չընդունել նախագծերով առաջարկվող մի շարք փոփոխությունները:
Տաթեւիկ Ստեփանյանը մանրամասն անդրադարձել է պատգամավորի առաջարկություններին եւ դրանք անընդունելի համարել: Նա նաեւ փաստել է, որ Կառավարությունը չի ստացել այդ առաջարկությունների գրավոր տարբերակը:
Հանձնաժողովի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկել է հարցի քննարկումը հետաձգել մինչեւ երկամսյա ժամկետով` այդ ընթացքում համալիր անդրադառնալ Զարուհի Բաթոյանի առաջարկություններին:
Հանձնաժողովը քվեարկությամբ մերժել է ընդդիմադիր պատգամավորի առաջարկությունը:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի առաջարկությանը, որը ներառվել է փաթեթում:
Պատասխանելով Աղվան Վարդանյանի` 44-օրյա պատերազմի մասնակից հաշմանդամ դարձած տղաների դժգոհությունների վերաբերյալ հարցին` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը նշել է, որ իրենք մշտական կապի մեջ են տղաների հետ եւ պարբերաբար իրականացնում են մշտադիտարկում: Նրա հավաստմամբ Կառավարությունը միայն պրոթեզավորման մասով շուրջ 40 մլն դրամ փոխհատուցում է տալիս:
Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին, այն կներառվի ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգում:
ԱԺ