Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգված են հայ ռազմագերիների հիմնարար իրավունքները․ ՀՀ ՄԻՊ հայտարարությունը ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված հայ զինծառայողների դատապարտման վերաբերյալ

Հուլիս 08,2023 16:49

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողների դատապարտման վերաբերյալ

Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողներին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ ենթադրաբար խախտելու համար և դատապարտել 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Համաձայն ծնողներից և հարազատներից ստացված տեղեկատվության՝ Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Կարեն Աշոտի Ղազարյանը (ժամկետային զինծառայող) և Հարություն Յուրիկի Հովակիմյանը (պայմանագրային զինծառայող) 2023 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից գերեվարվել են ադրբեջանական զինուժի կողմից։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու հայ զինծառայողները սնունդ և ջուր են տանելիս եղել ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքեր, և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել են Հայաստանի Հանրապետության Ճակատեն և Շիկահող գյուղերի միջդիրքային ճանապարհից։

Այս առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գրանցված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանությունների գործողությունները` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հայ զինծառայողներին գերեվարելը, այնուհետև կեղծ մեղադրանքներ առաջադրելը և անարդար դատաքննության ենթարկելը՝ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։

Այս գործողությունները հակասում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևյան երրորդ կոնվենցիայի պահանջներին:
Զինծառայողները գերեվարվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից չընդհատվող զինված հակամարտության ընթացքում։ Միջազգային մարդասիրական իրավունքը գործում է այսպիսի իրավիճակներում՝ անկախ ընդհարման պատճառներից կամ ինտենսիվության մակարդակից։

Ավելին, Ադրբեջանի իշխանությունների կողմից քարոզվող հայատյացության քաղաքականությունը ևս մեկ ապացույց է քրեական դատավարության անօրինականության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ այս պայմաններում վտանգված են հայ ռազմագերիների հիմնարար իրավունքները։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները գտնվում են խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո, ինչի մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրած տեղեկությունները։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում և ամփոփում է վերոնշյալ տեղեկատվությունը և ներկայացնելու է միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու մարմիններին։

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31