Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի խորհրդարանի պատգամավորը համամիտ չէ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ

Հուլիս 10,2023 15:21

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն օրերս կարծիք էր հայտնել, որ ԼՂԻՄ-ի խորհրդային շրջանում ունեցած կարգավիճակի հարցը պետք է դնել բանակցային օրակարգում: «Խորհրդային շրջանում ԼՂԻՄ-ը եղել է ինքնավար մարզ, այս փաստը պետք է լինի այսօր բանակցությունների օրակարգում: Եկեք չմոռանանք, որ այդ փաստն է, որ 1991-ին Արցախի ժողովրդին հնարավորություն տվեց ձգտելու ինքնորոշման, անցկացնելու հանրաքվե: Դա միջազգային հանրության համար ընդունելի դարձավ հենց այդ փաստի գոյությամբ, որ ԼՂ ժողովուրդը խորհրդային շրջանում ունեցել է ինքնավար մարզ: Դա պետք է այսօր բերել՝ դնել սեղանի վրա: Դա նոր հնարավորություններ կբացի քաղաքական ու իրավական ինչ-որ լուծումների գնալու բանակցությունների արդյունքում: Սրան հակափաստարկ ուղղակի չի կարող գոյություն ունենալ: Միջազգային հանրությունը սա միանգամից վերցնելու է եւ բերելու է բանակցային սեղան: Ադրբեջանը հնարավոր է դիմադրի, բայց նրան կստիպեն: Եթե Ադրբեջանը դեմ լինի, որ սա մտնի օրակարգ, հավատացեք, Ադրբեջանը միջազգային իրավունքի տեսանկյունից շատ լուրջ խնդիրների առջեւ է կանգնելու: Իսկ եթե այս հարցն օրակարգ մտնի, դա արդեն Արցախի ժողովրդին միջազգային հանրության օգնությամբ հնարավորություն է տալու, որ ձգտի անկախության»,- հիմնավորել էր Վարդան Օսկանյանը:

Արցախի խորհրդարանի իշխող ուժը ներկայացնող «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով ընտրված պատգամավոր Արթուր Հարությունյանը (լուսանկարում) չի կիսում դիվանագետի այս մոտեցումը. նա հիշեցնում է, որ արցախյան առաջին պատերազմից հետո, բանակցային ողջ գործընթացը կառուցվել է Արցախի ինքնորոշման սկզբունքի կիրառման վրա եւ ԼՂԻՄ ինքնավար մարզի կարգավիճակի մասին խոսք անգամ չի եղել. այդ կարգավիճակն արդեն պատմություն է եւ դա հիմք է հանդիսացել, որպեսզի ԽՍՀՄ փլուզման արդյունքում Արցախի ինքնորոշման հարց առաջ մղվի: Ուստի հիմա նման մոտեցում կիրառելը նա իբրեւ հետքայլ է դիտարկում: Անգամ երբեմն անելանելի թվացող եւ իրականում բարդ ու օրհասական իրավիճակը, ներկայիս փոփոխված իրողությունները, ըստ նրա, չպետք է մեզ կաշկանդեն եւ ստիպեն ի վնաս Արցախի պետության եւ արցախահայության որոշումներ կայացնել:

«Այդպիսի հարց մենք օրակարգում չունենք, չեմ էլ կարծում, որ դա որեւէ կերպ ընդունելի է լինելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Հարությունյանը:

Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն, ըստ արցախցի պատգամավորի, այլընտրանք չունի, այն միջազգայնորեն ճանաչված իրավանորմ է եւ որեւէ այլ, անգամ միջանկյալ կարգավիճակով, այն չի փոխարինվելու:

Վարդան Օսկանյանը նաեւ ՀՀ վարչապետից լիազորություն էր ուզել ու 2-3 ամիս լռություն, որպեսզի իր ղեկավարությամբ, դիվանագետների խմբով, հնարավորություն ունենար արցախյան հարցի բանակցային գործընթացը հայկական կողմերի օգտին շտկել: Այս առաջարկը միանշանակ չընկալվեց նաեւ ընդդիմադիր քաղաքական դաշտում. ըստ որոշ գնահատականների, այն ավելի շատ ռոմանտիզմ է պարունակում, քան հստակ հաշվարկ: Մինչդեռ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Վարդան Օսկանյանի առաջարկը տրամաբանական է համարում: Արթուր Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել Վարդան Օսկանյանի այս առաջարկն՝ ասելով, որ այն անձնական-անհատական բնույթ ունի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31