Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստան է այցելել շուրջ մեկ միլիոն զբոսաշրջիկ. Սիսիան Պօղոսեան

Հուլիս 10,2023 13:57

Առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստան է այցելել շուրջ մեկ միլիոն զբոսաշրջիկ: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը (լուսանկարում): Նրա գնահատմամբ սա լավագույն ցուցանիշն է, քանի որ այն գերազանցել է մինչ այս լավագույնը համարվող 2019թ. ցուցանիշին՝ գրանցելով 30 տոկոս աճ: «2019թ ողջ տարվա ընթացքում արձանագրվել է 1մլն. 900 հազար զբոսաշրջիկ, այսպես շարունակվելու դեպքում՝ հույս ունենք, որ կգերազանցենք 2 մլն. շեմը: Ավանդաբար, ամենաշատ զբոսաշրջիկներ այցելում են Ռուսաստանից, այս տարի ևս բացառություն չէ՝ մեր զբոսաշրջիկների ընդհանուր թվի 52 տոկոսը Ռուսաստանից են, այնուհետև Վրաստանից, երրորդ տեղում՝ Իրանից: Վերջին տասը տարվա կտրվածքով, մեր երկրով ամենից շատ հետաքրքրված են այս երեք երկրներից, միաժամանակ մենք ակտիվ աշխատում ենք եվրոպական մի շարք երկրների ուղղությամբ, օրինակ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և այլն»,-նշեց Պօղոսեանը՝ հավելելով, որ արձանագրված բարձր ցուցանիշն արդյունք է իրենց կողմից Հայաստանի բրենդը տարբեր երկրներում ներկայացնելով, մեր երկիր օտարերկրյա հեղինակավոր զբոսաշրջային մեդիա և բլոգերների այցերի կազմակերպմամբ, ինչպես նաև իրադարձային զբոսաշրջության ակտիվացմամբ:

Արփինե Հակոբյան

Իրադարձային զբոսաշրջության մի օրինակ էլ հուլիսի 22-ին Դսեղ գյուղում կայանալիք «Ուտելի բույսերի» փառատոնն է, որը «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանի խոսքով, արդեն 4-րդ տարին է, ինչ անցկացվում է: «Հաճախ հարց են տալիս, թե ինչո՞ւ ուտելի բույսերի փառատոն, քանի որ մեր խոհանոցը, մեր ժողովրդի ազգային դիմագիծն է և շատ կարևոր է պահպանել և փոխանցել ոչ նյութական մշակութային արժեքները: Հենց այդ ոչ նյութական մշակութային արժեքների միջոցով ուզում ենք ցույց տալ, թե ինչպիսի ավանդույթներ ունենք»,-ասաց նա՝ վստահեցնելով, թե շատ զբոսաշրջիկների հենց հայկական ազգային խոհանոցի յուրահատուկ համն ու հոտն է կրկին բերում մեր երկիր: Հակոբյանը տեղեկացրեց, որ հայկական լեռնաշխարհում աճում են ավելի քան 3500 բույս, որից մոտ 300-ը ուտելի բույսեր են ու իրենց ուրույն տեղն ունեն հայկական խոհանոցում:

ՀՀ Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանի պնդմամբ, ամրագրված զբոսաշրջության բարձր ցուցանիշի զգալի մասը բաժին է ընկնում Լոռու մարզին, քանի որ այնտեղ ավելի քան 3000 պատմամշակութային հուշարձաններ կան, չհաշված բարերար ռելիեֆի հնարավորությունները:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31