Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խելացի ժամացույցները կարող են նպաստել Պարկինսոնի հիվանդության ախտորոշմանը՝ ախտանշանների ի հայտ գալուց դեռևս 7 տարի առաջ

Հուլիս 10,2023 09:30

Nature Medicine ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները ենթադրում են, որ խելացի ժամացույցները կարող են նպաստել Պարկինսոնի հիվանդության ախտորոշմանը՝ ախտանշանների դրսևորումից դեռևս 7 տարի առաջ։ Քարդիֆի համալսարանին կից Մեծ Բրիտանիայի դեմենցիայի գիտահետազոտական ինստիտուտի թիմը արհեստական բանականության օգնությամբ վերլուծել է խելացի ժամացույցներ կրող 103 712 մարդու շարժունակությանը վերաբերող մեկշաբաթյա տվյալները 2013-2016 թթ․-ի միջակայքում՝ նկատելով որոշակի օրինաչափություններ, որոնք կապվում են Պարկինսոնի հիվանդության հետ։ 

Հետազոտողները հույս են հայտնել, որ հետագայում հնարավոր կլինի օգտագործել խելացի ժամացույցները հիվանդությունն ախտորոշելու համար, սակայն դեռևս լրացուցիչ հետազոտություններ են հարկավոր՝ պարզելու համար, թե որքա՞ն ճշգրիտ կարող են լինել այդ տվյալները։

Նշենք, որ Պարկինսոնի հիվանդությունն «անաղմուկ» զարգացող հիվանդություններից է, որը դանդաղ և անդառնալիորեն ախտահարում է գլխուղեղի՝ մարմնի շարժունակության համար պատասխանատու հատվածը՝ այսպես կոչված սև նյութի բջիջներից «խլելով» դոֆամին արտազատելու հնարավորությունը, իսկ երբ նվազում է դոֆամինի մակարդակը, տուժում է նաև մարդու շարժունակությունը։ Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց գլխուղեղը վնասվում է տարիների ընթացքում, և երբ բջիջների մեծամասնությունն արդեն մահացած է լինում, հայտնվում են բնորոշ ախտանշանները, որոնք կապվում են մարդու շարժունակության հետ՝

  • ակամա դող կամ ցնցումներ,
  • դանդաղաշարժություն,
  • մկանների կոշտություն,
  • հավասարակշռությունը պահելու հետ կապված դժվարություններ։

Հիվանդությունը նաև այլ հարակից խնդիրներ է առաջացնում՝ դեպրեսիա, անմիզապահություն, պատրանքներ և այլն։

Պարկինսոնի հիվանդության պատճառների բացահայտումը դեռևս գլուխկոտրուկ է գիտնականների համար։ Հիվանդությունը կապվում է ժառանգականության և միջավայրային գործոնների հետ։ Շատ հաճախ հիվանդության ախտորոշումը դրվելուց հետո գլխուղեղի բջիջներն անդառնալիորեն վնասված են լինում, իսկ խելացի ժամացույցները կարող են դառնալ մատչելի և հուսալի միջոց հիվանդության վաղ ախտորոշման համար։ 

Հետազոտության ղեկավար, դոկտոր Սինթիա Սանդորի խոսքով․ «Ինչպես տեսնում ենք, մեկ շաբաթվա տվյալների վերլուծությունը կարող է ապագայի մինչև 7 տարվա իրադարձություններ կանխատեսել»։

Դոկտոր Քեթրին Փիլը, որը նույնպես աշխատել է հետազոտության վրա, ասել է, որ իրենց ստացած տվյալները ստույգ են և թույլ են տալիս տարբերակել Պարկինսոնի հիվանդությունը մարդու շարժունակության հետ կապված խնդիրներ առաջացնող այլ վիճակներից, օրինակ՝ ծերությունից կամ թուլությունից։

«Մենք մեր մոդելը համեմատել ենք մի շարք տարբեր խանգարումների հետ, ներառյալ նեյրոդեգեներատիվ խանգարումները, օստեոարթրիտը և այլ շարժողական խնդիրները, սակայն Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց արդյունքները տարբեր են եղել»։

Իհարկե, խիստ անհատական է այն հարցը, թե արժե՞ արդյոք 7 տարի առաջ ասել մարդուն, որ իր մոտ Պարկինսոնի հիվանդություն է զարգանում, սակայն, ինչպես նշել է դոկտոր Փիլը, այս աշխատանքը կարևոր քայլ է, որի արդյունքում կմշակվեն բուժման նոր մեթոդներ, որոնք թույլ կտան դանդաղեցնել Պարկինսոնի հիվանդության զարգացումը։ 

Իսկ մինչ հետազոտողներն աշխատում են այդ ուղղությամբ, բժիշկները պացիենտների շրջանում Պարկինսոնի հիվանդության ախտանշանները փորձում են թեթևացնել ֆիզիոթերապիայի, դեղորայքային բուժման, որոշ դեպքերում՝ վիրահատության միջոցով, երբեմն էլ խորհուրդ տալով դիմել մերսման, յոգայի, մեդիտացիայի և հիվանդի կյանքի որակի բարելավմանը նպաստող այլ մեթոդների օգնությանը։ 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31