Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա իրավական պետության հետ ուղղակիորեն որեւէ առնչություն չունեցող գործընթաց է»․ «Առերեսում»

Հուլիս 08,2023 22:00

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի պարտվելու պատճառ դարձած վեց դատավոր անցած մեկ տարում հեռացվել է աշխատանքից։ Ընդ որում, 6-ից 3-ի լիազորությունները դադարեցվել են հուլիսի 3-ին։ Նրանք վճիռներ էին կայացրել երկու ընկերությունների միջև տնտեսական վեճին առնչվող գործով եւ Հայաստանը ստիպված է եղել գերմանական մի ընկերության վճարել 3600 եվրո։ «Սա բացառիկ բացասական գործընթաց եմ դիտարկում,– ասաց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանը։– Առաջին հայացքից թվում է, թե լավ բան է՝ դատավորները վատ որոշում են կայացրել ու դրա համար պետք է պատժվեն։ Իրականում մի քանի հանգամանքների վրա կցանկանամ ուշադրություն հրավիրել։ ՄԻԵԴ որոշումը չի նշանակում, թե դատավորն ունի մեղավորություն։ Կարող է՝ դատավորն ունենա մեղավորություն, կարող է՝ օրենսդրությունն ունենալ, լինել խնդրահարույց, կարող է, վերջիվերջո, կառավարության ներկայացուցիչը, որը ՄԻԵԴ–ում ներկայացնում է Հայաստանը՝ լավ չպաշտպանել, չներկայացնել բոլոր փաստարկները»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»։

Սահմանադրագետ, միջազգայնագետ Վարդան Պողոսյանը նկատում է․ «ՄԻԵԴ–ում պարտվելն ինչ որ արտառոց երեւույթ չէ։ Իրականում սովորական երեւույթ է, եւ դա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանի հետ կապված, այլ ամենազարգացած իրավական համակարգեր ունեցող երկրներում»։

Առանձին անդրադարձ եղավ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցմանը, որը դատավորների ընդհանուր ժողովից հետո հրապարակավ քննադատել էր Բարձրագույն դատական խորհրդին․ «Քսանից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակներով, ըստ ինձ, անօրինական կերպով դադարեցվել են»։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարծում է, որ նա այսպիսով վարկաբեկել է դատական իշխանությունը եւ, ըստ նրա՝ դատական օրենսգրքով սահմանված է, որ «դատավորն իրավունք չունի քննադատել այլ դատական ատյանի, այս դեպքում այդ դատական ատյանը Բարձրագույն դատական խորհուրդն էր»։

«Ես կարծում եմ, որ Դավիթ Հարությունյանի այդ արտահայտության մեջ որեւէ իրավախախտում չկա։ Կարծիքի արտահայտման ազատություն ունեն նաեւ դատավորները՝ եւ որպես դատավոր, եւ որպես ֆիզիկական անձինք։ Եվ դատական իշխանության որոշումների քննադատությունն ինքնին չի կարող դիտարկվել որպես դատական իշխանության հեղինակազրկում։ Այլ կլիներ, եթե Դավիթ Հարությունյանը տար այնպիսի որակումներ, որոնք անցնում են կարծիքների արտահայտման սովորական, ընդունված չափանիշներից (Դատական օրենսգրքի համաձայն՝ «Դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»․–խմբ): Եվ այդ ժամանակ միգուցե բարձրագույն դատական խորհուրդը կարող էր կարգապահական որեւէ տույժ կիրառել Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Բայց իրենք ընդամենը կարծիք արտահայտելու, քննադատական խոսք արտաբերելու համար ընտրել են ամենախիստ միջոցը՝ դադարեցրել են դատավորի լիազորությունները»,– ասաց Վարդան Պողոսյանը։

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» գրել է․ «Դավիթ Հարությունյանը Սերժ Սարգսյանի մտերիմներից է, ինչպես նաև անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ «Կրակեմ Հրաչի» որդին։ «Կրակեմ Հրաչ»-ի մասին մամուլը գրել է, որ նա սերտ առնչություն է ունեցել Մարտի 1-ի սպանդի կազմակերպման հետ: Դավիթ Հարությունյանը 29 տարեկանում դարձել է դատավոր, իսկ 33 տարեկանում՝ դատարանի նախագահ, ինչը բացառիկ երևույթ էր նման անփորձ ու երիտասարդ դատավորի համար (ենթադրաբար Սերժ Սարգսյանի մտերմության շնորհիվ): Դավիթ Հարությունյանը իր երիտասարդ տարիքում մեծ հարստության տեր է: Ընդ որում՝ նա ողջ աշխատանքային կարիերայի ընթացքում եղել է բացառապես պետական ծառայող: Դավիթ Հարությունյանը մինչև հեղափոխությունը բավարարել է մարդկանց կալանք տալու դատախազության միջնորդությունները 99 տոկոս դեպքերում, իսկ հեղափոխությունից հետո այլ մոտեցում է ցուցաբերել»։

Արամ Օրբելյանի արձագանքն էր․ «Այս պետության կառավարման հրեշային, ամենասարսափելի կետն է։ Անձին պատասխանատվության են ենթարկում ֆորմալ առումով նրա համար, որ կարծիք է արտահայտել դատական համակարգում տեղի ունեցողի վերաբերյալ։ Բայց բոլորի համար ակնհայտ է դառնում, որ դրդապատճառներն այլ են։ Սա իրավական պետության հետ ուղղակիորեն որեւէ առնչություն չունեցող գործընթաց է։ Սա իրավունքի ուղղակիորեն չարաշահման, պետության կողմից իրավունքի ոտնահարման ամենատիպիկ օրինակն է։ Այսինքն՝ ասում են հետեւյալը․ թքած ունենք օրենքի վրա, դուք մեր դուրը չեք գալիս x, y, z պատճառներով, բայց կարող է խնդիր ունենանք այդ x, y, z պատճառներով պատասխանատվության ենթարկելու, հետեւաբար քեզ կպատժենք մի ուրիշ բանի համար»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ժոռա Գրիգորյան says:

    Տիկին Աննա, լավ եք արել, որ հրավիրել եք երկու մասնագետի, ովքեր ոչ մի կապ չունեն նախկինում ապօրենի գույք ձեռք բերող մարդկանց հետ։ Երևի նրանք էլ պետք է ապացուցեն, որ կրակեմ հրաչի տղան ազնվագույն երիտասարդ է։ Շատ շնորհակալ եմ այս վսեմ հաղորդման համար։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31