Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող և «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն այսօր Ստեփանակերտից առցանց եղանակով մասնակցել է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի՝ «Սփյուռք-Արցախ-Հայաստան. համագործակցություն» քննարկմանը:
Խոսելով Արցախում իրավիճակի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումն օրեցօր ավելի է վատթարացնում իրավիճակը: Ոչ միայն դեղորայքի կամ սննդի խնդիր կա, այլ վառելիքի բացակայության պատճառով մարդիկ չեն կարողանում տեղաշարժվել, տարեցները չեն կարողանում գնալ՝ դեղորայք գնելու: «Բայց այս իրավիճակը պահանջում է ոչ թե վախենալ կամ իրականությունից փախչել, այլ գիտակցել, որ փրկության միակ տարբերակն ընդդիմանալն է ու գործ անելը»,- ընդգծել է նա:
Ռուբեն Վարդանյանը չափազանց կարևոր է համարել Արցախի աջակցության հարցում Հայկական աշխարհի ներգրավվածությունը: Նա ցավով է արձանագրել, որ Հայկական աշխարհը ոչ լիարժեք է ընկալում իրավիճակը, ոչ լիարժեք է փորձում օգնել Արցախին, իսկ Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցվող թեզերը, թե Արցախից ազատվելով Հայաստանը խաղաղություն կունենա, թե Ադրբեջանի կազմում Գլենդեյլի կամ Ջավախքի նման Արցախն էլ կարող է դառնալ Սփյուռք, ավելի են լրջացնում իրավիճակը: «Արցախը, գտնվելով նման ծանր վիճակում, չի զգում, որ Հայկական աշխարհը հասկանում է իր պարտականություններն ու պատասխանատվությունը, գիտակցում է Արցախի կարևորությունը ոչ միայն արցախցիների, այլ ամբողջ Հայկական աշխարհի համար: Ուզում եմ նորից հիշեցնել բոլորին, որ Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցը բացել է Ամարասում, և Արցախը ոչ միայն հազարավոր տարիների պատմություն ունի, այլ այն հազվագյուտ վայրերից է, որտեղ պահպանվել են հայկական ինքնության արմատները: Արցախը, Հայաստանը և Սփյուռքը փոխկապակցված են, և չի կարող մեկը պահպանվել առանց մյուսի»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:
Ըստ նրա՝ կարևոր է ձևավորել այն ընկալումը, որ պատերազմը չի վերջացել և շարունակվում է տարբեր ձևերով՝ սկսած տեղեկատվականից մինչև իրավական ու դիվանագիտական: «Ադրբեջանը հետևողականորեն անում է ամեն ինչ, որ այստեղ մարդիկ հիասթափվեն, հուսահատվեն, չհավատան, որ կարող են ապրել իրենց հայրենիքում: Փորձում է մարդկանց կոտրելով իր կամքը պարտադրել կամ ստիպել նրանց դուրս գալ Արցախից և դառնալ փախստական: Եթե մենք չկարողանանք հավաքել մեր մտքերը, չկարողանանք ուժեղացնել մեր ոգին, եթե չկարողանանք մեր կամքը ցույց տալ և հասկանալ, որ որքան էլ մենք փոքր լինենք, կարող ենք ուժ ներկայացնել և ցուցաբերել մեր հետևողականությունը, որ պատրաստ ենք պայքարել մինչև վերջ, պահպանել մեր հայրենիքը, և այդ պայքարը նշանակում է ոչ միայն զենքով պաշտպանել հայրենիքդ, այլ ամեն ուղղությամբ՝ կրթության, մշակույթի, առողջապահության մեջ լավագույնը դառնալով, մարդկանց սննդի, կենսագործունեության համար երկարաժամկետ լուծումներ ապահովելով, չենք կարող երկիր ունենալ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրել է, որ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման շրջանակում ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք 8 ոլորտներում աշխատանքներ են իրականացնում, և կոչ է արել միանալ դրանց ու իրենց ներդրումն ունենալ:
Ռուբեն Վարդանյանը խոսել է նաև «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից իրականացվող ծրագրերի մասին, որոնք ընդգրկում են նաև առողջապահության ու ենթակառուցվածքների ոլորտները. «Մենք հասկանում ենք, որ պայքարը կարող է երկարատև լինել։ Դրա համար փորձում ենք առողջապահության ոլորտում իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք ոչ միայն դեղորայքի ու բուժման ապահովմանն են ուղղված, այլ նաև ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի դրանք աշխատեն առանց խափանումների։ Այդպիսին է Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն արևային էլեկտրակայանով ապահովելու ծրագիրը, ինչը թույլ է տալու, որ բուժհաստատությունն այլընտրանքային էներգիայի աղբյուր ունենա՝ անկախ հոսանքազրկումից ու հովհարային անջատումներից»:
Նա կարևորել է համագումարի մասնակից բժիշկների ներգրավվածությունն ու աջակցությունը՝ նշելով, որ շրջափակումը թեև անհնար է դարձրել ֆիզիկապես գալն ու տեղում օգնություն ցուցաբերելը, բայց դա հնարավոր է անել առցանց՝ թե՛ կրթության, թե՛ խորհրդատվության, թե՛ փորձագիտության ոլորտներում։
Այս իրավիճակում Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարել անտարբեր չլինելը. «Վտանգավոր է, երբ չենք հավատում, որ այս իրավիճակում յուրաքանչյուրիցս ինչ-որ բան կախված է, չենք հավատում, որ ամեն մեկիս քայլերը շատ կարևոր են մարդկանց համար։
Իմ՝ Արցախ գալու մեջ ոչ մի հերոսություն չկա, դա նորմալ է։ Խնդիրն էլ հենց այն է, որ մենք նորմալ երևույթներից զարմանում ենք։ Եթե քո մեջ չկա զգացողություն, որ քո հայրենիքը վտանգի մեջ է, և դու պարտավոր ես անել այն, ինչ, որպես զինվոր կարող ես հայրենիքիդ համար անել, ուրեմն դա լուրջ հիվանդության նշան է: Դուք՝ որպես տարբեր երկրներից եկած հաջողված բժիշկներ, պետք է հասկանաք մի բան՝ մենք Հայրենական պատերազմի մեջ գտնվող ազգ ու պետություն ենք, որտեղ կան նաև մարդիկ, որոնք փորձում են մեզ ոչնչացնել ներսից՝ թիրախավորելով մեր արժեքներն ու սկզբունքները։ Մենք մեր անցած ճանապարհ հետ կապված հիասթափություն և հուսահատություն ունենք, բայց մենք երբեք չպետք է հանձնվենք։ Մենք դրա իրավունքը չունենք, որովհետև պարտավորություն ունենք անցած սերունդների և այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց կյանքը զոհել են մեր հայրենիքի համար, մենք պարտավորված ենք այն երեսուն հազար երեխաների համար, որոնք մեծանում են այստեղ։ Մենք պետք է վստահ լինենք, որ նրանց ապագան կլինի այստեղ՝ երջանիկ, հաջողված, ազատ ու հայկական Արցախում»։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