Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ փորձագետի, «Հայատյացություն» գիրքը հրաժարվել են ընդունել վաճառքի

Հուլիս 10,2023 14:16

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «Հայատյացություն» գրքի վաճառքի համար դիմել էր Book Prize առցանց գրախանութին, որտեղից պատասխանել են, որ պահանջարկ չկա, եւ նման թեմայով գրքեր ընթերցողներին չեն հետաքրքրում:

«Չգիտեմ այս երևույթը Հայաստանում դիկտատուրայի հաստատման գործընթացի արդյո՞ւնք է, թե՞ պարզ անհեռատեսություն…Հիմա հարց.

-Որտեղի՞ց այդքան վստահություն, երբ Հայաստանում նման գրքերի վաճառք պարզապես շատ քիչ է իրականացվել կամ ընդհանրապես չի իրականացվել:

-Արդյո՞ք փորձելը լավ տարբերակ չէր, քան հրաժարվելը:

-Արդյո՞ք գրքերը չեն համարվում ալտերնատիվ տեղեկատվական աղբյուր եւ օգնում են չտրվել պարզ մանիպուլյացիաներին:

Հ.Գ. Խնդիրը գրքի վաճառքի մեջ չէ՝ խնդիրը անհիմն պատճառաբանության եւ միգուցե վախի մեջ է:

Հ.Գ. Ի դեպ, էս նույն էջում Արցախի թեմատիկայով հրապարակում կա. թե բա սոցցանցային հայրենասիրություն»,-գրել էր նա:

Aravot.am-ի հետ զրույցում Գառնիկ Դավթյանը հետեւյալը հայտնեց. «Այդ գրախանութը օնլայն հարթակում է վաճառում գրքերը եւ կոնկրետ պատճառաբանություն չի տվել, ուղղակի ասել են՝ նպատակահարմար չենք գտնում վաճառել…Հստակ պնդում անել չեմ կարող, թե միտում կա սրա մեջ, ուղղակի ինձ թվում է՝ կամ համակարգողը կապ ունի Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, քաղաքական հայացքներով է կապված, կամ էլ կրթության պակասն է, որ չի գիտակցում, թե դա ինչ խնդիր է եւ գրքի նկարը չի ցանկանում տեղադրել, որ հետաքրքրվողներն իմանան»:

Հարցրինք՝ իսկ ո՞ր մեծ գրախանութներին է գիրքը առաջարկվել, եղե՞լ է, որ հրաժարվեն այն վերցնել վաճառքի: «Բուկինիստում» եւ «Զանգակում» գիրքը վաճառվում է: Իհարկե, կոնկրետ վիճակագրություն չունեմ, բայց գիտեմ, որ գրքի հանդեպ հետաքրքրություն կա»,-ասաց նա:

Հարցին՝ վերջին շրջանում տրամադրությունների փոփոխություն տեսնո՞ւմ է հարեւան երկրի կողմից վտանգ զգալու, իրականությունը ռեալ տեսնելու առումով: «Վտանգները գիտակցում են, ուղղակի պետք է ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերվի՝ հանրությանն իրազեկելու առումով, միայն ասել, որ Ադրբեջանը թշնամի է, չի աշխատի, պետք է բացատրվի, կոնկրետ օրինակներով ցուցադրվի եւ ճիշտ աշխատանք տարվի»:

Գառնիկ Դավթյանն ասաց, որ իր գրառումը տեսնելուց հետո՝ ֆեյսբուքյան ընկերներից մի քանիսը գրախանութի ֆեյսբուքյան էջին գրել են, ու միեւնույն պատասխանն է տրվել նրանց, ինչ իրեն եւ փոխարենն առաջարկել է Փամուկի «Ստամբուլ. հուշերի քաղաք» գիրքը:

Թեմայի վերաբերյալ մեկնաբանության համար կապվեցինք նաեւ Book Prize առցանց գրախանութի հետ: Վաճառքի գծով պատասխանատու Էդուարդը հետեւյալը փոխանցեց. «Մենք առցանց փոքր գրախանութ ենք, հետեւաբար չենք կարող գիրքը վերցնել ու դնել ինչ-որ տեղ վաճառքի, դրա համար էլ չենք վերցրել: Մենք մեծածախ վաճառակետերի ծավալների վաճառքից նախընտրությամբ վերցնում ենք գրքերը: Ընդամենն այդ պատճառով ենք Գառնիկին ու մյուս հեղինակներին մերժել, քանի որ, ինչպես արդեն նշեցի, վերցնում ենք մեծածախ վաճառակետերից հաշիվ-ապրանքագրով, ու տպարանների, անհատների հետ չենք աշխատում, որ դնենք ու ինչ-որ մի տեղ դնենք վաճառվի»:

Ինչ վերաբերվում է Գառնիկ Դավթյանի հայտնած այն տեղեկությանը, որ «Հայատյացության» փոխարեն Փամուկ է առաջարկվել, Էդուարդը պատասխանեց, որ նամակագրությամբ նման պատասխան չի տրվել, բանավոր պատասխանի դեպքում էլ, հնարավոր է ուրիշ բան են հարցրել, այլ պատասխան է տրվել. «Միանշանակ որեւէ միտում չի եղել: Ի դեպ, մենք նախապատվություն ունենք որոշ գրքերի, մի աշխատակիցը մի հեղինակի է սիրում, մյուսը՝ մեկ այլ, բայց Փամուկ չի առաջարկվել, որովհետեւ Փամուկ սիրող աշխատակից չունենք: Գուցե հարցրել են Փամուկի ինչ գործեր ունենք, հնարավոր է ինչ-ինչ խոսակցության արդյունքում է առաջարկվել»:

Book Prize-ի վաճառքի գծով պատասխանատուն ասաց, որ քովիդի շրջանում բավականին շատ էին գրքեր պատվիրում, հիմա, նրա ձեւակերպմամբ, կրկին ընթերցանության առումով անկում է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Գառիկ Դավթյանի ֆեյսբուքի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31