Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենասերը

Հուլիս 10,2023 11:50

Մեր հայրենասերն ամենուր է։ Մտիր ֆեյսբուք, քայլիր փողոցով, իջիր մետրո, երթուղային նստիր, եթե մտքերով տարված չես ու ուշադիր շուրջդ ես նայում՝ կտեսնես նրան։ Աչքի է ընկնում իր կեցվածքով, իր բառապաշարով, իր խրոխտ ելույթներով։ Նա շատ է։ Ահա, այդ շատերից մեկին էլ որոշեցի այստեղ պատկերել։

Այնպես չէ, թե մեր հայրենասերը հենց երեկ է հայրենասեր դարձել։ Նա միշտ է այդպիսին եղել։ Եթե իրեն հարցնեք՝ կասի՝ դպրոցից։ Իսկ դպրոցում նա 1970-ականներին է սովորել՝ սովետի տարիներին, երբ, սիրելի ընթերցողներ, ձեզանից շատերը դեռ չէին էլ ծնվել։ Այնպես որ՝ մեր հայրենասերը հին հայրենասեր է։

Նրա մորաքրոջ ամուսինը բուհերից մեկում հայտնի դասախոս էր, հետն էլ՝ ազատամիտ։ Էապես տարբերվում էր խորհրդային գծված սահմանները բնական ու տրամաբանական համարող շատերից։ Այդ տարիներին Հայաստանում գործող այլախոհների հետ տարատեսակ կապեր ուներ, «Ազատություն» ու «Ամերիկայի ձայն» էր լսում, բայց չէր անցնում սահմանը, որից այն կողմ վտանգավոր է շատ, որից այն կողմ կարող են լինել հետապնդումներ, կալանավորում ու ազատազրկում։

Մեր պատանի հայրենասերը հաճախ էր նրան այցելում, իսկ սա, առիթի դեպքում, պատմում էր նրան իր կարդացածի ու լսածի մասին, իր ծանոթ ու անծանոթ այլախոհների մասին։ Մորաքրոջ ամուսնու հետ ահա այս շփումներն էլ մեր հայրենասերն այսօր որպես խորհրդային տարիներին ծավալած հայրենասիրական ու այլախոհական գործունեություն է ներկայացնում։ Իրականում, բայց, ոչ մի գործունեություն էլ չի եղել։ Հակառակը՝ միշտ էլ իմացել է, որ առանց ավելորդ բարդությունների ապրելու է խորհրդային մարդու իր կյանքը։

Համալսարանից հետո աշխատանքի անցավ «Կադրերի վերապատրաստման ինստիտուտ» կոչվող մի հաստատությունում։ Աշխատակիցներից ոչ ոք չգիտեր այս ինստիտուտի իմաստը, բայց վատ չէին վարձատրում ու բոլորն էլ կյանքից գոհ էին։

Ամեն ինչ ավելի քան լավ էր ընթանում։ Այդպես էլ, թվում էր, շարունակվելու է։ Բայց, իր տարօրինակ զարգացումներով հանդերձ, մոտեցավ 1987 թվականը, ապա դրան հաջորդեց 1988-ը։ Այստեղ էլ մորաքրոջ ամուսնու ազդեցությունն իրեն զգացնել տվեց։ Դարձավ հանրահավաքների ու երթերի ակտիվ մասնակից։

Սովետական բանակն օկուպացրել էր Երեւանը։ Հավաքներն արգելում էին։ Հերթական արգելված երթերից մեկի ժամանակ զինվորների հետ բախում տեղի ունեցավ, որի ընթացքում մեր հայրենասերը մահակի հարված ստացավ։ Գլխից հոսող արյունը կաթում էր սպիտակ վերնաշապիկին։ Մոտակա շենքի մուտքում երկու աղջիկ վիրակապեցին վերքն ու համոզեցին, որ տուն գնա։ Ճանապարհին, բայց, նրան ձերբակալեցին ու վեցօրյա կալանքի ենթարկեցին։ Սա արդեն մեծ բարեբախտություն էր։ Այսպիսի հաջողություն մեր հայրենասերը երազել անգամ չէր կարող․ հանուն գաղափարի ու հանուն հայրենիքի վիրավորվել ու բանտ է ընկել։ Հետագայում նա ժամերով, ամենայն մանրամասնությամբ ու նորանոր գունավորումներով պատմելու ու պատմելու է վտանգներով լեցուն իր հերոսական կյանքի այս կարեւորագույն դրվագը։

