«Մեր փորձը ցույց է տվել, որ հատկապես այն մահվան դեպքերը, որոնք որակվում են ինքնասպանություն, չեն բացահայտվում։ Ընտանիքները մնում են այդ ցավի հետ։ Ինքնասպանության բեռը դրվում է ընտանիքի վրա, և որևէ պատասխանատվություն չի զգում քննչական կոմիտեն»,-«Մեդիա կենտրոնում» «Խաղաղ պայմաններում մահացած երեք զինվորների գործերի քննության ընթացքը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Ըստ նրա՝ անգամ, երբ ներկայացնում ես անառարկելի ապացույցներ, միևնույն է, ինքնասպանության վարկածը չի փոխվում․ «Անկախությունից ի վեր՝ վատագույն ավանդույթներն են, որը հիմա փայլուն իրականացնում է Արգիշտի Քյարամյանը»։
Ժաննա Ալեքսանյանը հայտնեց, որ մահացած զինծառայող Ռադիկ Թաթոսյանի գործի նախաքննությունն ավարտվել է․ «Տեսանք, թե ինչ բացեր կան, ինչ, մեղմ ասած, տխուր քննություն է կատարել Քննչական կոմիտեն։ Ծնողներն իրենք են փորձում հետաքննությունն անել, որ գործի քննությունը բացահայտվի»։
Ժաննա Ալեքսանյանն ահազանգեց, որ Քննչական կոմիտեն անհարգալից է վերաբերվում ծնողներին․ «Օրինակ՝ Ռադիկ Թաթոսյանի ընտանիքը, երբ լուսանկարներ է ուզել, երբ մայրը քննիչին ասել է, թե ինչ վիճակ է, տղայի վրա բռնության հետքեր է տեսնում, քննիչը զինծառայողի մորն ասել է՝ գնա առաջին քննիչից ուզի լուսանկարները, նա էլ ուղարկել է դատաբժշկի մոտ։ Երբ գնացել է Մարտունու դատաբժշկական կենտրոն, ասել են՝ դու ոչինչ էլ չես կարող ստանալ, անհարգալից վերաբերմունք են դրսևորել։ Ի վերջո, բողոքներ ենք գրել, հիմա տրամադրել են լուսանկարներ։ Ռադիկը մասնակցել է պատերազմին, անցել է 44-օրյա պատերազմը, հունվարին արդեն պատերազմից հետո մեկ օրվա ընթացքում մահացել է։ Մենք ունեինք նրա դատաբժշկական եզրակացությունը, որտեղ ասվում է, որ նա թոքաբորբից է մահացել։ Բայց լուսանկարներում կան հետքեր, որոնք չեն արձանագրվել դատաբժշկական փորձաքննության մեջ։ Մեր տարիների փորձը ցույց է տվել՝ հատկապես բռնության ենթարկված դեպքերը փորձում են ուշացնել կամ իրենց տրամաբանությամբ մոռացության տալ»։
Կարդացեք նաև
Ժաննա Ալեքսանյանը հայտարարեց, որ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերն այս իշխանության օրոք աճել են․ «Բարեփոխված գլխավոր դատախազությունը զրո վերահսկողություն է իրականացնում։ Մի բացատրություն տան, թե ինչն է պատճառը։ Սուտ է, որ ձգձգման պատճառը ծանրաբեռնվածությունն է։ Հայկ Պետրոսյանի մահվան դեպքով նրանք պետք է հապճեպ անեին, որովհետև ընտանիքը պահանջ է դրել, իր իրավունքները գիտի, աղմուկը շատ էր, իսկ այն ընտանիքները, որոնք փաստաբանի հնարավորություն չունեն, իրենց պայմաններն այն չեն, ցավով եմ նշում, բայց այդ ծնողների հետ ինչպես ուզում՝ վարվում են։ Պետություն ղեկավարելու այս մոտեցումն է։ Ինքնասպանությունը բարդում են ծնողների վրա։ Այս մարդիկ առաջին հերթին ուզում են այդ պիտակից ազատվել։ Առաջին միտումը դա է, որպեսզի իրենց վրայից պատասխանատվությունը հանեն։ Չէ՞ որ ընտանիքը երկու տարով պահ է տալիս իր զավակին, մինչդեռ նրանց նկատմամբ ուղղակի իմիջիայլոց վերաբերմունք է։ Որևէ վերահսկողություն չկա։ Տեսե՞լ եք Աննա Վարդապետյանը մի անգամ խոսի զինվորական գործերով։ Փաշինյանին ևս չի հետաքրքրում՝ մեր իրավապահ համակարգն ինչպես է աշխատում։ Բարձրացնում է քննիչների աշխատավարձը, պատմական իրադարձություն համարեց, որ կենսաթոշակները երեք հազարով ավելացրել է։ Քննչական կոմիտեն ուղղակի հալածում ու տառապանք է պատճառում զինծառայողների ընտանիքներին, որոնք իրենց որդիներին ուղարկել են հայրենիքի համար ծառայելու և ստացել իրենց որդիների դիերը։ Ամբողջ պատասխանատվությունը կրում են՝ սկսած Նիկոլ Փաշինյանից։ Ո՞ւր են, ինչո՞ւ չեն մասնակցում քննարկմանը։ Մտածում են՝ կանցնի, կգնա»։ Նշենք, որ քննարկման մասնակցելու հրավերն ուղարկվել է նաև Քննչական կոմիտե, սակայն չեն արձագանքել։
Ժաննա Ալեքսանյանի տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ է անում, ինչպես իրեն հարմար է․ «Հայտարարություններ է անում՝ իր շահից ելնելով։ Քննչական մարմինների աշխատավարձ է բարձրանում, շատ հնարավոր է՝ այդ ամենը հենց իրեն պետք է, դրա համար էլ անում է։ Մարդկանց թողնում են մենակ իրենց վշտի հետ։ Նույնիսկ մահվան լուրը չեն ասում։ Ի՞նչ բարեփոխումների մասին կարող է խոսք լինել, երբ 15 զինվորները մի քանի րոպեում հրդեհից մահանում են, և ՊՆ նախարարը չի այցելում դեպքի վայր»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի