Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսները պայմանավորված պահին Տեղ գյուղի մոտ հետ են քաշվել՝ ներս թողնելով ադրբեջանցիներին. Խզմալյան

Հուլիս 09,2023 16:25

Հայաստանի Եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը պնդում է, որ այս տարի գարնանը Տեղ գյուղի, ինչպես նաեւ ավելի վաղ Սյունիքի եւ Ջերմուկի բախումները տեղի են ունեցել ՀՀ-ին պատժելու ռուս-ադրբեջանական համատեղ ծրագրով։

Նա Aravot.am-ին ասաց, որ ՀՀ սահմանների վերահսկումը դեռեւս 1995-ից առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համաձայնությամբ հանձնված էր Ռուսաստանին. «Եթե արեւմտյան եւ հարավային սահմանը վերահսկվում է ՌԴ ՖՍԲ զորքերով, ապա 2020 թվականից հետո արեւելյան սահմանի առանձին հատվածները դարձան ՌԴ ՊՆ  պատասխանատվության գոտի։ 2022-ի Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից եւ ՀՀ բանակի 200 ավելի զոհ տալուց հետո, արդեն նոյեմբերին ԵՄ-ն առաջարկեց 40 դիտորդ ուղարկել Սյունիք։ Փաշինյանի վկայությամբ, երկու հատվածում ռուսական զորքերը հրաժարվեցին դուրս գալ եւ տեղը զիջել ԵՄ դիտորդներին։ Մեկը հենց Տեղ գյուղի մոտ էր։ ՌԴ նախագահ Պուտինը չկատարեց Փաշինյանի խնդրանքը եւ չհեռացրեց իր զորախումբը այնտեղից՝ ասելով, թե իբր դա «խնդրահարույց տարածք է»։

Իրականում այնտեղ պատրաստվում էր նոր ճեղքումի փորձ, որի նպատակն էր՝ կտրել Սյունիքը ՀՀ-ից եւ հասնել Նախիջեւան՝ բացելով «Զանգեզուրի միջանցք»։ Այդ փորձը արվեց հենց Տեղ գյուղի մոտ, որտեղ ռուսները պայմանավորված պահին հետ քաշվեցին՝ ներս թողնելով ազերիներին։ Սակայն հայոց դիմադրությունը եւ Արեւմուտքի արագ արձագանքը խափանեցին այդ նախագիծը»:

Խզմալյանի խոսքով, պետք է արձանագրել, որ այնտեղ, որտեղ եվրոպացիներն են կանգնած, ազերիները չեն կարողացել առաջ գալ: «Այնտեղ, որտեղ կան ԵՄ դիտորդներ, ո՛չ զոհեր ունենք, ո՛չ էլ վիրավորներ: Միակ տեղը, որտեղ առաջ են եկել` Տեղն է»:

Զրուցեցինք նաեւ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ՝ հետաքրքրվելով, իսկապե՞ս ռուս-ադրբեջանական համատեղ ծրագրով են Տեղ համայնքում ադրբեջանցիներն առաջ եկել ու հաստատվել, ի պատասխան պարոն Ղուլունցն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել. «Ես իմ մեջ իմանում եմ՝ ով է մեղավոր 101 տոկոսով, ով մեղավոր չէ, ում միջոցով են անում, ում ձեռքի գործն է, ես այդ փաստերին ներկա եմ եղել, բայց այդ փաստերը հանրայնացնելու իրավունք չունեմ: Պարոն Ղուլունցին գիտե՞ք՝ ինչ է պետք, մեր համայնքին, մեր ժողովրդին այս պահին պետք է, որ ադրբեջանցիները մեր հողերից հետ գնան, որ մեր գյուղացիները մեր հողերը մշակեն ու խաղաղություն լինի ու անվտանգությունն ապահովվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31