Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանի թեմի նորընտիր Պատգամավորական ժողովը մյուս շաբաթ սկսելու է իր աշխատանքը

Հուլիս 09,2023 18:20

Հայոց Առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմի Պատգամավորական ժողովի հերթական ընտրություններն այս տարի ավելի մրցակցային էին․ դրան անդրադարձան նաև հայրենի ԶԼՄ-ները։ Եկեղեցական այս կառույցը զբաղվում է համայնքի հարցերով՝  կրոնական, կրթական, մշակութային, խնամակալական,  բարեգործական, քաղաքացիական ակտերի գրանցման, կալվածական և պետական կառույցների ու հասարակության հետ կապի խնդիրներով։

Ժողովն ընտրում է Թեմի գործադրական պարտականություն ունեցող  մարմիններին, Թեմակալ  առաջնորդի նախագահությամբ հսկում է նրանց աշխատանքը։ Թեմի պատգամավորական Ժողովը Կիլիկիո կաթողիկոսի ներկայացրած կուսակրոն հոգևորականների ցանկից ընտրում է թեմի հոգևոր առաջնորդ, ունի առաջնորդին անվստահություն հայտնելու  և նոր առաջնորդ ընտրելու կանոնագրական իրավունք։ Պատգամավորական Ժողովի նախորդ  ընտրությունները տեղի էին ունեցել 2016 թվականի նոյեմբեր ամսին և շրջանավարտ Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամյանի վկայությամբ նախորդ ընտրությունների համեմատ այս տարի քվեարկողների թվի քառասուն տոկոս աճ է գրանցվել։  Թեհրանի եկեղեցական թեմը Կիլիկիո կաթողիկոսության միանալուց հետո (1956 թ․), Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը միշտ հակակշիռ է ունեցել  թեմական կառույցներում։ Այս տարի ընտրություններին մասնակցեցին երեք ուժ․ Ժողովի 42 մանդատից 35-ը վերցրեցին ՀՅԴ-ին հարող անհատները, հինգ տեղ ստացավ «Անկախ թեկնածուների միասնություն»-ը և երկու տեղ ստացան «Միասնություն Դաշինք»-ի կողմնակիցները։ Համաձայն թեմի կանոնադրության այդ թվին կավելանան հոգևորականները՝ մեկ-յոթերորդ համամասնությամբ։

***Երևանում հաջողեցի ընտրական թեմայով մի սեղանի շուրջ հավաքել  հյուրաբար Հայաստանում գտնվող այդ երեք ուժերի ներկայացուցիչներին և՝  հարցը քննարկել  նրանց հետ։ Հյուրերն էին ՀՅԴ ներկայացուցիչներ Ժոզեֆ Մեհրաբյանը (շրջանավարտ պատգամավորական ժողովի ատենապետ) և Նորայր Աբուլյանը (վերընտրված պատգամավոր), «Անկախ թեկնածուների միասնություն»-ից ընտրված պատգամավոր և շրջանավարտ Թեմական Խորհրդի անդամ  Աշոտ Սինանին և  «Միասնություն Դաշինք»-ի ընտրական ցուցակից բավարար ձայն չհավաքած Ջանես Ավետյանն ու Արարատ Սինանին։

Կողմերին լսելուց հետո, ցանկանում եմ ընթերցողների հետ կիսել իմ տպավորությունները․

Թեհրանաբնակ հայերի ներհամայնքային ընտրական գործընթացներում  ծագած վեճերն ու անախորժությունները մասամբ նաև Իրանի ընտրական օրենքների անկատարության և ի հետևումն դրան՝ թեմի կանոնադրության թերությունների արդյունք են։  Իրանի հայ համայնքի գրանցված բոլոր տեսակի կրոնական, մշակութային, գրական և բարեսիրական կառույցների ընտրությունները կարգավորվում է Իրանի Իսլամական Հանրապետության  «Կուսակցությունների, կազմակերպությունների, քաղաքական և համքարական ու կրոնական միությունների գործունեության  մասին» օրենքով։  Ընտրությունները կազմակերպում է Ներքին գործերի նախարարությունը՝ Օրենսդիր, Դատական և Գործադիր ուժերի միասնական հանձնաժողովի հսկողությամբ։ Իրանում բոլոր տեսակի  ընտրությունները հարյուր տոկոսով մեծամասնական են, այդպես է եղել  Փահլավիների վարչակարգի ժամանակ, այդպես է նաև Իսլամական պետության ժամանակ․ գերակշռող կարծիքն այն է, որ մեծամասնական ընտրակարգն ունի թերություններ և համամասնականն ավելի ժողովրդավար է։ Ընտրական հանձնաժողովի անդամակցության լիցենզավորման կարգ  չկա և այդտեղ ևս վեճեր են ծագում։