Արցախյան առաջին պատերազմի բոլոր օրերը նա անցկացրեց կուսակցությունների գրասենյակներում։ Իր նման հայրենասերների հետ չընդհատվող ժողովների ու քննարկումների մեջ էր։ Օրը մի տաս բաժակ սուրճ էր խմում, ծխում ու ծխապատ գրասենյակներում՝ առարկություն չընդունող տոնով դակում էր, թե ինչ է պետք անել, թե ինչն են սխալ անում իշխանությունները։ Լեւոն Տեր-Պետրոսյանին ահավոր չէր սիրում։ Պնդում էր՝ նա թույլ չի տալիս, որ մեր բանակը նորանոր տարածքներ գրվի։ Համընդհանուր զորահավաք էր պահանջում։ Այս թեմայով ելույթները հաճախ ավարտում էր լատիներեն՝ Dulce et decorum est pro patria mori նախադասությամբ, ինչը թարգմանաբար նշանակում է՝ ուրախալի է եւ պատվաբեր հայրենիքի համար զոհվելը։ Սա մեջբերում էր Հորացիոսից, որ տարիներ առաջ հանդիպել էր Առաջին աշխարհամարտի մասին պատմող մի գրքում ու անգիր էր արել։ Մի անգամ, երբ նրան հարցրին, թե ամրակազմ ու առողջ տղամարդ է, ինչո՞ւ ինքը մարտադաշտ չի գնում, վրդովվեց շատ․

– Ես զինվորական չեմ, մարտերին մասնակցելն իմ գործը չէ։ Ես հրապարակային գործիչ եմ ու իմ գործն եմ անում։

Երբ միամիտ հարց տվողը նրան հիշեցրեց, որ զինվորագրվածներից շատերը նույնպես զինվորականներ չեն՝ չարացավ անչափ, երիտասարդին անվանեց ստահակ, սադրիչ սրիկա ու դուրս արեց գրասենյակից։

1994-ին, կնքվող զինադադարին դեմ էր։ «Ոչ, – գոչում էր նա, – մեր տանկերի թրթուրները Քուռ գետում պետք է լվանանք»։ Իշխանություններին դավաճան էր անվանում։ Բացատրությունները, որ երկիրը պատերազմի շարունակությանը դիմանալ չի կարող, որ կանգ առնել է պետք, որ խաղաղությունն անհրաժեշտություն է՝ լսել չէր ցանկանում։ Դավաճան են եւ վերջ։

Փոխզիջումների միջոցով Արցախի խնդիրը լուծելու Տեր-Պետրոսյանի առաջարկություններին ի պատասխան 1997-ի աշնանը Կինոյի տանը մեծ հավաք եղավ։ Մեր հայրենասերը հավաքվածների առաջին շարքերում էր։ Ներկաներից ոչ ոք փոխզիջում ասվածը չէր ընդունում։ «Ոչ մի զիջում», – գոռում էին միաձայն։ Այդ օրն այնտեղ հայրենասերների պակաս չկար։ Բոլորն էին միակարծիք՝ Լեւոնը պետք է հեռանա, իսկ իրենք Արցախի խնդիրն այնպես են լուծելու, որ ոչ մի թիզ հող չզիջվի։

Իսկ երբ Լեւոնը հրապարակեց «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածը՝ մեր հայրենասերն իր տարերքի մեջ էր։ Հոդվածը հրապարակած թերթը թափահարելով, բղավում էր՝

– Տեսա՞ք, տեսա՞ք, որ դավաճան է։ Ասում էի, չէ՞։ Ծախում է Արցախը, ծախում է։ Նա պետք է հեռանա։

Լեւոնի հրաժարականն ընդունեց ցնծությամբ։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալով նորովի շողաց նրա աստղը։ Բարելավվեց ֆինանսական վիճակը, դարձավ լրատվամիջոցների մշտական հյուրերից մեկը։ Ուներ սիրված կարգախոսներ, որոնք կրկնում ու կրկնում էր․ «Ոչ մի թիզ հող թշնամուն», «Մեր հողերը մենք արյամբ ենք ազատագրել», «Թուրքը մեր թշնամին է», «Հաշտվելու առաջարկ անողները դավաճաններ են», «Առանց Արցախ չկա Հայաստան»։

