Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ երեխաներն իսկապես հաճույք են ստանում գիրքն ընթերցելուց եւ հպարտ են, որ այն իրենց մոր ստեղծագործությունն է»

Հուլիս 10,2023 12:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ասում է «Բարեւ արեւ» հայալեզու գրքի հեղինակ Հասմիկ Գրիգորյան-Բելիչը

2020 թվականին Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում բնակվող, երեք երեխաների մայր Հասմիկ Գրիգորյան-Բելիչը հրատարակեց իր «Բարեւ արեւ» հայալեզու գիրքը, որն օգնում է հայերենը որպես երկրորդ լեզու սովորող երեխաներին ծանոթանալ հայերեն բառերին:

«Լինելով երկու տարեկան երեխայի երիտասարդ մայր՝ ես դժվարությամբ էի գտնում համապատասխան հայկական գրականություն, որպեսզի կարդայի տղայիս՝ Վինի համար: Դա 2013 թվականն էր: Հայերեն գրքերի մեծ մասը դժվար էր հասկացվում եւ ընկալվում այն երեխաների համար, որոնց մայրենի լեզուն հայերենը չէ: Հենց այդ պահին ես հասկացա, որ միանշանակ կան նաեւ այլ հայ մայրեր, որոնք նույն մարտահրավերի առաջ են կանգնած»,- անդրադառնալով «Բարեւ արեւը» գրելու իր շարժառիթներին եւ նպատակներին՝ Aravot.am-ի հետ զրույցում շեշտում է Գրիգորյան-Բելիչը:

Նա մանրամասնում է, որ գրքի աշխատանքները մեկնարկել է 2014-ին, երբ ծնվեց նրա երկրորդ զավակը՝ Էվան: Գրիգորյանի խոսքով՝ ամերիկացի մանկական արձակագիր եւ նկարիչ Դոկտոր Սեուսի գործերը ոգեշնչման մեծ աղբյուր են հանդիսացել «Բարեւ արեւը» գրելիս (https://hy.tristarhistory.org/dr-seuss): Հեղինակը նշում է. «Դոկտոր Սեուսը մեր սիրելի անգլալեզու ընթերցանություններից էր: «Բարեւ արեւ» գիրքը հիմնականում ոգեշնչվել է դոկտոր Սեուսից, ով աներկբա խոսքի գործածության վարպետ է: Նրա խոսքը հեշտ է, պարզ եւ ընկալելի, սակայն կա պոեզիա, որն այն կատարյալ եւ հաճելի է դարձնում մանուկ ընթերցողների համար»:

«Բարեւ արեւը» Հասմիկ Գրիգորյան-Բելիչին նաեւ հնարավորություն ընձեռեց ժամանակ տրամադրել իր ամենասիրելի գործերից մեկին՝ կերպարվեստին: Գրքի բոլոր նկարներն իր ձեռքի աշխատանքն են: «Բարեւ արեւ» գրքի պարզ հանգավորումները հնարավորություն են տալիս երեխաներին հեշտությամբ յուրացնել հայերեն բառապաշարը՝ միաժամանակ վայելելով աչք-շոյող նկարազարդումները»,- բացատրում է հեղինակը, ավելացնում՝ առանց նկարների գիրքը հնարավոր է գրավիչ չլիներ մանուկներին:

Գրքի աշխատանքները տեւել են վեց տարի: Հասմիկը հիշում է՝ գրքի վրա աշխատելու ժամանակ էր գտնում երեկոյան՝ աշխատանքից վերադառնալուց հետո: «Լինելով երեք երեխաների մայր եւ աշխատելով նավթի եւ գազի արդյունաբերության ոլորտում՝ հրատարակման համար պահանջվեց մինչեւ 2020 թվականի նոյեմբեր»,-պատմում է Հասմիկը, նշում նաեւ, որ որակյալ նկարազարդումներ ստանալու համար նույնպես շատ ժամանակ էր պահանջվում:

Հասմիկ Գրիգորյան-Բելիչը ԱՄՆ-ում է 1998 թվականից՝ տեղափոխվելով այնտեղ «FLEX» ավագ դպրոցականների փոխանակման կրթական ծրագրով: «Southern Methodist» համալսարանում ավարտել է «Տեղեկատվական ճարտարագիտության եւ կառավարման» բաժնի մագիստրոսական ծրագիրը: Այժմ էներգետիկ ընկերության արտադրանքի կառավարման ավագ համակարգողն է: Հասմիկն ու իր ամուսինը՝ Ջիմի Բելիչն ունեն երկու որդի՝ Վինը եւ Ալեքսը եւ մեկ դուստր՝ Էվան:

Հեղինակը կիսվում է. «Իմ երեխաներն իսկապես հաճույք են ստանում գիրքն ընթերցելուց եւ հպարտ են, որ այն իրենց մոր ստեղծագործությունն է: Էվան այժմ կարող է սահուն կարդալ գրքի մեծ մասը»:

Aravot.am-ի հարցին՝ կա՞ն հայապահպանության հետ կապված նոր ծրագրեր եւ նախագծեր, Հասմիկը նախ տեղեկացրեց, որ հասանելի է նաեւ «Բարեւ արեւ» գրքի զարգացնող, ինտերակտիվ տարբերակը, որն ամրապնդում է գրքում ձեռք բերված գիտելիքները:

Հասմիկը հավելում է նաեւ, որ հայերեն այբուբենը ուսուցանող գրքի պատրաստման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Պատրաստվում է նաեւ հեքիաթ՝ զատկի արկածների մասին եւ հայկական ժողովրդական երաժշտոթյան նոտաների գիրք՝ պարզեցված երեխաների համար: «Իսկ աղջկաս հետ գիրք ենք գրում դինոզավրերի մասին»,- ասում է Հասմիկը, ընդգծում՝ իր երեխաներին մշտապես հետաքրքրել է դինոզավրերի պատմությունը: «Մենք կարծում ենք, որ այս գիրքը մեծ ուրախություն կպարգեւի երեխաներին, ովքեր ցանկանում են վայելել այստեսակ հայերեն գրականություն: Հուսանք, ժամանակին մենք կկարողանանք իրականություն դարձնել այս գիրքը»,-եզրափակում է Հասմիկ Գրիգորյան-Բելիչը:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31