«Միասնություն Դաշինք»-ի և «Անկախ թեկնածուների միասնության» կողմնակիցներն այն կարծիքին էին, որ հայ համայնքի ընտրությունները կազմակերպող  ընտրական հանձնաժողովի անդամները հիմնականում հարում էին ՀՅԴ-ին․ սա այն դեպքում, երբ օրենքը բազմակուսակցական կամ բազմակարծիք հանձնաժողով ընտրելու  ձև չի մշակել, իսկ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը (ԿԸՀ) հերքում է այդ մեղադրանքը։ Շրջանավարտ Թեմական Խորհուրդը թեև ելնելով իր կանոնադրական իրավունքից նշանակել է ԿԸՀ, բայց ընդդիմախոսների վկայությամբ որոշ դեպքերում հենց ինքը միջամտել է ընտրական գործընթացներին․ եկեղեցու շրջափակում գտնվող համայնքապատկան դահլիճը չի տրամադրել  թեկնածուների քարոզարշավին, նաև շրջանցելով  Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի իրավասությունները, փորձել  է  Ներքին գործերի նախարարության միջոցով անվավեր ճանաչել  ընդդիմախոս ազդեցիկ թեկնածու և գործող պատգամավորի գրանցումը, որը չի հաջողել։ Իրանի ՆԳՆ-ի ներկայացուցչի պահանջով հայ քվեարկողներն այս տարի իրենց նախընտրած թեկնածուի անունը միայն պարսկերենով են գրել , որն իմ կարծիքով երկրի փոքրամասնությունների իրավունքների խախտում է և երբևէ նախընթաց չի ունեցել։

Հայաստանյայց Առաքելական չորս նվիրապետական աթոռների՝ Էջմիածնի, Կիլիկիայի, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի իմ ճանաչած թեմերից, բացառություն են Թեհրանի, Նոր-Ջուղայի և Լիբանանի թեմերը, որտեղից լսում ենք համայնքային մրցակցային ընտրությունների և ընտրական դրվածքի մասին, որը թերություններով հանդերձ ինքնին դրական է և պետք է խրախուսել․ մյուս թեմերում, ըստ երևույթին, հաճախ շրջանցվում են ընտրական գործընթացները։ Մեր հոգևոր հայրերը և աշխարհական գործիչները մոտ երկու հարյուր տարի առաջ իրենց մշակած եկեղեցական Սահմանադրություններով  փորձել են ժողովրդավար կարգեր հաստատել և հոգևորականների ու աշխարհականների միջև օրինակելի համագործակցություն ստեղծել։ Անհրաժեշտ է, որ այդ ոգին պահպանել եկեղեցական բոլոր թեմերում։

Թեև Իրանի համապատասխան օրենքը սահմանում է, որ «Սահմանադրության 13-րդ հոդվածով նախատեսված կրոնական փոքրամասնությունների միությունները, կամավորական հիմունքներով կազմված են՝  իրենց փոքրամասնության վերաբերող կրոնական, մշակութային, սոցիալական և խնամակալական հարցերը լուծելու համար», բայց մեր ավանդության համաձայն, սփյուռքյան ընտրություններում Հայաստանը ևս կարևոր և մշտական օրակարգ է դառնում։ Այդպես եղավ նաև Թեհրանի հայերի այս վերջին ընտրություններում․ կողմերը համայնքային հարցերի քննարկումը թողած կամ դրան զուգահեռ միմյանց մեղադրում էին Երևանյան օրակարգերը սփյուռքյան համայնք բերելու համար։ Ընդդիմադիրները ՀՅԴ-ին հարող իշխանավորներին մեղադրում էին համայնքը Հայաստանի քաղաքական հարցերում  ներքաշելու մեջ․ եկեղեցական կյանքն իրենց ձեռքում պահած գործիչներն էլ ընդդիմադիրներին մեղադրում էին, որ Հայաստանի գործող իշխանությունների խորհրդանիշները կրկնօրինակելով  ջանում էին «հեղափոխություն արտահանել» դեպի Սփյուռք։ Իրականության մեջ կողմերը հայ համայնքից, Սփյուռքից  և Իրանի պետությունից բացի, փորձում էին Երևանին ևս ուժ ցուցադրել։

Բոլոր դեպքերում Սփյուռքի այս կարևոր համայնքի ղեկավարներին մաղթում ենք խոհեմություն և ազգանվեր աշխատանքի բարձր գիտակցություն, որպեսզի Իրանի այս բարդ վիճակում և համայնքի հայության քանակի նվազեցման պայմաններում՝ կարողանան հոգալ  տեղի հայերի կրոնական, մշակութային, կրթական, բարեսիրական ու սոցիալական կարիքները, հայրենիքի հետ կապը պահեն ամուր։

***Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի հայոց թեմի 17-րդ պատգամավորական Ժողովը բաղկացած է 49 հոգուց, յոթը հոգևորական են․ թեմին ենթակա մյուս ծուխերում բնակվող  հայերը՝ Ռաշտ-Անզալի, Գորգան-Սարի, Արաք-Ղազվին , ունեն երեք պատգամավոր։ Ժողովի կազմի 20 տոկոսը կին են, պատգամավորների միջին տարիքը 53 է։ Կազմի 36%-ը միջնակարգ ուսում են ստացել, 10%-ը  թերի բարձրագույն ավարտած են , 33%-ը բակալավր ավարտած են,   13%-ը՝  գիտությունների մագիստրոս են և 8%-ը գիտությունների դոկտորի կամ ավելի բարձր աստիճան ունեն։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31