Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով ինչքանով է մոտ ճշմարտությանը, այս տեսանյութերից ես եզրակացնել չեմ կարող»․ Կարեն Վրթանեսյանը՝ ՀՀ տարածքում ադրբեջանական դրոշ տեղադրելու սադրանքի մասին

Հուլիս 09,2023 14:50

«Ինձ թվում է՝ երկու կողմն էլ քարոզչությամբ է զբաղվել»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով հունիսի 15-ին տեղի ունեցած սադրանքին։

Հիշեցնենք՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել էր Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի տեսանյութը: «Տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանական զինուժը ռուս խաղաղապահների ներկայությամբ փորձում է տեղադրել Ադրբեջանի դրոշը միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքում։ Հայաստանի սահմանապահների գործողություններից հետո փորձը ձախողվել է»,- գրել էր նա։

Այնուհետև ռուսական Рыбарь տելեգրամ ալիքը հրապարակել էր հունիսի 15-ին տեղի ունեցած սադրանքի վերաբերյալ նոր տեսանյութ՝ նշելով, որ դա ամբողջական տեսանյութն է։

Նույն տելեգրամյան ալիքի՝ «Ռուս խաղաղապահների գնդակոծություն․ ինչպե՞ս է դա տեղի ունեցել» խորագրով հրապարակման մեջ հունիսի 15-ի միջադեպին այսպիսի մեկնաբանություն է տրվում․ «Հիշո՞ւմ եք՝ հունիսի 15-ին միջադեպը Լեռնային Ղարաբաղում, երբ ադրբեջանցի սահմանապահները, սադրանքի դիմելով իրենց դրոշն են տեղադրում ռուս խաղաղապահների անցակետում, իսկ հայկական կողմը նրանց նկատմամբ կրակ է բացել։ Մեր ձեռքի տակ է հայտնվել այդ միջադեպի ամբողջական տեսանյութը։ Հստակ երևում են ռուս խաղաղապահների գործողությունները, նրանք գործել են իրենց լիազորությունների սահմանում և խոչընդոտել են Ադրբեջանի սադրանքին։ Հայ սահմանապահները ոչ մի կերպ չեն արձագանքել ադրբեջանցի սահմանապահների գործողություններին, միայն կրակ են բացել դեպքի վայրում. այդ ժամանակ կրակի գոտում են գտնվել ռուս զինվորականները։ Հերթական անգամ ՀՀ զինված ուժերը գնդակոծել է ՌԴ զինված ուժերին։ Գործնականում միջադեպից հետո, ինչը երևում է տեսանյութում, ռուս զինծառայողները հանել են ադրբեջանական դրոշը և հետագա սադրանքները կանխելու համար արգելափակել ճանապարհը։ Չնայած խաղաղապահների շարքերը ճեղքելու՝ ադրբեջանցի սահմանապահների փորձերին, ռուսական կործանիչները կանխել են նրանց։ Իսկ հետո հայերի ու ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիները կրկին բարձրացրել են դրոշը, որը հետագայում խոցվել է հայ դիպուկահարի կողմից։ Ադրբեջանական կողմի գործողություններն ակնհայտ են (սադրանք), բայց ինչպե՞ս եղավ, որ հայերը խաղացին իրենց երդվյալ թշնամիների հետ ձեռք ձեռքի տված։ Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ զինված ուժերը ներկայացվում են՝ որպես ծայրահեղական, իսկ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից նման միջադեպերով դուրս է մղվում Անդրկովկասից՝ համատեղ գործելով։ Ինչի՞ համար։ Հարցը բավականին հռետորական է. կանցնի ժամանակ, և ադրբեջանցի ու հայ զինծառայողները միասնաբար ՌԴ ԶՈւ-ին կտանեն մահացու սադրանքի»։

Ըստ Կարեն Վրթանեսյանի՝ և′ հայկական կողմն է տեսանյութը կտորներով տարածել, և′ ռուսական տելեգրամյան ալիքի տեսանյութը ամբողջական չէ․ «Նույնիսկ, եթե ամբողջական լիներ, ընդհանրապես հասկանալի չէ՝ այնտեղ ինչ էին խոսում, ով ում  էր խանգարում։ Իրենք ասում են՝ այսինչը, այս պահին չեն թողնում, խոսում էին։ Բայց ո՞վ է ում հետ խոսում, դա շատ հեռվից է, տեսանյութով չի երևում։ Այնպես որ, ես հակված չեմ ինչ-որ եզրակացություն անել իրականության մասին, թե ինչ է եղել այդ տեսանյութերով։ Երկուսն էլ, ըստ էության, ինչ-որ կտորներ են, ենթադրում եմ ամեն կողմն իր գերադասելի վարկածն է առաջ տանում։ Ես չեմ կարծում, որ կարող եմ եզրակացություն անել,  թե իրականում ինչ է եղել, որը որից հետո է եղել։ Հայկական կողմը կրակել է ադրբեջանցի սահմանապահների վրա։ Դա փաստ է, որը ոչ մեկ չի հերքում, մնացածն՝ ամեն ինչ՝ ով ոնց մեկնաբանում է, ես չեմ կարող ասել»։

Ըստ ռազմական փորձագետի՝ հայկական և ռուսական կողմերը տեսանյութերի կտորներն օգտագործել են քարոզչական նպատակներով․ «Տեսանյութի սկզբնական տարբերակն օգտագործվեց հայկական մեդիադաշտում՝ հակառուսական, հակախաղաղապահների հերթական ալիքը բարձրացնելու համար, մյուս կողմից էլ այնպես չէ, որ ռուսական կողմում քարոզչության մասնագետներ չկան։ Իրենք էլ այնտեղից սկսեցին քարոզչություն վարել։ Ով ինչքանով է մոտ ճշմարտությանը, այս տեսանյութերից ես եզրակացնել չեմ կարող»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31