Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ախուրյանում համայնքապետի թիմակիցներից մեկը վայր է դրել մանդատը

Հուլիս 08,2023 17:08

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի «Ախուրյան» դաշինքի ավագանու անդամներից մեկը՝ Աշոտ Մաթևոսյանը, երեկ դիմում է ներկայացրել համայնքապետ Արծրուն Իգիթյանին՝ խնդրելով վաղաժամկետ դադարեցնել ավագանու անդամի իր լիազորությունները։ Նա իր քայլը պատճառաբանել է աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։ Աշոտ Մաթևոսյանի փոխարեն, ամենայն հավանականությամբ, մանդատ կստանա Էդգար Խաչատրյանը, որը ըմբշամարտի մարզիչ է։

Ինչպես տեղեկացրել ենք, Ախուրյանում խառը իրավիճակ է․ այստեղ տեղական իշխանության գլուխ կանգնած են դաշնակցականները, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պայքար է մղում իշխանափոխության, նրանք համայնքապետի պաշտոնում առաջադրել են իրենց թեկնածուին՝ Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն Զավեն Մանուկյանին։

Հիշեցնենք, որ դաշնակցական համայնքապետ Արծրուն Իգիթյանն ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ էր ընտրվել համայնքապետ․ նա 14 ձայն էր ստացել, ՔՊ-ն՝ 13։ Ախուրյանում իշխանությունը ձևավորվել էր «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքների միավորմամբ։

Սակայն վերջերս ավագանու  իշխանական թիմից երեք անդամներ դիմում էին ներկայացրել  դաշինքներից դուրս գալու ու ավագանու անկախ անդամ մնալու:

Ինչպես իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ՔՊ-ական թեկնածուին սատարելու նախաձեռնությանը միացել է Ախուրյան համայնքի ավագանու անկախ անդամ Արիստակես Չալոյանը, ինչը, ըստ պատգամավորի, նշանակում է, որ ՔՊ-ն փաստացի ունենում է Ախուրյան համայնքի ավագանու 27 անդամների մեծամասնության`14-ի աջակցությունը։

Թե ինչպես Ախուրյանում կզարգանան դեպքերը, ամենայն հավանականությամբ պարզ կդառնա առաջիկայում, սակայն այժմ իրավիճակը գնալով լարվում է։

Բանը հասել է նրան, որ 4 օր առաջ տեղի ունեցած ավագանու արտահերթ նիստում ավագանու ՔՊ-ական անդամներից մեկը՝ Կարեն Ներսիսյանը, մեղադրում էր տեղի իշխանավորներին իր ձևակերպմամբ՝ ավագանու անդամներին դանակի սպառնալիքով ավագանու նիստերի բերելու, կաշառքով աշխատանքի ընդունելու մեջ։  Նա հայտարարում էր, թե «Մարդիկ կան, որոնք գիտեն ինչի դիմաց են գործի ընդունել, ում բերած ոսկեղենը ում կնգա վիզն է գցած»։

Համայնքապետ Արծրուն Իգիթյաննն էլ իր հերթին արդարանում էր, թե իր կառավարման 25 տարիների ընթացքում ոչ կաշառքով, որ նվերով ոչ մեկին  աշխատանքի չի ընդունել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31