«Փաստինֆո». ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության հիման վրա նախաձեռնված վարույթը նորից կվերաբացվի։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, վերացրել է քրեական վարույթը կարճելու որոշումը։ Այս մասին «Փաստինֆո »-ն տեղեկանում է փաստաբան Հովհաննես Խուդոյանից։
Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին՝ հրաժարական տալ։ Աղմկոտ զրույց-պահանջը տեղի է ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Հրապարակված ձայնագրությունից հետեւում էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալու համար։
Ավելին, հայտարարել է, ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ ու ինքը հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ» տվել։ Աղմկահարույց ձայնագրությունից և առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ և ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում է հրաժարական տալ, իսկ հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց՝ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել է՝ հանցանքի բացակայության հիմքով։
ՔԿ-ում վկայի կարգավիճակով վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաև ԲԴԽ արդեն նախկին անդամներ Ստեփան Միքայելյանը, Սերգեյ Չիչոյանը և ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը: Ընդ որում` վերջին երկուսի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում էր կայացվել: Նշված որոշման դեմ Վարդազարյանը բողոք էր ներկայացրել, սակայն, մինչ բողոքը կստացվեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը սեփական նախաձեռնությամբ վերացրել էր քննիչի որոշումը՝ ըստ քննչական ենթակայության գործը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու որոշում կայացնելով։ Միևնույն ժամանակ դատախազն արձանագրել է, որ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո ժամկետները չեն պահպանվել, քանի որ ավարտ հայտարարելու մասին տեղեկացնելուց հետո քննիչը ժամանակ չի տրամադրել՝ բողոքարկման համար:
Կարդացեք նաև
Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո փաստացի սառեցված վիճակում պահվել է երեք ամիս, ապա՝ կարճվել՝ հանցանքի բացակայության հիմքով։ Ընդ որում, ՀԿԿ-ում որևէ գործողություն չէր իրականացվել ո՛չ Ռուբեն Վարդազարյանի, ո՛չ մյուսների վերաբերյալ, ավելին, Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչը մամուլից էր տեղեկացել վարույթի կարճման մասին։
Դատական կարգով բողոքարկման արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը որոշել է բավարարել Ռ. Վարդազարյանի ներկայացուցչի բողոքը և վերացնել վարույթը կարճելու որոշումը, ըստ այդմ, դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործը կվերաբացվի։ Հատկանշական է, որ բողոքի քննության ընթացքում դատախազությունը համաձայնվել է բողոքին և չի բացառվում, որ դատական ակտը չի բողոքարկվի։
Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