Ջո Բայդենի նախաձեռնած Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիայի առցանց հանդիպմանը բացման խոսք է ասել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բարձր մակարդակի առցանց հանդիպմանը Հայաստանի անունից ելույթ է ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Մեծարգո՛ մասնակիցներ, Ձերդ Գերազանցություննե՛ր, հարգելի՛գործընկերներ,
ՀՀ Կառավարության և Ներքին գործերի նախարարության անունից շնորհակալություն եմ հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին Սինթետիկ թմրամիջոցների Սպառնալիքներին ուղղված Գլոբալ Կոալիցիայի հիմնադրման և մեկնարկի համար։ Սա կարևորագույն հարթակ է սինթետիկ թմրամիջոցների տարածման և բացասական ազդեցության դեմ պայքարում մեր ջանքերը միավորելու համար։
Կարդացեք նաև
Հայաստանը միջազգային հանրության կողքին է սինթետիկ թմրամիջոցների ապօրինի արտադրության և շրջանառության կանխարգելման, ինչպես նաև նոր առաջացող միտումների բացահայտման ուղղությամբ՝ բոլոր հնարավոր միջոցների գործադրմամբ։ Մեր երկիրն առերեսվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման հետ կապված մարտահրավերների հետ և չնայած Ներքին գործերի նախարարության Ոստիկանության հատուկ ստորաբաժանումների իրականացրած լայնածավալ գործողություններին, թմրամիջոցների շրջանառության ծավալները դեռևս զգալի են։
Համացանցը կտրուկ փոխել է թմրամիջոցների շրջանառության լանդշաֆտը, տրամադրելով ապօրինի գործողությունների նոր ուղիներ՝ առցանց շուկաների, կրիպտոարժույթների, սոցիալական մեդիա հարթակների, ապակենտրոնացված հաղորդակցման ցանցերի և այլ եղանակներով։ Այնուամենայնիվ, թեև համացանցը դյուրինացրել է թմրամիջոցների շրջանառումը, այն նաև հնարավորություն է ընձեռել իրավապահ մարմիններին մշտադիտարկել, ուսումնասիրել և կասեցնել ապօրինի գործունեությունը։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն ներգրավված է թմրամիջոցների առցանց շրջանառության դեմ պայքարում՝ ուժեղացված տեխնոլոգիական կարողությունների, հետախուզական տեղեկատվության փոխանակման և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով: Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանում: Այս նախաձեռնությունը հանգեցրել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտվող դեպքերի թվի զգալի աճի։
Ցանկանում եմ նշել նաև, որ ընթացիկ տարին ՀՀ Ներքին գործերի նախարարությունում հայտարարված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի:
Եզրափակելով, կցանկանայի ընդգծել, որ Գլոբալ Կոալիցիան կնպաստի երկրների միջև համագործակցությանը՝ հեշտացնելով հետախուզական տվյալների, փորձառության և լավագույն փորձի փոխանակումը սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքների դեմ պայքարում: Այն կարող է ամրապնդել անդրսահմանային համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են իրավապահ մարմինները, տեղեկատվության փոխանակումը և քաղաքականության համակարգումը: Համապարփակ մոտեցման դեպքում այն կարող է կենտրոնանալ կանխարգելման, վաղ ազդարարման համակարգերի, իրավապահ մարմինների, ապաքինման ծրագրերի և հանրային իրազեկման արշավների վրա: Կարողությունների զարգացումը, գիտելիքների փոխանակումը և ուսումնասիրությունները կարող են օգնել բացահայտելու նոր առաջացող միտումները, նոր նյութերը և զարգացող արտադրության և ապօրինի շրջանառության եղանակները: Այս բոլոր գործողությունները կնպաստեն հանրային առողջության մոտեցումների և վնասների նվազեցման ռազմավարությունների առաջնահերթության սահմանմանը, ապացույցների վրա հիմնված բուժման և վերականգնման ծառայությունների հասանելիության ապահովմանը, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործման բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար վնասի նվազեցման միջոցառումների իրականացմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս չափազանց կարևոր Կոալիցիայի ստեղծման կապակցությամբ: Հայաստանը լիովին հավատարիմ է ծրագրին մասնակցություն ունենալու գաղափարին և ակտիվորեն ներգրավվում է նրա բոլոր միջոցառումներին։
ՀՀ ՆԳՆ