Երբ մի քննարկման ժամանակ էս վերջին կարգախոսի հետ կապված մեկը հարցրեց՝ իսկ գուցե ճիշտ կլինի, եթե ասվի՝ առանց Հայաստան չկա Արցախ, մեր հայրենասերը փրփրեց, խեղճին անհայրենիք լեւոնական անվանեց ու պահանջեց, որ դահլիճը լքի։ Նրա հետ յուրաքանչյուր անհամաձայն ավտոմատ սխալ է, սադրիչ է, տականք է, սողուն է ու դավաճան է։

Ադրբեջանցիների հետ ցանկացած զրույց, ցանկացած շփում, ցանկացած քննարկում, որտեղ խոսք կլիներ փոխզիջումներով հակամարտությունը լուծելու մասին՝ մերժում էր։

– Մենք ոչինչ չունենք զիջելու։ Վե՛րջ, – կրկնում էր բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով։

Փաստարկին ի պատասխան, թե նման անզիջում կեցվածքը պատերազմի է հանգեցնելու՝ նետում էր․

– Պատերազմ, ուրեմն, պատերազմ։ Պատերազմին պատրաստվել է պետք։

Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ, ընդհանրապես, 2018-ի փոփոխություններն ընդունեց վտանգի զգացումով։ Իսկ 2020-ի պարտությունը շատ ծանր տարավ։ Նման շրջադարձ չէր սպասում։ Տարիներ շարունակ հավատացրել էր իրեն ու շրջապատին, որ հայկական կողմը Արցախի հարցը լուծել ու ավարտել է, որ պարտություն լինել չի կարող։ Փոխե՞ց, բայց, պարտությունը մեր հայրենասերին։ Հետհայացք նետե՞ց, վերանայե՞ց ինքն իրեն ու իր անցած ճանապարհը։ Բոլորովին։ Նոր կարգախոսներ ավելացան՝ «մա՛հ դավաճաններին», «մե՛նք ենք Արցախը», «զինվե՛նք ու կորցրածը հետ բերենք»։ Իսկ թե ինչպես ենք զինվելու, որքան ժամանակ, ինչ հնարավորություններ ու ինչ միջոցներ են դրա համար պետք կամ ինչու պետք է վստահ լինենք, թե հաջորդ պատերազմում կհաղթենք՝ չի ասում։

Իրենից բացի բոլորին է մեղադրում։ Բոլորն են մեղավոր, որ պարտություն եղավ։ Բոլորից պահանջում է, որ ճիշտ ու ճիշտ իր պես ու իր նման ապրեն պարտությունը ու արտահայտեն պարտության ցավը։ Որ իր բառապաշարով հայհոյեն ու իր բառապաշարով պահանջեն, որ իր կարգախոսները կրկնեն։ Հակառակ դեպքում՝ բավարար հայրենասեր չեն, անհայրենիք սրիկաներ են։

– Լսիր, -հարցրեցի նրա հին ընկերներից մեկին, – կարո՞ղ է էս մեր հայրենասերը հասկացել է, որ իր ու իր նմանների պատճառով ենք այս աղետին հանգել, բայց սխալն ընդունելու քաջություն չունենալու պատճառով բարդույթավորվել ու այդչափ ագրեսիվ է դարձել։

– Չէ, – պատասխանեց, – բացառվում է, մեր հայրենասերն իր սխալն ու իր պատասխանատվությունը երբեք չի հասկացել ու չի էլ հասկանալու։ Նա միայն պահանջում է ու հայհոյում։ Այլ գործ անել նա չգիտի։ Պարտությունն, ուղղակի, ավելի ցայտուն է ցուցադրում նրա այս որակները։

