Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ասում է մի մարդ, որի աչքի առաջ է եւ մասնակցությամբ է այս ամենը տեղի ունենում»․ «Առերեսում»

Հուլիս 08,2023 15:55

«Օրենքն ունի բազմաթիվ թերություններ՝ իր համաչափության տեսանկյունից, նույնիսկ նպատակի հետապնդման բաղադրատարրի տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ այն հակասահմանադրական օրենք է,– «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում սահմանադրագետ, միջազգայնագետ Վարդան Պողոսյանն այսպես գնահատեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, որով ներդրվել է առանց մեղադրական դատավճռի՝ գույքի բռնագանձման կառուցակարգ, որը միջազգային պրակտիկայում առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարի բացառիկ միջոց է։– Այն բացառիկ միջոց չէ ու նախատեսված չէ միայն մի քանի՝ շատ մեծ վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարի համար, իսկ դրանք եվրոպական ու համաշխարհային ստանդարտներով շատ պարզ հանցատեսակներ են՝ թրաֆիքինգ, թմրամիջոցներ, կաշառակերություն, կոռուպցիա հանրային ոլորտում, փողերի լվացում։ Հիմա նայում ենք, թե Հայաստանում ինչքան լայն հանցատեսակներ է պարունակում օրենքը, երբ հնարավոր է նախաձեռնել այդ վարույթը։ Դրանք որեւէ կապ չունեն առանց մեղադրական դատավճռի ապօրինի գույքի բռնագանձման նպատակի հետ»։

Հաղորդման ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց դատախազությանը նման գործառույթ եւ լիազորություններ տրամադրելու սահմանադրականությանը, նաեւ օրենքի մի շարք այլ վիճահարույց դրույթների։

Սակայն այս ամենով հանդերձ՝ հիշեցրինք ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ իր ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումը․ «Դատաիրավական համակարգում ունենք էական առաջընթաց, որն արտահայտվում է հետևյալով. այսօր որևէ անմեղ մարդ չի կարող մեղադրական վճռի արժանանալ, անհարկի ձերբակալվել կամ կալանավորվել: Այսօր որևէ մեկն իրեն չի կարող համարել օրենքից վեր: Բոլոր մարդիկ իրապես հավասար են օրենքի առջև»:

Հաղորդման մյուս հյուրը՝ միջազգային իրավունքի մասնագետ, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանն այս առնչությամբ ասաց․ «Հայաստանի պատմության ընթացքում դատական գործընթացներին միջամտության ապացուցված միակ դեպքը իր մեղավորությամբ է»։ Հիշեցնենք, որ 2018-ին տարածվեցին գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնցում Հայաստանի վարչապետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում էին Մարտի 1-ի գործով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Արամ Օրբելյանը որպես ապացուցված դեպք հիշեցրեց նաեւ այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեռեւս վարչապետի օգնականի կարգավիճակում միջամտությունը գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելը գործերի նյութերի մեջ։ Իսկ այն հակափաստարկի առնչությամբ էլ, թե Աննա Վարդապետյանն ուղղակի «մասնագիտական խորհրդատվություն» էր իրականացրել՝ պրն Օրբելյանն ասաց՝ կարո՞ղ է գլխավոր դատախազից ճշտել, թե դատավորներից ում է «մասնագիտական խորհրդատվություն» ներկայացնում, դատախազի եւ քննիչի փաստաթղթերը փոխում իր համակարգչով։

«Դա ասում է մի մարդ, որի աչքի առաջ է այս ամենը տեղի ունենում, որի մասնակցությամբ, եւ սրանք ապացուցված դեպքեր են։ Էլ չեմ ասում՝ դատարանում եւ ՔԿՀ–ներում մահերը, Արմեն Աշոտյանի կալանավորումը, խոշտանգումները ոստիկանության բաժիններում, փաստաբանների նկատմամբ բռնության երկու դեպքը վերջին մի քանի ամսվա ընթացքում…»,– այս ամենի համատեքստում վարչապետի ուղերձում հիշատակված պնդումները Արամ Օրբելյանը համարում է առնվազն ձեռառնոցի։

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31