Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանն այս օրերին դառնում է կինոյի ամենավառ կետերից մեկը»

Հուլիս 10,2023 12:06

Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է։ Հուլիսի 9-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տրվեց փառատոնի պաշտոնական մեկնարկը։ Մեկնարկին փառատոնի պատվավոր հյուրերը, աջակիցներն ու պարզապես մշակութասեր մարդիկ անցան կարմիր գորգով։

Դարդեն եղբայրները

Լավ Դիասը

Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ Փառատոնի պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն, ինչպես նաև Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտան, որը փառատոնի ընթացքում կանցկացնի հատուկ աշխատարան՝ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ֆիլմերի հեղինակների հետ։ Փառատոնի հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։

Տակեշի Կիտանոն և Հարություն Խաչատրյանը

Բացման հանդիսավոր արարողությանը Տակեշի Կիտանոն և Դարդեն եղբայրներն արժանացան Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։

Դարդեն եղբայրները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր ելույթի խոսքում ողջունեց փառատոնի կազմակերպիչներին ու հյուրերին՝ կինոտոնի բացման առիթով, առանձնահատուկ շեշտելով, որ տարին հոբելյանական է թե՛ հայկական կինոյի, թե՛ անիմացիայի, թե՛ փառատոնի համար։


«Ոսկե ծիրանը» դարձել է տարածաշրջանային կինոտոն։ Մենք լավագույն ֆիլմերին առնչվելու և լավ հյուրեր հյուրընկալելու հնարավորություն ունենք, ինչը ևս պայմաններ է ստեղծում հայ կինոարտադրության զարգացման համար։ Այսօր փառատոնի մեկնարկին մենք դիտելու ենք մի ֆիլմ, որը հինգ երկրների՝ այդ թվում Հայաստանի համարտադրություն է»,-նշեց Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ փառատոնի շրջանակում տեղի կունենա իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։


Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նույնպես ողջունեց փառատոնի մասնակիցներին՝ ընդգծելով, որ տարին հատկանշական է կինոյի հետ կապված երկու առիթով՝ հայ կինոյի 100-ամյակ և «Ոսկե ծիրան»-ի 20-ամյակ։ Նա առանձնահատուկ շեշտեց, որ Երևանը այս օրերին դառնում է կինոյի ամենավառ կետերից մեկը։

Միքայել Ստամբոլցյանը, Հարություն Խաչատրյանը, և Սուսաննա Հարությունյանը

Փառատոնի մեկնարկը ազդարարեցին կինոտոնի երեք հիմնադիրները՝ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։

Փառատոնի բացման արարողությանը հաջորդեց ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմով, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադևոսյանը։ Ֆիլմը նույն օրը ցուցադրվում էր նաև Արցախում։

«Ոսկե ծիրան»-ն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

Այս տարի Երևանի կինոյի տունը և Մոսկվա կինոթատրոնը փառատոնի անցկացման հիմնական վայրերն են։ Ավանդական ռանդեվուները կանցկացվեն ՀԲԸՄ-ում։

Փառատոնի փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։

«Ոսկե ծիրան»-ը այս տարի նշում է ստեղծման 20-րդ հոբելյանը։ Բացի այդ, այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա այդ երկու հոբելյաններին։ Փառառոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է։ Փառատոնի գլխավոր հովանավորներն են նաև Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը, Թիմ ընկերությունների խումբը և Արարատ լեգենդար կոնյակի գործարանը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31