Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդը հորդորեց հայրենասիրական զգացումով քաջալերված վերադառնան իրենց երկրներ և ամեն ջանք ի գործ դնեն նպաստելու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը

Հուլիս 10,2023 10:45

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Գլոբալ առաջնորդության» և «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդ ուսանողներին ու երաժիշտներին, ինչպես նաև Մոնրեալի (Կանադա) սկաուտական խմբին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ-ի Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի։

Հանդիպմանը, տիար Յակուբյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ շուրջ 35 սփյուռքահայ երիտասարդներ Հայաստան են ժամանել հարստացնելու իրենց գիտելիքները հայոց լեզվի, հայկական երգարվեստի բնագավառներում, ի մոտո ծանոթանալու հայկական մշակույթին ու պատմությանը և զորացնելու իրենց կապը մայր հայրենիքի հետ։


Հայոց Հայրապետը, իր գնահատանքը բերելով ՀԲԸՄ-ին նման նախաձեռնության համար, կարևոր նկատեց սփյուռքի երիտասարդ հայորդիների այցը Հայաստան, հատկապես այս դժվարին օրերին, որպեսզի վերջիններս հաղորդակից լինեն ոչ միայն հայրենիքի հոգևոր ու մշակութային արժեքներին, այլև երկրում տիրող իրավիճակին, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և առկա անվտանգային խնդիրներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին հայրենասիրական զգացումի նոր լիցքերով քաջալերված վերադառնան իրենց երկրներ և նախանձախնդրորեն ամեն ջանք ի գործ դնեն նպաստելու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Հայոց Հովվապետը պատգամեց, որ հայորդիներն իրենց գիտելիքներով և երիտասարդական ավյունով աջակցեն իրենց համայնքների առավել զորացմանն ու միասնականության կերտմանը՝ ազգային ինքնությունը պահպանելու և հայրենիքին օգտաշատ ծառայություն բերելու համար։

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև սփյուռքահայ երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին հայկական համայնքներում, Արցախում և Հայաստանում առկա դժվարությունների հաղթահարման ուղիներին։

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց հայորդիներին։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31