2022-ի ամառն կողմերը մի միամիտ սփյուռքահայ փողոցում հանդիպելով նրան ասում է․

– Սիրելի հայրենասեր, ես տարիներ շարունակ հետեւել եմ քո գործունեությանը։ Շատ եմ քեզ գնահատել։ Չեմ վարանի ասել՝ հպարտացել եմ քեզանով ու քո հայրենասիրությամբ։ Քիչ են եղել քեզ նման հայրենասերներ։ Վերջին շրջանի քո ելույթներից, բայց, հարցեր են ծագում։ Դու բոլորին քննադատում ես, մեղադրում ես, հայհոյում ես Նիկոլին, ասում ես, որ Նիկոլն է պատերազմ հրահրել ու պարտվել, բայց, որքան ես հիշում եմ դու ինքդ պակաս հրահրող չես եղել։ Այս հարցում դու ու Նիկոլը մեկ եք եղել։ Նա էլ էր դեմ Ադրբեջանի հետ զրույցին ու որեւէ զիջման, դու էլ էիր դեմ զրույցին ու որեւէ զիջման։ Նա էլ պատերազմից չէր վախենում, դու էլ չէիր վախենում։ Նույն կարգախոսներն էիք առաջ քաշում։

– Ո՞նց, ինչպե՞ս, – ագրեսիվ շարժումներ անելով, ատամները սեղմած նետեց մեր հայրենասերը։

– Բայց, սիրելիս, եթե դու վեճ ունես հարեւանիդ հետ ու չես ցանկանում այդ վեճը լուծել ո՛չ պայմանավորվելով, ո՛չ դատարանով, առաջարկում ես բռունցքներով լուծել այն, իսկ ձեռնամարտում հարեւանդ հաղթող է դուրս գալիս, ուրեմն, դու ես մեղավոր, չէ՞։ Այլ մեղավոր չպետք է փնտրես։ Դու էիր, չէ, տարիներ շարունակ հրապարակավ ասում՝ ոչ մի թիզ հող, ոչ մի զիջում ու ոչ մի երկխոսություն։ Երկխոսության կողմնակիցներին էլ պարտվողական ու դավաճան էիր անվանում, իսկ ես ու ինձ նման շատերը ծափահարում էիք քեզ։ Ինչպես է, որ սեփական մեղքդ չես տեսնում։

Մեր հայրենասերը սկզբում կարկամեց, ապա ուշքի գալով հավաքեց իրեն ու՝ ախ դու անհայրենիք սրիկա ասելով՝ թքեց մեր միամիտ սփյուռքահայի վրա ու հեռացավ։

Փրփրած էր, երբ տեղեկացավ մամուլից, որ 2023-ի ապրիլին Երեւանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը նաեւ ադրբեջանցի մարզիկներ են մասնակցելու։

– Սա ապտակ է, նոր նվաստացում է, – գոչում էր նա, – այսքանից հետո Երեւանում ընդունել ադրբեջանցիների նշանակում է լինել անարժանապատիվ տականք։ Սրիկա են բոլորը, սրիկա։

Տեսնեիք, թե որքան էր ուրախացել, երբ չգիտես որտեղից ծլած էն դիզայներն այրեց Ադրբեջանի դրոշը։ Ոգեւորված էր։ Արարքը գովաբանող մի մեծ տեքստ գրեց ու հրապարակեց։ «Այո՛, – գրել էր նա, – վերջապես գտնվեց մեկը, որ մեր պատիվը բարձր պահեց, որ փրկեց մեր ազգի արժանապատվությունը»։

Իսկ ինքը կգնար ու կայրե՞ր Ադրբեջանի դրոշը։ Երբեք։ Նա չէր գնա ու չէր այրի։ Նա գործ անող չի, նա գնահատական տվող է։ Այդպիսին էր ուսանողական տարիներին, այդպիսին էր 1990-ականներին, այդպիսին է այսօր։ Նրան ոչինչ փոխել չի կարող։ Ոչ մի պատերազմ ու ոչ մի պարտություն։ Ոչ մի կորուստ ու ոչ մի ցնցում չեն կարող ստիպել, որ նա հետհայացք ձգի, ու ինքն իրեն գնահատի։ Չի փոխվելու նա երբեք։ Նրանը հայելին է, որտեղ ինքն իրենից պետք է գոհ լինի, ծափահարություններն են, որ պետք է հնչեն պաթետիկ ելույթին ի պատասխան, նրանը հնարավորությունների անտեսումն է ու ցանկությունների տարփողումը։

Նա հայրենասեր է։

Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31